Նկարիս մեջ դրել եմ պարզություն. մեկնարկեց «Էտյուդ» փառատոնը

Գույնզգույն նկարների հեղինկաները , հուզված ծնողները և ուսուցիչները անհամբեր սպասում էին «Էտյուդ» փառատոնի մեկնարկին : Հոկտեմբերի 13-ին փառատոնի մեկնարկը տրվեց «Սպիտակ» մարզամշակութային կենտրոնում՝ նկարչության նախընտրական փուլով: Հավաքվել էին ոչ միայն Երևանի, այլև մարզերի արվեստի դպրոցների սաների աշխատանքները: Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը ներկայացնող Լիլիթ Բասմաջյանը մասնակցում է միայն հաղթելու նպատակով: Այն հարցին, թե ինչու է հենց իր նկարն է համարում հաղթանակի արժանի, պատասխանեց, որ ներկայացված նկարի մեջ դրել է պարզություն և իր հոգուն հարազատ գույները:
Լիլիթը նշեց այն հատկանիշները, որոնք կարևորում էին նաև ժյուրիի անդամները, որոնց անունները հայտարարվեցին միայն փուլի մեկնարկից ժամեր առաջ: Ներկայացված շուրջ 268 նկարներից մրցութային փուլի համար լավագույն 97-ը ընտրեցին գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, վարչության անդամ, գեղանկարչության սեկցիայի նախագահ՝ Համլետ Ասատրյանը, և գեղանկարիչներ, Հայաստանի նկարիչների միության անդամներ, վարչության անդամներ, գեղանկարչության բյուրոյի անդամներ Արտյուշա Ավետյանը և Մարտին Ակողլյանը: Կազմակերպիչները նախընտրական փուլին մասնակցելու հնարավորություն էին տվել անգամ այն երեխաներին, որոնց նկարները այդքան էլ հաջողված չէին, բայց ժյուրին խստապահանջ մոտեցում ցուցաբարեց յուրաքանչյուր նկարին: Դրանք ընտրելուց ժյուրի անդամներն ուշադրություն են դարձրել, որ նկարում չլինի ուսուցչի վրձնի միջամտությունը:
Նախընտրական փուլն անցած 97 մասնակիցները հոկտեմբերի 23-ին Մոսկովյան 3 հասցեում գտնվող Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում կմասնակցեն փառատոնի մրցութային փուլին՝ տեղում նկարելով ժյուրիի հանձնարարած թեման:
Հեղինակ՝ Արևիկ Ղարիբյան
Լուսանկարը՝ Անի Մնացականյանի
- Previous Քեմալականների կողմից օկուպացված Հայաստանի Հանրապետության անբաժան մասը
- Next Ինձ համար կարևոր է շատ երգի խորհուրդը. Սիբիլ