Նոր համաձայնագիր. այն կնպաստի Արգենտինայում եւ Հայաստանում համատեղ ֆիլմարտադրությանը

ՀՀ մշակույթի նախարարությունում նոյեմբերի 3-ին ստորագրվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ Արգենտինյան կինոռեժիսորների  – DAC – տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների եւ ռեժիսորների գլխավոր ասոցիացիայի միջեւ  կինեմատոգրաֆիական համագործակցության եւ փոխօգնության համաձայնագիրը»:

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը եւ Արգենտինայի կինո եւ տեսալսողական (աուդիովիզուալ) հեղինակների գլխավոր ասոցիացիայի (DAC) կողմից լիազորված Սիլվանա Ջարմոլուկը:

Համաձայնագիրը նպատակ ունի ձեւավորել երկկողմ (Հայաստանում եւ Արգենտինայում) համագործակցության լայն դաշտ՝  տեսալսողական արտադրանքի բնագավառում, խթանել եւ համակարգել հայկական եւ արգենտինական տեսալսողական արտադրանքի ցուցադրումը, տարածումը, ինչպես նաեւ արտադրությունը եւ մարքեթինգը երկու երկրներում:

Երկկողմ  համագործակցությունը մեծապես կնպաստի Արգենտինայում եւ Հայաստանում  համատեղ ֆիլմարտադրության դաշտի զարգացմանը, ինչպես նաեւ կինոարտադրանքի տարածմանն ու վարձույթի ձեւավորմանը:

Սույն փաստաթղթի շրջանակում, կողմերը նախապես կմշակեն գործողությունների համաձայնեցված ժամանկացույց այս կամ այն ծրագրի իրականացման համար, ինչը ենթադրում է նաեւ երկու երկրներում գործող համապատասխան կառույցների հետ աշխատանքների դյուրացում:

Համաձայնագրի շրջանակներում կողմերը կխրախուսեն փոխանակումները կադրերի պատրաստման ոլորտում, կիրականացնեն «Հայկական կինոյի շաբաթ» Բուենոս Այրեսում եւ «Արգենտինյան կինոյի շաբաթ» Երեւանում:

Տարածել`
Share

You may also like...