Շառլ Ազնավուրը պարգևատրվել է մեդալով

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաներին ֆաշիստների հետապնդումից փրկելու համար Իսրայելում պարգևատրվել է Ռաուլ Վալենբերգի անվան մեդալով:

Tert.am-ի փոխանցմամբ  93-ամյա  հայազգի շանսոնյեին մեդալը հանձնելու հանդիսավոր արարողությունն անցկացվել է Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում:

«Պարգևը շնորհվել է Հոլոքոստի տարիներին Ազնավուրի ու նրա ընտանիքի մարդասիրական գործունեության, նացիստների կողմից հետապնդվող մի շարք անձանց թաքցնելու համար: Փրկարարական աշխատանքներում ակտիվ ներգրավվածություն են ունեցել Շառլն ու նրա քույրը՝ Աիդան»,-ասվում է այս կապակցությամբ տարածված հայտարարությունում:

«Իմ սիրելի՛ ընկեր, Ձեր ընտանիքը քաջության հիանալի օրինակ է: Հրեա ժողովուրդը երբեք չի մոռանա դա ու առհավետ երախտապարտ կլինի Ձեզ ու Ձեր ընտանիքին»,-ասել է Իսրայելի նախագահը:

Մինչդեռ Ազնավուրն ի պատասխան խոստովանել է, որ շատ է սիրում Երուսաղեմը, ինչպես նաև խոսել է իր հայկական արմատներից:

«Մենք՝ հայերս ու հրեաները, այնքան ընդհանուր բաներ ունենք՝ ցավի և ուրախության, աշխատանքի, երաժշտության, արվեստի, լեզուների, մեզ ընդունած երկրներում կարևոր մարդ դառնալու հարցերում»,-ասել է շանսոնյեն:

Հայտնի է, որ Ռաուլ Վալենբերգի անվան մեդալը կրում է Հունգարիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին հազարավոր հրեաների փրկած շվեդ դիվանագետի անունը: Վալենբերգը մահացել է պատերազմի ավարտից հետո՝ խորհրդային բանտում:

 

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...