«Ներդաշնակության մեղեդի». հայ և թուրք երաժիշտների երգերը կմիավորվեն երեւանյան բեմում

«Ներդաշնակության մեղեդին» դեկտեմբերի 14-ին Երեւանի Հակոբ Պարոնայանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմին կմիավորի հայ եւ թուրք երաժիշտների. Երաժիշտները կմասնակցեն ծրագրին, որի նպատակը մշակութային կապերի միջոցով ժողովուրդների մերձացումն է: Իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի  22-ին նույն կազմով հանդես կգան Ստամբուլում:

Միջմշակութային նախաձեռնության շրջանակում նույն բեմին հանդես կգան հայ հանրահայտ «The Beautified Project» ռոք խումբը, հայկական ծագումով թուրք երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն եւ ժողովրդական գործիքների թուրք հայտնի կատարողներ Գյոքսել Բակտագիրը, Բուրակ Մալչոկը, Օսման Յուրդալ Թոքջանը եւ Մերթ Էլմասը:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գյոքսել Բակտագիրը նշել է, որ երկար տարիներ հարեւանությամբ ապրելով` հայկական եւ թուրքական մշակույթները միահյուսվել  են իրար եւ կրում են իրար ազդեցությունը:    «Այժմ ես աշխատում եմ Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում, որը հայ երաժիշտների, հեղինակների ստեղծագործություններով երգերի ալբոմ է նախապատրաստում: Այսպես կներկայացվեն մեր սերտորեն շաղկապված մշակույթները: Մենք ինքներս մեր անձնական երգացանկում հայ գեղեցիկ երաժշտություն եւ դրա տարրեր ենք օգտագործում», – հավելել է նա: Թուրք երաժիշտն ընդգծել է ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ իրականացվող  «Ներդաշնակության մեղեդի» ծրագրի հատուկ կարեւորությունը:  «Երաժշտությունը սքանչելի երեւույթ է,  սահմաններ անցնելու համար այն անձնագրի կարիք չունի: Ես վստահ եմ, որ նախագիծը շարունակական կլինի եւ մենք լավագույն արդյունքների կհասնենք», – հավելել է Գյոքսել Բակտագիրը:

Երգչուհի Սիբիլ Բեքթորոսօղլուի խոսքով, ինքը վաղուց էր երազում նման ծրագրի իրականացման մասին:  «Ես թուրք ընկերներիս միշտ ասում էի, որ կգա մի օր, երբ ես կգամ Հայաստան, կտեսնեմ ձեր երկիրը, նրա ջերմությունը:  Ես շատ ուրախ եմ, որ թուրք երաժիշտներին դրականորեն են դիմավորել այստեղ: Նրանք իրենց երկրում կպատմեն, թե ինչ ջերմ ընդունելության են արժանացել», – նշել է Սիբիլը: Համերգին նա չորս երգ կկատարի`   «Բարի արագիլ» եւ «Կիլիկիա»` «The Beautified Project» խմբի հետ, «Նամակ»` թուրք երաժիշտների հետ եւ նոր` «Միայն դու» երգը:

Բուրակ Մալչոկի խոսքով, որը թուրքական ժողովրդական նեյ գործիք է նվագում, հայերն ու թուրքերը երկու հարեւան ժողովուրդ են եւ այդ նախագծի շնորհիվ պիտի ցուցադրեն իրենց միասնականությունը:

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշակույթի հարցերով ներկայացուցիչ Ժակլին Դելեյն իր հերթին ընդգծել է, որ դեսպանատունը ողջունում է եւ նպաստում մշակութային այս նոր նախաձեռնությանը հայ եւ թուրք երաժիշտների մասնակցությամբ:   «Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է. այս համերգը բեմի վրա միավորում է մշակութային եւ երաժշտական բազմազանությունը` ներդաշնակություն եւ միասնականություն ստեղծելով: Հայ եւ թուրք երաժիշտները «մշակութային դեսպաններ են», որովհետեւ նպաստում են կապերի ստեղծմանը եւ փոխըմբռնման ամրապնդմանը», – հավելել է դիվանագետը:

«The Beautified Project» խմբի պրոդյուսեր, երգիչ եւ կոմպոզիտոր Անդրե Սիմոնյանի խոսքով, այս նախագիծը երկար տարիներ իր երազանքն է եղել: «Ուղղակի ես համապատասխան ռեսուրսներ չունեի»: Ես շատ ուրախ եմ, որ ԱՄՆ-ի դեսպանատունը աջակցեց մեզ: Մենք փորձում ենք մեր արվեստով ցույց տալ, որ անկախ քաղաքական իրավիճակից, ժողովուրդները պիտի բարեկամ լինեն», – ընդգծել է Անդրեն: Համերգային ծրագրում, հավելեց նա, ներառված է նաեւ  «The Beautified Project»-ի «Don’t blame me» երգը, որը գրվել է առաջիկա համերգի համար: Համերգին զուգահեռ երկու երկրում կնախապատրաստվի նոր երգի տեսահոլովակը:

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Տարածել`
Share

You may also like...