Նյու Յորքից «Շուշի» պարախմբի անդամները հյուրընկալվել են Սփյուռքի նախարարությունում

Հուլիսի 7-ին Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի անդամներին ընդունել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ սփյուռքի նախարարության մամլո ծառայությունից։

Ողջունելով հյուրերին՝ սփյուռքի նախարարը կարևորել է պարախմբի ազգանվեր գործունեությունը. «Շնորհակալ եմ պարախմբի բոլոր անդամներին հայկական պարարվեստը, ազգային մշակույթը պահպանելու, զարգացնելու,աշխարհին ներկայացնելու համար: Հայապահպանությունը մեր ազգի գլխավոր խնդիրն է: Այսօր աշխարհում 7 միլիոն մարդ խնդիր ունի հայ մնալու: Պետք է պայքարենք մեր արմատի, ինքնության, տեսակի, մշակույթի պահպանման համար: Աշխարհում 30 հազարից ավելի հայկական կազմակերպություն կա, որոնց գլխավոր խնդիրը հայապահպանությունն է: «Շուշի» պարախումբը հիանալի է լուծում հայ երիտասարդին հայ պահելու կարևորագույն խնդիրը: Հայ մնալու ամենակարևոր բանալիներից մեկը ազգային պարն է: Հատկապես Սփյուռքում պարը հայապահպանության հզոր զենքերից է, որ կարողանում է ոչ միայն լավագույնս պահպանել ազգային որակները, այլև օտար մշակութային միջավայրում ճանաչելի ու սիրելի դարձնել հայկական արվեստը և նրա պատմությունը»:

Բարձր գնահատելով  պարախմբի գեղարվեստական ղեկավար Սեդա Պասկալյան-Քանդարջյանի՝ արվեստի ու մշակույթի բնագավառում ազգանվեր գործունեությունը, նրա անմնացորդ նվիրումը հայկական պարարվեստի պահպանման ու տարածման գործին՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրել է նախարարության «Կոմիտաս» մեդալով:

«Շուշի» պարախմբի գործադիր կոմիտեի անդամ Թալին Կուպելյանը և մշտական աջակից Սոսի Սեդրակյանը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք մշակութային կապերի ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են շնորհակալագրերով:

1992թ. հեռավոր Նյու Յորքում բնակվող մի խումբ երիտասարդներ, համախմբվելով Սուրբ Վարդան եկեղեցու հովանու ներքո, հիմնել են պարախումբ, որին 1995թ. Արցախի Հանրապետության անկախության երրորդ տարվա կապակցությամբ «Շուշի» են անվանել: Պարախումբը մեծ ճանաչում ունի և բազմաթիվ հյուրախաղեր է ունեցել տարբեր երկրներում՝ հատկապես Մերձավոր Արևելքում և Հարավային Ամերիկայում: 2013թ. «Շուշի» պարախումբն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտոնապես ճանաչված Միջազգային պարային խորհրդի անդամ:

Նշենք, որ հուլիսի 5-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր տաճարի «Շուշի» պարախմբի մենահամերգը, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ելույթով հանդես են եկել 65 պարող-պարուհիներ Նյու Յորքից ու Կալիֆորնիայից:

Տարածել`
Share

You may also like...