Նա, ով ավելի ուժեղ է, կդիմանա ցավին. Վասիլի Շուկշին

newsline.am-ը գրեւմ է՝

Ում տրված չէ ճաշակել ճշմարիտ կրքերի ուժը, նա գնահատում է այն, շատ բան գիտի դրա մասին, չի վախենում տառապանքից ու ցավից, ինչը գրեթե միշտ գալիս է ուժգին կրքի հետ: Նա, ով իսկապես պատրաստ է ուժեղ կրքերին, նա ևս չի վախենում տառապանքից ու ցավից: Ամբողջ տարբերությունն այն է, որ նա, ով ի զորու չէ կրել կիրքն ու ձեռք բերել երջանկություն, առաջին իսկ ցավի դեպքում, հոգու ջանքերի առաջին իսկ փորձությունից հետո կհեռանա դեպի թփուտները և երբեք չի ափսոսա դրա համար: Նա, ով ավելի ուժեղ է, կդիմանա ցավին և ուրախությանը, կտա հոգու ուժը, սակայն կգնա մինչև վերջ: Միշտ չէ, որ վերջում հաղթանակն է: Բայց դրանից այդ մարդն ավելի թույլ չի դառնա:

Վասիլի Շուկշին 

Գրող, դերասան, կինոռեժիսոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Վասիլի Շուկշինը ծնվել է 1929 թվականի հուլիսի 25-ին: 1943 թ-ին ավարտել է յոթնամյա դպրոցը, ընդունվել Բիյսկի ավտոմոբիլային տեխնիկում, որը չավարտած՝ աշխատել է որպես փականագործ: 1947–49 թթ-ին աշխատել է Կալուգայի շարժանիվների և Վլադիմիրի տրակտորի գործարաններում, ապա՝ երկաթուղու Շչերբինկա կայարանում: 1953–54 թթ-ին եղել է հայրենի գյուղի դպրոցի տնօրենը: 1961 թ-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: 1958 թ-ին տպագրել է առաջին պատմվածքը («Երկուսը սայլի վրա»), 1963 թ-ին՝ «Գյուղաբնակներ» պատմվածքների ժողովածուն: 1963 թ-ից «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր էր:

1964 թ-ին իր սցենարով նկարահանել է «Ապրում է այսպիսի տղա» (Վենետիկի կինոփառատոնի գլխավոր՝ «Սբ Մարկոսի ոսկե առյուծ» մրցանակ՝ 1964 թ.) կինոնկարը, որի գլխավոր հերոս Պաշա Կոլոկոլնիկովին բնորոշ է զգացմունքների անմիջականությունը և խորթ` ձևականությունն ու չոր դատողությունը մարդկային հարաբերություններում:

Ժամանակի ընթացքում ավելի որոշակիացել է գրողի ընդվզումը կյանքին արագ հարմարվող ամբոխավարների և բյուրոկրատների դեմ («Այնտեղ, հեռվում», 1968 թ., «Զրույցներ պայծառ լուսնի տակ», 1974 թ., ժողովածուներ, «Զրո, զրո ամբողջ», «Տալիս ես սիրտ», պատմվածքներ):

 

Շուկշինի գրական գործերում և կինոերկերում գերիշխում են հոգեբանական վերլուծությունը, հետաքրքրությունը ժողովրդական վառ բնավորությունների, մարդու հոգևոր ազատության նկատմամբ [«Լյուբավինները», 1965 թ., վեպ, կինոնկար՝ «Լյուբավինների վախճանը», 1972 թ., «Ես եկել եմ ազատություն տալու ձեզ», կինովեպ, 1971 թ. (նվիրված է գյուղացիական ապստամբության առաջնորդ Ստեփան Ռազինին), «Բնավորություններ», պատմվածքների ժողովածու, 1973 թ., «Ձեր որդին և եղբայրը», 1966 թ., ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ՝ 1967 թ., «Տարօրինակ մարդիկ», 1971 թ., վերջին երկուսը՝ կինոնկար]: Քաղքենիական գիտակցության և հոգեզրկության դեմ մարդկային հոգու դիմակայման թեման գեղարվեստական մարմնավորման մեծ ուժի է հասել «Կարմիր բռինչ» կինովիպակում (1973 թ., համանուն կինոնկարում Շուկշինը խաղացել է գլխավոր դերը, ԽՍՀՄ համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ՝ 1974 թ.):

Շուկշինը նկարահանվել է նաև «Երկու Ֆեոդոր» (1958 թ.), «Հասարակ պատմություն» (1960 թ.), «Տղամարդկանց խոսակցություն» (1968 թ.), «Լճի մոտ» (1969 թ., Չեռնիխի դերակատարման համար՝ ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1971 թ.), «Նրանք մարտնչել են հանուն հայրենիքի» (1975 թ.), «Խոսք եմ խնդրում» (1975 թ.) և այլ կինոնկարներում:

Շուկշինը հանկարծամահ է եղել նկարահանման ժամանակ՝ 1974 թվականի հոկտեմբերի 2-ին:

Շուկշինի բազմաթիվ գործեր հայերեն է թարգմանել Արմեն Հովհաննիսյանը: Հայկական հեռուստաթատրոնը բեմադրել է Շուկշինի «Մինչև վերջին աքլորականչ» (1976 թ.), «Դեպք ռեստորանում» (1981 թ.) գործերը:

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed