Շամխորեցոց եկեղեցին վտանգված է

Թբիլիսիի Հավլաբար թաղամասի, Իսանի 18 հասցեում գտնվող, Շամխորեցոց Սուրբ Աստվածածին խոնարհված եկեղեցու հարակից տարածքում բնակելի շենք է կառուցվում: Այս մասին հայտնում է aliq.ge– լրատվականը: Տեղեկության մեջ նշվում է, որ կառուցվող եռահարկ շինությունը երկաթբետոնե շենք է: Հողակտորը 560 քառակուսի մետր է, իսկ կառուցվող շինության մակերեսը` 287.7:

Նախագծում եկեղեցին նշված չէ:

Նշենք, որ եկեղեցին 19-րդ դարում կառուցել են Շամխորից գաղթած հայերը: Եկեղեցու գմբեթը փլուզվել է 1989 թվականի երկրաշարժից:

«Շամխորեցոց եկեղեցին բացառիկ պատմական հուշարձան է, որը պատկանել է Շամխորից գաղթած թեմին և ժամանակին ամենամեծ եկեղեցին է եղել Թբիլիսիում: Չնայած նրան, որ այսօր այն փլուզված է, նրա կարևորությունը չի նվազում: Ելնելով այս ամենից` հուշարձանն ունի իր պաշտպանության գոտիները, որոնք խախտվում են այս շինարարությամբ: Կարևորը այն է, որ ծրագրի հեղինակները փաստորեն խաբեության են մատնում հանրությանը, քանի որ որևէ տեղ եկեղեցին չի նշվում: Մարդիկ կարծում են, թե այդ տունը կառուցվում է բաց դաշտում: Այս թաղամասը այնքան կարևոր է, որ ճարտարապետության խորհրդի անդամները պետք է հասկանային, որ եռահարկ շինությունը, գումարած տանիքը, խախտում է հուշարձանի ֆիզիկական և տեսողական պաշտպանության տարածքը»,- հայտարարել է  մշակութաբան Ցիրա Էլիսաշվիլին:

Թբիլիսիի ճարտարապետության ծառայությունից տեղեկացրել են, որ շինարարության նախագիծն ուղարկել են Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարություն, որտեղից դրական պատասխան են ստացել:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed