Նոր ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

.panorama.am-ը գրում է՝

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է նոր ժամանակավոր ցուցադրություն՝  Հայաստանի պատմության թանգարանի հիմնադիր հավաքածուն (1921 – 1931 թթ.) խորագրի ներքո:

Հայաստանի պատմության թանգարանը  հիմնադրվել է Հայաստանի Առաջին Հանրապետության պառլամենտի օրենքով (N 439, 09.09.1919թ.): Կոչվել է Ազգագրական-մարդաբանական թանգարան-գրադարան: Առաջին տնօրենն էր Երվանդ Լալայանը: Այցելուների համար թանգարանը բացվել է 1921 թ. օգոստոսի 20-ին: Ժամանակի ընթացքում կրել է անվանափոխություններ. Հայաստանի պետական կենտրոնական (1922թ.), Կուլտուր-պատմական (1931թ.), Պատմական (1935թ.), Հայաստանի պատմության պետական թանգարան (1962թ.) և Հայաստանի պատմության  թանգարան (2003թ.):

Թանգարանի հիմնադիր հավաքածուի հիմքը դրվել է 1921 թվականին՝ Կովկասի Հայոց ազգագրական  ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի հնադարանի, Վաղարշապատի մատենադարանի հավաքածուների հիման վրա:

1923 թվականին ստեղծվեց Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ալ. Թամանյանի նախագահությամբ: Կոմիտեի կողմից թանգարանին հանձնվեց առարկաների մի զգալի խմբաքանակ, որով համալրվեց հիմնադիր հավաքածուն՝ կազմելով 15.289 առարկա:

Այժմ թանգարանը պահպանում է շուրջ 400 000 առարկաներից բաղկացած ազգային հավաքածու հետևյալ բաժիններով. հնագիտություն (հիմնական հավաքածուի 35%,) ազգագրություն (8%), դրամագիտություն (45%), վավերագրեր (12%): Համալրում է իր հավաքածուները հիմնականում Հայաստանի տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, գնումներով, նվիրատվություններով:

Ներկայացնում է Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից՝ մեկ միլիոն տարի առաջ, մինչև մեր օրերը:

Ցուցահանդեսում ներկայացված են՝

Նմուշներ Հայոց ազգագրական ընկերության հավաքածուից. հանձնվել է թանգարանին 1922թ.
Նմուշներ Էջմիածնի հավաքածուից. հանձնվել է թանգարանին 1931 թ.
Հնատիպ գրքեր Հայոց ազգագրական ընկերության գրադարանից. հանձնվել է թանգարանին 1922թ.
Լուսանկարներ՝ թանգարանի 1925 – 1930 թթ. ցուցադրություններից
Սեպագիր արձանագրություն՝ Սարդուրի Բ թագավորի (Ք.ա. 764 – 735 թթ.)

Տարածել`
Share

You may also like...