Նունեի խոսքն էլ եմ շատ կարևորում. Ա. Խալաթյան

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան ԱՎՈ ԽԱԼԱԹՅԱՆԸ, որը վերջերս արժանացավ ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, սիրում է հանդես գալ բացասական կերպարներով, քանի որ, ըստ նրա, գույներն այնտեղ ավելի խտացված են, քան դրական կերպարներում: «Իրավունքի» հետ զրույցում դերասանն անդրադարձավ տարիներ առաջ խիստ քննադատության արժանացած իր ներկայացմանը, ինչպես նաեւ կարիերայի քննադատ-խորհրդատու մայրիկին, եւ տիկնոջը` Նունե Եսայանին, թե ինչպես են մեկ հարկի տակ ապրում երկու վաստակավոր արտիստներ: «ԵՍ ԷԼ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՌՈՂՋ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵԼ ԻՄ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՍԻՆ»
«ՀԱՆԴԻՍԱՏԵՍԸ ՀԱԿԱՌԱԿԻ ՆՄԱՆ ՍԻՐՈՒՄ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ
ԿԵՐՊԱՐՆԵՐ»
-Բացասական կերպարները, հակառակի նման շատ հաճախ սիրվում են հանդիսատեսի կողմից: Սիրում եմ խարակտերային կերպարներ, որովհետեւ այնտեղ գույներն ավելի շատ են, պրպտելու, աշխատելու տեղեր կան, որ պիտի բացես: Իսկ դրական կերպարները մեծմասամբ լինում են կոկիկ ու սահամանափակ, եւ պիտի խաղաս այնպես, ինչպես հեղինակն է գրել:
– Ավո, կարծես թե թատրոնի կոլեկտիվում էլ բացասական «կերպարներ» չկան, ձեր թատրոնում սերնդափոխությունը սահուն է ընթանում:
– Որովհետեւ մեր թատրոնի գեղարվեստական ղեկավարն ամեն 4 տարին մեկ ունի իր ավարտող կուրսը` շնորհալի ու գերազանց, դաստիարակված ու տաղանդավոր կուրսեր են, որոնք համալրում են մեր թատրոնի կազմը: Իսկ մեր կողմից բացարձակ խանդ չկա, ինչպես մեզ համար են ճանապարհ հարթել, դռներ բացել մեր ավագները, նույն կերպ վարվում ենք մենք` եկող երիտասարդների հետ: Իսկ երիտասարդների հետ միշտ հաճելի է աշխատել, որովհետեւ նրանք լեցուն են ավյունով, ձգտումով, ցանկությամբ, նրանց էներգետիկան շատ ոգեւորող է:

«ԵՍ ԱՆԴԱՎԱՃԱՆ ԵՄ
ԻՄ ԹԱՏՐՈՆԻՆ»
-Այդ դրական մթնոլո՞րտն է, որ չեք հեռանում թատրոնից` Ձեր շատ կոլեգաների նման, որոնք կարծես մշտապես պրպտումների մեջ են: Այսինքն թատրոնից գնում են սերիալ` գումար աշխատելու, քանի որ թատրոնում աշխատավարձը ցածր է:
– Թատրոնն անմահ է, իսկ սերիալները որքա՞ն պիտի լինեն, 500 սերիա՞… Ես անդավաճան եմ իմ թատրոնին, չնայած` հարթակն ամեն տեղ է հարթակ` նշանակություն չունի, թե ում անվան է թատրոնը: Բայց իմ սերտ կապը միշտ է այս թատրոնի հետ, ես այստեղ եմ դեռ երկրորդ կուրսի ուսանող ժամանակից: Ավարտելով դրամատիկ դերասանի կուրսը` ես աշխատում եմ երաժշտական կոմեդիայի թատրոնում, որտեղ երբեմն դրամատիկ կերպարներ էլ ենք կերտում, դրա  համար ուրախ եմ, որ բազմաժանր ու բազմագույն են իմ խաղացած դերերը:
– Ինչո՞ւ դրամատիկից անցում կատարեցիք կոմեդիա:
– Նախկինում էր այդպես տարանջատվում, հիմա դերասանն ավարտում է դերասանական բաժինը, եւ ինքն է որոշում, թե որ ժանրը, որ թատրոնն է իրեն ավելի հարազատ: Ուսանողական տարիներին մի քանի բեմադրություններում հրավիրեցին, հետո ժամանակ առ ժամանակ ստացա դերեր, դերեր, ապա գնացի ծառայության:  Հայրենիքին պարտքս կատարելուց հետո վերադարձա եւ շարունակեցի աշխատանքս` արդեն որպես հաստիքային դերասան եւ մինչեւ օրս այս թատրոնում եմ ստեղծագործում:

