Շառլ Ազնավուրը եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սատարում են գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներին

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը արձագանքել է գյումրեցի անօթեւան ընտանիքներին օգնելու եւ նրանց համար բնակարաններ գնելու՝ SOS հաղորդաշարի ռեժիսոր Հայկ Բարսեղյանի դրամահավաքի նախաձեռնությանը:

Շառլ Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարկվել է 13 անօթեւան ընտանիքների մասին պատմող Հայկ Բարսեղյանի տեսանյութը՝ Գյումրու աղետալի երկրաշարժի մասին պատմող նկարագրությամբ:

«Սարսափելի երկրաշարժը 25.000 մարդու կյանք է խլել, հազարավոր ընտանիքներ մնացել են անօթեւան եւ ապրում են առանց հույսի: Սա մի ծրագիր է, որը նպատակ ունի օգնել վտանգավոր պայմաններում ապրող գյումրեցի անօթեւաններին»,-նշվում է հրապարակման նկարագրության մեջ:

NEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ Շառլ Ազնավուրը դրամական աջակցություն չի ցուցաբերել գյումրեցի անօթեւաններին, աջակցությունը եղել է դրամահավաքի մասին պատմող հրապարակման վերահրապարակումը:

Նրա խոսքով՝ դրամահավաքի նախաձեռնողները կապ են հաստատել նաեւ Մադրիդի «Ռեալի» հետ: Նախնական համաձայնությամբ՝ թիմի առաջատարները  ուղարկելու են իրենց մարզաշապիկները ստորագրություններով եւ գրությամբ` ի աջակցություն Գյումրու անօթեւանների: Մարզաշապիկը վաճառքի է հանվելու մարտի 19-ին կայանալիք բարեգործական աճուրդում։

Նշենք, որ աճուրդի համար ունենք «Բարսելոնա»-ի դրոշը՝ Լիոնել Մեսսիի, Չավիի, Ինյեստայի, Տիերի Անրիի ու թիմի 10 աստղերի ստորագրությամբ:

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը եւս միացել է Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու նպատակով մեկնարկած դրամահավաքին:

Գյումրեցի հռչակավոր ջազ դաշնակահար Տիգրան Համասյանը անօթեւաններին աջակցելու նպատակով Գյումրիի տնակային ավաններից մեկում փետրվարի 28-ին բարեգործական համերգ ունեցավ::

Նշենք, որ նախագծի նախաձեռնողը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է, որը Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաք է կազմակերպել բրիտանական Crowdfunder կայքում:

Գյումրեցի 13 անօթեւան ընտանիքի համար կազմակերպված դրամահավաքն ավարտվում է մարտի 20-ին, եւ եթե մինչ այդ չհավաքվի սահմանված գումարը, ապա մինչ այս կայքին նվիրաբերված գումարները օգտատերերին հետ կվերադարձվեն. կայքի պայմաններն են այդպիսին: «Նվիրատվությունների 80 տոկոսը դրսից է: Արդեն մեկ ընտանիքի բնակարանի գումար հավաքվել է: Գյումրիում մեկ սենյականոց բնակարանն արժե մոտ 10 հազար դոլար»,-նշել է Հայկ Բարսեղյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Շառլ Ազնավուրը եւ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստները սատարում են գյումրեցի 13 անօթեւան ընտանիքներին”

Leave a Reply

Your email address will not be published.