«Ներկայացումը բեմադրում, դնում են անկյունում, ոչ ոք չի իմանում, կորչում, գնում է: Չի՛ լինելու այդպես…». Արմեն Ամիրյան

«Նրանք, ովքեր չէին եկել Գյումրի, շատ բան կորցրին». օրվա թռուցկաժողովը նախարար Ամիրյանն այսօր սկսեց շնորհավորանքով և ավելացրեց.

«Մարզային այցերը պետք է շարունակել, բայց՝ ավելի լավ ավտոբուսով: Թեև արկածային էր մեր ուղևորությունը, բայց մեկ արկածը, կարծում եմ, բավարար էր»,-կատակեց նախարարը՝ հիշելով շաբաթ օրը Գյումրի տեղափոխող ավտոբուսի տեխնիկական խափանումը, ինչի պատճառով մշակութայինները Վարդան Աճեմյանի անվան թատրոնում «Շողոքորթն» ներկայացման պրեմիերային «մի կերպ» հասան:

Նախարարը նշեց, որ պետք է հետամուտ լինել թատերական ոլորտում նախանշված բոլոր ծրագրերի իրականացմանը, ուստի հանձնարարեց, որ.

«Թատրոնները տարվա կտրվածքով շատ հստակ պետք է ներկայացնեն՝ ո՛ր օրը ի′նչ նոր ներկայացում են ունենալու: Ժամանակացույցը թող իրենք սահմանեն, բայց հստակ հետևելու ենք իրենց իսկ նշած ժամկետների պահպանմանը: Պետք է ներկայացնեն նաև, թե յուրաքանչյուր պրեմիերայից առաջ իրազեկման ի′նչ քայլեր են նախատեսված. մամուլի ասուլիս, հարցազրույցներ և այլն: Ամեն ինչ պետք է ընթանա ըստ ծրագրի և ժամանակացույցի: Նոր ներկայացման արդյունավետ փիարի համար այս ամենն անհրաժեշտ է»,-ասաց նախարարը՝ օրինակ բերելով Գյումրու թատրոնի արդյունավետ փորձը:

«Մյուս թատրոններում էլ, գուցե, լավ ներկայացումներ լինում են, բայց մարդիկ չգիտեն դրանց մասին, չեն գալիս թատրոն, որովհետև փիար չկա: Տեսե՛ք, թե ինչպես է աշխատում Գյումրու թատրոնը: Երկու երիտասարդ տղաներ Հանրապետության թատերական կյանքն ամբողջությամբ շրջել են: Ղեկը վերցրել են իրենց ձեռքը, և դա շատ լավ է: Մյուս թատրոնները ևս պետք է ձգվեն և նման աշխատաոճ որդեգրեն»:

Արմեն Ամիրյանը նախարարության Մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Արմինե Խաչատրյանին հարցրեց.

– Նախարարությունը որքա՞ն գումար է հատկացրել Գյումրու թատրոնի «Շողոքորթն» ներկայացումը բեմադրելու համար:

– Գումար չենք հատկացրել:

-Գիտեմ՝ չենք հատկացրել, դրա համար էլ ասում եմ:

Նախարարի խոսքով, նոր ներկայացումների համար թատրոնները հատկացումներ են ուզում պետբյուջեից. իսկ ինչու՞ նրանց աշխատած եկամուտը չի ուղղվում նոր ներկայացումների բեմադրությանը։

«Պե′տք է իրականացնել մոնիթորինգ՝ որքանո՞վ են իրականացվել մեր նախանշած ծրագրերը կոնկրետ ժամանակահատվածում: Պե′տք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել այն ՊՈԱԿ-ներում, որտեղ ծրագրերը չեն կատարվում:

Պետությունն աշխատավարձ է տալիս, հոսանքի գումար է վճարում, ամեն ինչ հոգում է, այդ ամենին զուգահեռ նաև ներկայացման գումարն է տալիս՝ ներկայացումը բեմադրում, դնում են անկյունում, ոչ ոք չի իմանում դրա մասին, կորչում, գնում է: Չի՛ լինելու այդպես…»,-ասաց նախարարը:

 

Նյութը` Ալիսա Գևորգյանի

Տարածել`
Share

You may also like...