Նորվեգական կինոփառատոնը թուրքական հովանավորին կասկածում է քաղաքական բոյկոտի մեջ

Նորվեգական «Ֆիլմեր Հարավից» կինոփառատոնը թուրքական հովանավորին կասկածում է քաղաքական հիմքերով պայմանավորված բոյկոտի մեջ: Այդ մասին գրում է նորվեգական NTB գործակալությունը։

«Երբ պետական սեփականություն հանդիսացող «Թուրքական ավիաուղիները» տեղեկացան, որ «Ֆիլմեր Հարավից» կինոփառատոնը կցուցադրի ֆիլմ Հայաստանից` նրանք հրաժարվեցին հովանավորել փառատոնը, ասում է փառատոնի ղեկավարը:

«Այս տարվա հերթական փառատոնից առաջ մենք բանակցություններ էինք վարում թուրքական ավիաուղիների հետ հովանավորության պայմանագրի շուրջ: Մենք եկել էինք համաձայնության, բայց թուրքական ավիաուղիները հանկարծակիորեն ետ կանգնեցին համաձայնությունից: Պայմանագրի տեքստի գրման եւ ստորագրման միջեւ ընկած ժամանակահատվածում նրանք տեսել էին փառատոնի ծրագիրը եւ հայտնաբերել, որ մենք ցուցադրելու ենք հայկական «Մեկ, երկու, երեք» ֆիլմը: Կարծում ենք` դա է պատճառը, որ նրանք ետ կանգնեցին», ­ ասում է փառատոնի տնօրեն Լասսե Սկագենը (Lasse Skagen):

«Ֆիլմեր Հարավից»  փառատոնը Օսլոյի ամենամեծ կինոփառատոնն է, որը կազմակերպվում է 25­րդ անգամ:

Նորվեգիայում «Թուրքական ավիաուղիների» գրասենյակի ղեկավար Սելիմ Սոյերը (Selim Soyer) հերքում է, որ քաղաքական դրդապատճառներ են եղել: «Խնդիրը գումարի մեծ լինելու մեջ էր։ Սա կապ չունի Հայաստանի հետ: Տեսեք օրինակ Օսլոյի համաշխարհային երաժշտական փառատոնը: Մենք հովանավորում ենք նրանց, ու նրանք ծրագրում ունեն թե հայ, թե քուրդ երաժիշտներ: Խնդիրը նրանում էր, որ մենք ցանկանում էինք նրանց հովանավորել ավիատոմսերի տրամադրման տեսքով, մինչդեռ նրանք ցանկանում էին գումարային օգնություն: Դա մեզ համար հարմար տարբերակ չէր: Մենք ոչ մի կերպ ցենզուրայով չենք զբաղվում», ­ ասում է Սոյերը Դագսավիսեն (Dagsavisen) օրաթերթին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նորվեգական կինոփառատոնը թուրքական հովանավորին կասկածում է քաղաքական բոյկոտի մեջ”

Leave a Reply

Your email address will not be published.