Նրանք թաղեցին մեզ` չգիտակցելով մեր սերմ լինելը. Արինա Կաոիլի

Մեքսիկական հայտնի ասացվածքը շատ բնորոշ է նաև հայերին և առավել քան արդիական է այս օրերին, երբ կրկին բացվում են անցյալի արյունահոսող վերքերը:

Հաճախ հանդիպելով հայերի  սրտաբացությանն ու ջերմությանը, ամեն անգամ ուրախանում եմ նորովի: Անցած շաբաթների ընթացքում Հայաստանից դուրս ու ներս շատ  ճանապարհորդություններ եմ ունեցել: Դեպի Թբիլիսի իմ վերջին ուղևորության ընթացքում մեքենայիս անվադողը վնասվեց: Իմ բառապաշարում ամբարած հայերեն բառերով ու, ինչպես այստեղ են սիրում ասել, ձեռքով-ոտքով ինձ հաջողվեց մոտակա գյուղի բնակիչներին բացատրել, թե որն է խնդիրը, և նրանք անշահախնդրորեն ու մեծահոգաբար օգնեցին ինձ: Ամենը, ինչ կարող էի անել, Աստծուն շնորհակալություն հայտնելն էր, որ դա տեղի ունեցավ մինչև վրացական սահմանը հատելը, քանի որ վրացիները, չնայած լավ հարևաններ լինելուն, իրենց բարեկամական և ջերմ վերաբերմունքով չեն կարող համեմատվել հայերի հետ, սա՝ անձնական փորձից:

Երբեմն զարմանում եմ. ինչպե՞ս հայերը կարող են լինել այսքան բաց ու ջերմ,այսքան պարզամիտ, այն ամենից հետո, ինչ նրանց հետ կատարվեց 1915 թվականին՝ հայրենի երկրի տարբեր անկյուններում և Դեր Զորի արյունռուշտ անապատում: Ինչ հիանալի ժողովուրդ են հայերը, որ այսքանից հետո անգամ շարունակում են ստեղծել, ժպտալ ու սիրել:

Այս ազգն օժտված է համառությամբ: Համառությամբ շարունակելու ապրել, զարգանալ ու փթթել, լինել կենդանի: Թուրքերն այդպես էլ չհասկացան, որ նրանք սերմեր են թաղում: Մի համառ ազգի սերմեր, որ կոչված է ապրելու և մարդկային ցեղի վրա իր մշակութային կնիքը դնելու: Քանի-քանի նշանավոր հայտնագործություններ են տվել հայերն աշխարհին: Արշիլ Գորկի ու Արամ Խաչատրյան, Ազնավուր ու Փարաջանով, Տիգրան Պետրոսյան ու Այվազովսկի, Վարազդատ Գազանդյան, Կոմիտաս…Շարքն անվերջ է թվում:

Հպարտությամբ քայլում էի Թբիլիսիի փողոցներով՝ քաջ գիտենալով, որ քաղաքին իր կոլորիտը հաղորդող բազմաթիվ շենքեր ժամանակին կառուցված են եղել հենց հայերի կողմից: Այդ շենքերին, եկեղեցիներին նայելիս զգում ես, որ դրանք հայկական մտքի արգասիքն են, դրանք կառուցված են հայերի կողմից, ովքեր դեռ տարիներ առաջ վրացական հասարակության կողմից ընկալվում էին որպես քաղաքական գործիչներ,

հմուտ բիզնեսմեններ, ականավոր գիտնականներ և լուսամիտ արվեստագետներ: Եվ սա միայն Վրաստանին չէ,որ վերաբերում է: Ներկայիս Ստամբուլում մինչ այժմ էլ զգացվում է հայկական շունչը՝ չնայած այն հանգամանքին, որ թուրքերն ամեն կերպ փորձում են հնարավորինս ազատվել հայկականության դրոշմից: Եկեղեցիների, մշակութային կոթողների թիվն ու ազդեցությունը, որով հայերն օժտեցին Թուրքիային, անժխտելի է:

Էլի նույն ձեռագիրն է, էլի փորձում են բնաջնջել, բայց ոչ հայերին է հնարավոր արմատապես վերացնել, ոչ էլ, առավել ևս,նրանց կողմից արարված մշակույթը: Հենց դրա համար էլ, որքան շատ են փորձել ու փորձում ազատվել հայկական ապացույցներից,դրանք առավել ցայտուն  են դառնում:Ենթադրաբար, Թուրքիան պետք է ոչ թե ազատվի հայկական հետքից, այլ ճիշտ հակառակը, հպարտանա դրանով:

Մենք շարունակում ենք աճել և խորացնել մեր հետքն աշխարհի վրա: Մենք սերմեր ենք: Իսկ սերմերը միշտ դեպի վեր, դեպի արև, դեպի լույս են ձգտում: Սերմերն ունեն իրենց ժառանգված հիմքի վրա աճելու  մեծ ուժ: Այդ հողը կարող է քարքարոտ ու կատարելությունից  շատ հեռու լինել: Պատմությունը մեր հողին շատ արհավիրքներ և հիասթափություններ է «պարգևել», սակայն հենց այս հողում է, որ մեր ազգն աճել ու զարգացել է, այս հողն է, որ հատուկ է եղել մեզ: Հայկական հողը սնած ջուրը՝ հայ սերունդների արցունքները, նրանց հոգու կանչն է եղել.«Ամաչիր մեռնելուց, քանի դեռ չես հասել մարդկության համար հաղթանակի»:

Արցունքներն են  եղել մեր աճի կենսատու ուժը: Առանց դրանց մենք դժվար թե մարդկության զարգացման մեջ այսքան ներդրում ունենայինք:

Բայց ժամանակն է, որ ցավի արցունքը վերափոխվի երջանկության արցունքի, թող հոսեն արցունքները, թող դրանք պարուրեն մեր հողը և ուրիշ հող այլևս չփնտրեն: Այս հողն առանձնահատուկ է մեզ համար, այն ստեղծված է մեր սերմերը կրելու և աճեցնելու համար: Այն շարունակելու  է նպաստել, որ հետագայում, մարդկության գալիք սերունդների համար նույնպես մեր ներդրումը լինի անգնահատելի: Եվ ես իսկապես երջանիկ եմ, որ ցավի մեջ երջանկություն աճեցնող այս հողակտորը կարող եմ «տուն» անվանել:

 

Սիրով՝ ձեր Արիանա

Աղբյուրը` champord.am

Նյութը հրապարակվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...