«ՊԱՐԶԱՊԵՍ, ՄԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ԴԵԿՈՐԱՑԻԱՆԵՐՆ ԷԻ
ՏԵՂԱՇԱՐԺՈՒՄ»
-Ձեր մայրը նույնպես դերասանուհի է, նրա հետ մի օր Ձեզ կտեսնե՞նք բեմում:
– Մայրս բեմական կյանքում մեծ դադարի մեջ է, բայց դասավանդում է թատերական ինստիտուտում: Ֆիլմերից ու սերիալներից առաջարկներ չի ստանում, բայց, կարծում եմ, լինեն էլ` չի համաձայնի: Իսկ միասին չենք խաղացել բեմում, միայն մի անգամ` «Նեմեսիս» ներկայացման մեջ, որտեղ ես առաջին կուրսի ուսանող էի եւ պարզապես մթության մեջ դեկորացիաներն էի տեղաշարժում: Միայն այդքանով ենք միասին եղել բեմում… Բայց լավ միտք տվեցիք` կարելի է մտածել այդ ուղղությամբ:

«ՄԻԱՅՆ ՄԵԾԱՄԻՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՆԵՂՎՈՒՄ ԿՈՂՔԻ ԿԱՐԾԻՔԻՑ»
-Իսկ մայրիկին կարո՞ղ ենք համարել Ձեր ամենամեծ քննադատը:
– Այո, բայց նրան քննադատ չեմ կարող համարել, նա իմ խորհրդատուն է, ինչպես նաեւ կինս` Նունեն, ինչ-որ չափով` նաեւ որդիս:
– Հետաքրքիր է, թե ինչպես է արձագանքում Ձեր որդին` Հենրին:
– Դե, ինչ պիտի ասի, ժպտալով ասում է` լավ է, բայց մինչեւ չես հարցնում` չի արտահայտվում: Իսկ մայրիկս ավելի պորֆեսիոնալ ձեւով է արտահայտվում: Միշտ  կողքի աչքն օգնում է, միայն մեծամիտ մարդիկ են նեղվում կողքի աչքի կարծիքից: Բայց հակառակն էլ կա, ներկայացումից հետո մարդիկ կան հարցնում ես` ինչպես էր, կրակն ես ընկնում, սկսում են ավել-պակաս քննադատել: Ամեն դեպքում երբ արտիստն աշխատում է, ինձ համար արդեն գովելի է, թեկուզ վերջում արդյունքը լինի թերի: Բոլորը միանգամից պրոֆեսիոնալ ու բարձր մակարդակ չեն կարող ցույց տալ: Իհարկե, ես էլ եմ ուզում առողջ քննադատություն լսել իմ կերպարի մասին, երբ միշտ դրական են խոսում, ինքս ինձ ասում եմ` ուրեմն մի բան այն չէր:

«ՆՈՒՆԵԻ ԽՈՍՔՆ ԷԼ ԵՄ
ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ»
-Ձեր հանդիսատեսի շարքերում հաճախ ենք տեսնում Նունեին…
– Այո, հիմնականում առաջնախաղերին է Նունեն լինում: Նունեի խոսքն էլ եմ շատ գնահատում, ընդունում եւ կարեւորում, որովհետեւ նրա աչքն էլ կողքից մեծ նշանակություն ունի ինձ համար:
– Իսկ երկու վաստակավոր արտիստ մի ընտանիքում ինչպե՞ս եք ապրում:
– Ինչպես նախկինում, մեր կյանքում ոչինչ չփոխեց դա: Չէինք էլ ձգտում, բայց իհարկե ուրախալի է, որ գնահատվում ես, ոգեշնչող է, պարտավորեցնող: Ինձ համար անակնկալ էր, չէի սպասում, որովհետեւ այսքան ժամանակ ոչ մի մրցանակ չունեմ: Նույնիսկ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ էլ չեմ արժանացել մրցանակի, եւ կարելի է ասել հույսս կտրել էի: Մրցանակների հետեւից չէի ընկնում, կամ չէի ծեծում գեղարվեստական ղեկավարիս դուռը` բողոքներով, տնօրենին որեւէ պահանջներով չէի դիմում… Երբեք չեմ ունեցել նման խնդիր, որքան համեստ ես լինում, այդքան` գնահատվում ես:
«ՇԱՏ ՃԻՇՏԸ ԱՉՔ Է ԾԱԿՈՒՄ»
-Ձեր «Երկու ընկեր, չհաշված կյանքը» ներկայացումը տարիներ առաջ շատ քննադատությունների արժանացավ…
– Այո, շատ, որովհետեւ ներկայացումն արդեն քննադատություն էր: Այն փաստավավերագրական ներկայացում էր, իհարկե, այդ ամենը ցենզուրայի մեջ: Բայց, ինչպես ասում են` շատ ճիշտը աչք է ծակում: Այն հանդիսատեսին բարկացնող ներկայացում էր, որովհետեւ այն, ինչ տեսնում էր փողոցում, կյանքում, բակում աշխատավայրում, հանկարծ տեսավ բեմում ու այնքան ճշմարիտ տեսավ, այնքան բացեիբաց, որ խեղդվեց այդ հոսանքից: Նույնիսիկ մենք էինք փորձերի ժամանակ
խեղդվում, 20 րոպե խոսում էինք, կարդում փողոցային լեզվով ու ռեժիսորից 3 րոպե ընդմիջում խնդրում: Այդ պիեսի հեղինակը Վահրամ Սահակյանն է, որն ինձ համար ժամանակակիցների մեջ ամենասուրն է: Նրա հետ նոր գործ ենք սկսում, նոր պիես է գրվում: Գուցե, այն մոնոներկայացում լինի:

