Ներկայացրել է «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմը

Կոնցեպտուալ ֆինն ժամանակակից արվեստագետ Աննա-Լեա Կոպպեն «Մուշեղ եւ Զուլում Գրիգորյաններ» ցուցասրահում ներկայացրել է «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմը (15.5 րոպե), ինչպես նաեւ «Մտորումներ զավակի եւ ծնողի շուրջ» ջրաներկով արված նախագիծը:

«Մայր Հայաստան» ֆիլմը ծնվել է 2014 թ. հունիսի 14-ին Մաշտոցի պուրակում կազմակերպված «Մայր Հայաստան» ակցիայի հետեւանքով, որի ժամանակ մայրերին առաջարկվել էր տեսախցիկների առաջ պատմել իրենց երեխաների հետ ունեցած հարաբերությունների եւ առհասարակ մայր լինելու մասին:

Մեզ հետ զրույցում Աննա-Լեա Կոպպեն նշեց, որ իրենց մասին պատմող մայրերը լավ գիտակցում էին, որ հասարակությունը չի կարող գոյություն ունենալ առանց կանանց. «Ֆիլմում կանայք պատմում են իրենց կյանքի ու իրենց երեխաների մասին, ինչպես նաեւ հիմնական գաղափարն այն է, թե ինչպես պետք է մայրերը եւ առհասարակ ընտանիքի անդամները լավ հարաբերություններ ունենան երեխաների հետ: Ի՞նչ են առհասարակ կանայք ցանկանում փոխել իրենց կյանքում, իրենց վարքագծում: Հայաստանում մայրերն իրենց առաքելությունը հիմնականում տեսնում են երեխային լավ մարդ դաստիարակելու մեջ եւ երբեմն մոռանում են իրենց մասին: Մայրերն իրենց անձնական երազանքները կապում են իրենց երեխաների հետ՝ դադարելով իրականացնել այն, ինչ ցանկանում են իրենք»:

 

«Մտորումներ զավակի եւ ծնողի շուրջ» նկարները, արվեստագետի խոսքով, գաղափարապես հանդիսանում են «Մայր Հայաստան» ֆիլմի մի մասնիկը: Նկարները կոնցեպտուալ նախագիծ են: Ջրաներկով թղթի վրա նկարված են պտղակիր արգանդանման բիոմորֆիկ ձեւեր, որոնցից յուրաքանչյուրի տակ հեղինակի ձեռագրով փոքրիկ գրառումներ են արված, ինչպիսին, օրինակ՝ «Արդյո՞ք դուք տարված եք նույնպիսի զգացմունքներով, ինչպես ձեր մոր արգանդում», «Եթե ձեր ընտանիքը ձեզ վատ է վերաբերվել, ապա ձեզ համար դա նորմա՞լ է դարձել», «Կարո՞ղ եք դուք արդյոք զգալ եւ սնել ձեր զավակի հավերժական ոգին», «Ե՞րբ է սկսվում մայրությունը, երբ զավակի մասին երջանիկ մի՞տք է ծագում քո մեջ», «Ինչպես են լավ մայր դառնում. սիրտը ջերմացնելո՞վ, թե՞ մտքերը փոխելով», «Եթե մայրդ կամ տատերդ սխալներ են գործել, ապա դրանք կրկնելու կարիք չկա», «Մտածի՛ր դիմացինիդ անմեղ սկզբի մասին», «Եթե սխալմամբ ես ծնվել, ապա դա մի արտակարգ լավ սխալ է», «Մարդկային կյանքը Երկրի վրա բնութագրվում է սկզբով եւ ավարտով», «Սկզբում բոլորն էլ փոքր են լինում», «Երջանկությունը ներսից է աճում. ուշադի՛ր եղիր՝ ի՞նչ ես թույլ տալիս, որ մարսվի քո ներսում»:
Նշենք, որ լուսանկարները եւ ֆիլմը դիտելուց հետո ընթանում էր անհատական քննարկում: Աննա-Լեա Կոպպեն յուրաքանչյուր այցելուից անպատճառ կարծիք էր հարցնում, որպեսզի այդպիսով հասկանա, թե մայր եւ երեխա հարաբերություններում իրականում ինչ խնդիրներ են առկա Հայաստանում եւ առհասարակ աշխարհում:
Արվեստագետը նաեւ պատմեց նախկինում կատարած իր աշխատանքների մասին, որոնք ամփոփված էին մի քանի ամսագրերում: Նրա աշխատանքների յուրահատկությունն այն է, որ հեղինակն աշխատում է բամբակի, հայելու, բույսերի հետ, որոնց միջոցով կերտած յուրաքանչյուր աշխատանք կրում է հոգեբանական եւարտթերապեւտիկ բնույթ:

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Աղվյուրը՝ erit.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed