Շառլ Ազնավուրը պարում է. տեսանյութ

«Ինչե՜ր չէի ուզում դառնալ։
Ուզում էի գաղութարարի սաղավարտ հագնել ու գնալ կռվել աֆրիկյան բանակում։ Ուզեցի հրուշակագործ դառնալ, երբ մեր հարևան հունգարացի Ջուազը կրեմ պատրաստել սովորեցրեց ինձ։ Ուզում էի անիվավոր չմշկավազքի չեմպիոն դառնալ, բայց երբ իմ շանը սովորեցրի պարզել թաթն ու գդալից կաթ խմել, միտքս փոխեցի, որոշեցի  գազան վարժեցնող դառնալ։
Այդպես էլ հայրս գաղութարարի սաղավարտ չգնեց ինձ համար, և ռազմատենչությունս էլ աստիճանաբար չքացավ։ Ո՛չ հրուշակագործ դարձա, ո՛չ չմշկավազքի չեմպիոն, ո՛չ էլ գազան վարժեցնող։ Բայց արտիստ դարձա։


Հայրս բարեսիրտ մարդ էր։ Ուրախ բնավորություն ուներ․ պաշտում էր երաժշտությունը, խելագարվում էր տանգոյի համար ու անթիվ գիշերներ էր անցկացնում գինետներում ու խաղատներում։
Իշխանավայել թեյափողերը, հրավերքները, այցելությունները մեծ ժողովրդականություն էին բերում նրան։ Ու երբ ինչ-որ մի երգ շատ էր հավանում, փող էր տալիս, նորից պատվիրում։ Ի վերջո, մեծ գումար տալով՝ գնում էր այդ երգի նոտաներն ու տուն բերում։
Հայրս իր ամեն ինչը կիսում էր մեզ հետ՝ շատախոսությունները, սնունդը, վշտերը և ուրախությունները։ Երբ գիշերներն ուշ էր վերադառնում, բոլորիս զարթնեցնում էր, Աիդային նստեցնում դաշնամուրի մոտ, և ընտանյոք ձայններս գլուխներս գցած՝ երգում էինք նրա սիրած երգերը։ Հետո մայրս էր նստում դաշնամուրի մոտ, նվագում-երգում էր։ Իհարկե, մեր հաճախակի «աղմուկ-աղաղակները» հարևաններին դուր չէին գալիս, բայց մենք հո չէինք կարող բոլորին դուր գալ։
Ահա թե ինչու Աիդան ու ես շատ երգեր գիտեինք, որոնք կատարում էինք հայկական հավաքույթներում։ Աիդան երգում էր, ես պարում էի, իսկ հայրս հայ բանաստեղծ Սայաթ-Նովայի երգերն էր երգում ու լացացնում հայ գաղթականներով լի դահլիճը։
Աիդան ու ես մեր ելույթների համար փող չէինք ստանում, պարզապես պրակտիկա էինք անցկացնում ծանրակշիռ մի հասարակության առաջ, որը մեզ տաղանդավոր էր համարում, քանի որ հանդիսատեսը, ինչպես և մենք, հայ էր։

Եվ այսպես՝ հավաքույթից հավաքույթ, տոնից տոն (իսկ դրանք շատ էին) աստիճանաբար սկսեցի ավելի համարձակ դառնալ, այն աստիճան, որ մի օր խիզախություն ունեցա նամակ գրել «Փոքրիկների թատրոնի» տնօրենին՝ խնդրելով լսել ինձ։ Հրավերը չուշացավ։ Մորս ընկերակցությամբ գնացի։ Ահա այդ օրն էր, որ առաջին անգամ հանդիպեցի «հրաշք երեխաների» ծնողներին, ովքեր հիմարության ու սնապարծության մի զզվելի խառնուրդ են։ Անտանելի են հատկապես այդ երեխաների մայրերը, ովքեր իրենց երեխաների միջոցով ուզում են փայլել այն ասպարեզում, որի մասին թաքուն երազել են։
Այնտեղ կային կինոաստղերի նման զուգված-զարդարված աղջնակներ, տղաներ՝ հագնված հանրաճանաչ երգիչների կամ պարողների նման։ Ոմանք աչքի տակով իրար էին զննում, աքլորանում ու ծամածռություններ անում։ Ուրիշները կռվում կամ լաց էին լինում։ Այս անտանելի աղմուկի մեջ մայրերը գովերգում էին իրենց «հրաշք երեխաների» տաղանդն ու արժանիքները։
Իսկ խեղճ մայրս, այս աղմուկի մեջ կորած, վախեցած կանգնած էր մի անկյունում ու լուռ, բայց սիրով ինձ էր նայում։ Ես տարբերվում էի մյուս երեխաներից։ Ես կիրակնօրյա զգեստներ չէի հագել, որովհետև չունեի։ Բացի այդ՝ Ազնավուրյանների համար կիրակի օրը սովորական մի օր էր՝ մյուս բոլոր օրերի նման։ Շաբաթվա բոլոր օրերին նրանք աշխատում էին ծայրը ծայրին հասցնելու համար»։

«Ազնավուրը Ազնավուրի մասին». էջեր մանկությունից

Ներկայացվող տեսանյութում Շարլը պարում է:

Տարածել`
Share

You may also like...

Արխիվ

September 2022
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930