«ՄԵԿ-ՄԵԿ ԵՍ ՈՒ ՆՈՒՆԵՆ ԶԱՐՄԱՑԱԾ ԻՐԱՐ ԵՆՔ ՆԱՅՈՒՄ»
-Ձեր հայրիկի` նկարիչ Հենրի Խալաթյանի գործը ձեր որդին` Հենրին չի՞ շարունակում:
– Հենրին սիրում է նկարել, բայց մի քիչ ծուլանում է: Այսօրվա ինֆորմացիայի առատ դարում երեխաները մեկ-մեկ շիվարում են, չգիտեն, թե որն ընտրեն: Դա էլ բերում է նրան, որ կիսատ-պռատ անեն ամեն ինչ: Հենրին մի քիչ նկարում է, մի քիչ ուրիշ բան է անում:
– Երեւի, դեռ կողմնորոշվում է` պապիկի, հայրիկի, թե մայրիկի մասնագիտությունն ընտրի:
– Ես էլ, Նունեն էլ, կարծում ենք, որ մեր մասնագիտություններից երեխաները որքան հեռու լինեն, այնքան ավելի լավ: Սովորաբար ծնողները դեմ են լինում, ինչպես ինձ, չէին ուզում, որ դերասան դառնամ, բայց չստացվեց, հիմա այդպես էլ մեզ մոտ է: Հենրին նկարչական աչք ունի, գույները ճիշտ զանազանում է, գունային ճաշակ ունի, եթե ապագայում փորձի ձեռքը բացել, միայն ուրախ կլինեմ, որովհետեւ նկարչի մասնագիտությունը չի խանգարի ոչ մի այլ մասնագիտության:
– Իսկ Ձեր դուստրը` Էլիզաբե՞թը, ինչ նախասիրություններ ունի:
– Իմ հրաշքը, իմ աստվածային աղջիկը` Էլիզաբեթը դեռ մեծանում է, նրա նախասիրությունները իր կապրիզներն են: Բայց հայրիկի` իմ կողմից իրեն ամեն ինչ թույլատրելի է: Շատ խելացի աղջիկ է, հուսով եմ` լուրջ մասնագիտության տեր կլինի, այնքան հասկացող է, որ մեկ-մեկ ես ու Նունեն զարմացած իրար ենք նայում:

«ԵՐԲ ԱՂՋԻԿՍ ԾՆՎԵՑ,
ԱՍԱՑԻ` ՊԱՀՈՂՍ ԾՆՎԵՑ»
-Ձեր ընտանիքում է՞լ կա այդ բաժանումը` տղան մայրիկին, աղջիկը` հայրիկին:
– Չենք բաժանել մեր զավակներին, սիրում ենք հավասարաչափ, նույն սրտով, բայց ամեն դեպքում աղջիկը հայրիկինն է, տղան` մայրիկինը, ինչպես բոլոր ընտանիքներում: Երբ աղջիկս ծնվեց, ասացի` պահողս ծնվեց… Աղջիկները որ հասակում, ինչ իրավիճակում էլ որ լինեն, ամեն ինչ կանեն իրենց հայրիկների համար:

 

Զրուցեց Լիլիթ Եղիազարյանը

Աղբյուրը` iravunk.com

Նյութը հրապարակվել է առանց փոփոխությունների

Տարածել`
Share

You may also like...