Շամախի. քաղաքի պատմության հետքերով

Շամախի քաղաքը հայտնի է եղել իր բարձրորակ գորգերով, բարդ ու պարզ եղանակներով գործվող կարպետներով և մետաքսագործությամբ: Շամախի քաղաքին և նրա բնակչության կազմին անդրադարձել է Մակար եպիսկոպոս Բարխուդարյանցը իր «Աղվանց երկիր ու Դրացիք» ստեղծագործությունում: Այդ գրքում Բարխուդարյանցը նշում է, որ Շամախի քաղաքի բնակչության մեծ մասը գաղթել են Արցախի գավառներից: Բնակչությունը զբաղվել է վաճառականությամբ և տարբեր արհեստներով: Զարգացած է եղել հատկապես մետաքսագործությունը: Շամախի գյուղերի մեծ մասը եղել են հայաբնակ, որտեղ բնակչության հիմնական զբաղմունքը գորգագործությունն էր:

Լևոն Խաչիկյանը, խոսելով Շամախիի մասին մեջբերում է 15-րդ դարի Վենետիկցի ճանապարհորդներ Ջոսավատ Բարբարոյին (1413-1494) և Ամբրոջո Կոնտարինիին (1429-1499), որոնք լինելով Շամախիում գրում են, որ այստեղ կա 4-5 հազար տուն և բնակիչները հիմնականում հայեր են, որոնք տեղում արտադրում են «թալման »կամ «դեհլեմի» կոչված մետաքսյա կտորներ, կտավներ: Ուշագրավ են Գ. Պողոսյանի գրքում զետեղված 16-րդ դարի 60-ական թվականներին Անգլիացի հեղինակ Էդուարդսի նյութերը Շամախիի մասին, որտեղ խոսվում է, թե ինչպես Շամախիի և շրջակա հայկական գյուղերի բնակիչները մետաքսի առևտուր են անում Հալեպում վենետիկցիների հետ.«մեկ հայկական գյուղը,-գրում է Էդուարդսը,-ամեն տարի 400, 500 ջորի բարձած մետաքս է տանում Հալեպ, իսկ այնտեղից բերում են վենետիկյան մահուդ»։ Իսկ ռուս վաճառական Ֆ. Կոտովը նշում է, որ 1623-1624 թթ. Շամախին ուներ մի քանի քարավանատուն, որոնցից մեկը, որտեղ կանգ էին առնում ռուս վաճառականներ կոչվում էր «Արմյանսկոյե»:

Շամախին հին ու բարեշեն քաղաք է, ունի 1300 շեն գյուղեր: 19-րդ դարում Շամախին դադարում է միջազգային կարևոր կենտրոն լինելուց: Սակայն հայ բնակիչները շարունակում էին զբաղվել արհեստներով և առևտրով:

Գորգագործություն

Մինչև 20-րդ դարի սկիզբը Շամախիում գործված հայկական գորգերն ու կարպետները, որոնք հայտնի են Շիրվան անվանումով, աչքի են ընկնում յուրահատուկ նրբությամբ և թեթևությամբ: Քաղաքում կային հատուկ ներկատներ, որտեղ կարմիր գույնը ստանում էին որդան կարմիրով: Մ. Իսաևը նշում է, որ դա պայմանավորված էր Շամախիում բարձրորակ գորգերի համար գառան բրդի օգտագործմամբ: Օգտագործում էին գառան այն բրդերը, որոնց երկարությունը թույլ էր տալիս թել մանել ոչ միայն խավի, այլև հենքի և միջնաթելի համար: Գառան բուրդը չափազանց փափուկ է և փայլուն: Ա. Փիլարովը 1913 թվականին գրում է, որ Շամախիի գավառում արտադրվում էին « կափրիստանյան» կոչված գորգեր, որոնք գործվում էին Ղուբայում: Հեղինակը նշում է, որ չգերազանցված որակ ունեն Շամախիի կարպետները: Շամախիում գործված կարպետների մեջ առանձնահատուկ են բարդ եղանակով գործվող «Սումախ» անվանումով կարպետները, որոնք մեծ քանակով արտադրվում էին նաև Շուշիում: Մ. Իսաևը 1932 թվականին նշում է , որ մինչև 1930 թվականը գորգագործության զարգացած ձևերը պահպանվում էին Անդրկովկասի բնիկների ՝ հայերի և լեզգիների մոտ:

Ըստ օտար հեղինակների Շիրվան գորգերի երկրաչափական զարդաձևեր կրկնում են «Ղազաղ» (Գարդման, Տավուշ) խմբին դասվող գորգերի զարդաձևերին: «Շիրվան »գորգերին բնորոշ են բուսական և ծաղկային մոտիվները և կարմիր գույնի գերակշռությունը, որոնք հատկապես բնորոշ են արցախյան գորգերին: Դա պայմանավորված է նրանով, որ դեռևս 19-րդ դարի վերջում ինչպես նշվեց վերևում Շամախիի շատ գաավառներում բնակվել են բացառապես հայեր: Միայն նշենք, որ 17-18-րդ դարերի սկզբին Շամախին Պարսկաստանից դեպի Ռուսաստան տանող առևտրական գլխավոր ճանապարհի կարևոր կայաններից էր: Արցախյան գորգերում հանդիպող բազմաթիվ զարդային մոտիվներ, նախշեր հանդիպում են շամախիի գորգերի վրա նույնպես: Այդ գորգերից են թագ գորգերը, մեդալյոնավոր գորգերը, արծվագորգերը, արև գորգերը, որոնց բնորոշ շատ դետալներ հանդիպում են հենց Շամախի գորգերի վրա: Ընդհանրապես Ղարաբաղյան գորգերի գեղազարդման համակարգում մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները: Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ: Այդօրինակ հորինվածքներին բնորոշ է նաև գաղափարա-իմաստային որոշակի բովանդակություն, որով էլ դրանք նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների շրջանում: Հորինվածքային ու իմաստային տարաբնույթ արտահայտություններով հանդերձ, դրանք աղերսվում են երկրաչափական ձևերի ընդհանրություններով: Իսկ գորգանկարի մնացած հատվածները հագեցված են, զարդագոտիների սղոցատամ տերևազարդերով, կեռազարդ շուշանաձևերով և չորս խոյանշանների համադրմամբ ձևավորվող վարդյակներով: Տարբերվում են իրենց գունային լուծումներով: Կենտրոնական դաշտը հիմնականում լինում է կարմիր, երբեմն կապույտ, իսկ զարդագորիների մեջ հիմնականում հանդիպում են կապույտը, սպիտակը, դարչնագույնը և այլն:

Շամախիի գորգերում հիմնականում տեսնում ենք այս մոտիվները, երկրաչափական տարերը: Կենտրոնական դաշտում հանդիպում ենք մեդալյոներին նմանվող զարդեր, որոնք հիմնականում չորս անկյուն ունեն: Մեդալյոների կենտրոնում պատկերվում են աստղանման նախշեր, որոնք հանդիպում ենք «Արև »գորգերի մոտ, երբեմն կեռ խաչեր, որը բնորոշ է գրեթե Ղարաբաղյան գորգերի բոլոր տիպերին: Դա պայմանավորված է Շամախիում երկար ժամանակ հայերի հիմնական բնակիչ լինելու հետ:

 

Անդրադարձը՝ Հայագիտարան Հայաստան-ի Facebook-յան էջի

Տարածել`
Share

You may also like...