Նարեկյան մշակույթը որպես հայ ինքնության անվտանգության ապահովման համակարգ
XXI դար թևակոխած մարդկությունն ականատես է իրենց չափերով ահռելի փոփոխությունների, որոնք իրենց տարածական հարթություններում մարտահրավերներ են նետել քաղաքական արդիականացման և զագացման գործընթացում գտնվող ժողովուրդների ինքնությանը: Տարաբնույթ քաղաքական ժամանակի և տարածության մեջ ձևավորված էթնոմշակութային, սոցիոմշակութային, դավանաբանական արժեքային համակարգի բնականոն արդիականացումը հնարավորություն է տալիս ժողովուրդներին առկա մարտահրավերներին պատասխանել նպատակամետ՝ անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ բացահայտելով ինքնության արդիականացման հիմնախնդիրներն անվտանգության ապահովման համատեքստում: Այս բարդ ու բազմաշերտ գործընթացներին բնորոշ է հակասականություն, որոնցից հատկանշական են .
ա. համամարդկային և ազգային շահերի, գլոբալացման և նույնականացման ձգտումների, ինչպես նաև ազգերի, հասարակությունների և անհատների միջև ինքնորոշման մասին ունեցած պատկերացումների աններդաշնակությունը,
բ. տարաբնույթ քաղաքակրթությունների միջև ծավալվող բախումների, երկխոսությունների, դաշինքների համատեղելիության կամ անհամատեղելիության հիմնախնդիրները, որոնք ավելի ակնառու են գլոբալացման գործընթացում նրանց անվտանգության ապահովման համակարգի ռազմավարության իրականացման ցանցային կառուցակարգերում: Այս առումով ուշագրավ է, որ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնարար արժեքների՝ անկախության, պետության և ժողովրդի պաշտպանվածության, խաղաղության և միջազգային համագործակցության, բարեկեցության հետ համատեղ կարևորվում է նաև հայապահպանության հիմնախնդիրը: Վերջինս՝ որպես համակարգված ամբողջություն, ենթադրում է. «…Ազգային հոգևոր ժառանգության հարատևությունն ապահովող և ազգային ինքնությունը մարմնավորող գործոնների զարգացում» [1, էջ 16]:
Այս համատեքստում անհրաժեշտ ենք համարում, հետադարձ հայացք նետելով հայ ինքնության արդիականացման հիմնախնդրին, նորովի դիտարկել Մ. Խորենացու և Գ. Նարեկացու կողմից համակարգված ազգային մշակութային այն տեքստերը, որոնք պատմական հոլովութում հնարավորություն են տալիս, տառապանքի քառուղիներով և ժամանակի փորձություններով անցած ժողովրդին ներկայիս մարտահրավերներին պատասխանելով, կերտել ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն՝ Տունը Հայոց: Յուրաքանչյուր պատմական ժամանակ Հայոց Տան կերտման իր արժեքաբանական տեքստն ունի, սակայն հայ ինքնության անվտանգության ապահովման առումով ելակետային ենք համարում X դարը:
X դարը` աստվածակենտրոնությունից դեպի մարդակենտրոնություն դրսևորումներով, սոցիալական ընդվզումներով, գահակալական նկրտումներով, մարդուն դրել էր իրականության բազմաչափ ընկալման այնպիսի իրավիճակում, որը, նրան օտարելով սոցիալական իրականությունից, իր անհանդուրժողական, հավակնոտ, աստվածամերժ վարքաբանությամբ, անվտանգ կեցության ապահովման ակնկալիքով մղել էր նյութապաշտության: Այս համատեքստում Գր. Նարեկացու ստեղծագործությունները, մասնավորապես` Մատյան ողբերգությունը արտահայտելով ժամանակի սոցիալական, քաղաքական, մշակութային և գիտական հիմնախնդիրներ, ձևավորեց նարեկյան մշակույթը: Այսօր էլ` երրորդ հազարամյակի Մարդու (այսուհետև՝«Մարդ» բառը գրելու ենք մեծատառով` նկատի ունենալով հավաքական ամբողջություն) անվտանգության ապահովման հիմնախնդրի համակողմանի ուսումնասիրության առումով այն պահպանել է իր արդիականությունը :
X դարն իր արժեքային բազմաչափությամբ տրոհել էր հայ մարդու պատկերացումները սեփական գոյության և հարատևման խնդիրների մասին. մի կողմից Բագրատունիների, մյուս կողմից Արծրունիների թագավորությունները, գերիշխանության համար նրանց միջև ծավալված սուր հակասությունների տիրույթներում ինքնությունը կորցրած ավատատիրական տները, լայն թափ ստացած թոնդրակյան շարժումը, Արաբական խալիֆայության և Բյուզանդական կայսրության կողմից հրահրվող բանսարկությունները: Այս ամենը երկատել էր հայ մարդուն, և նա դարձնել էր աշխարհի նյութական սկզբի, ծանր հարկերի, սահմանային պատերազմների, աստվածամերժ մտայնության զոհ: Լինելով իր ժամանակի կրթված և մարդասիրական արժեքներ որդեգրած մարդկանցից մեկը` Գր. Նարեկացին, իր ստեղծագործություններում` մասնավորապես Մատյան ողբերգությունում, ստեղծեց Մարդու ինքնակառավարման, ինքնաիրացման, ինքնահաստատման մի այնպիսի արժեքային համակարգ, որը, դարերի հոլովույթում քննություն բռնելով, հնարավորություն է տալիս մարդ էակին ոգեղենության, մարդասիրության, սիրո և բարու բարձր արժեքները համադրել նյութականության հետ: Նման մոտեցմամբ է համակարգվում նարեկյան մշակույթը՝ կիզակետելով հայ տեսակի գոյաբանական և իմացաբանական խնդիրներ` հանուն նրա անվտանգության ապահովման:
Այս նկատառումները հիմք ընդունելով էլ կարող ենք հավաստել, որ Նարեկացին, որպես հայ Վերածննդի գաղափարախոսության մունետիկ, ներկայանում է բարենորոգչական առաքելությամբ: Ինչպես վկայում է Վ. Չալոյանը՝ Նարեկացու բարենորոգություններն այդ ժամանակաշրջանում ընթանում էին թոնդրակյան շարժման շրջանակներում. «…որոնք VIII — IX դարերում ժողովրդական շարժման մի հսկայական պոռթկում առաջացրին ավատատիրական կեղեքման դեմ, ինչպես և օտար հարստահարիչների, մասնավորապես` Բյուզանդիայի տիրապետության դեմ» [2, էջ 57]:
Մեր համոզմամբ այս համատեքստում էլ Գր. Նարեկացին, մեկնաբանելով հարաբերական անկախության մեջ գտնվող ժամանակի սոցիալ-քաղաքական իրավիճակը, մշակեց Աստված-Մարդ, Մարդ-Մարդ, Մարդ-բնություն հարաբերությունների բարեփոխման նոր համակարգ, ուր առկա հակամարտություններն արդյունք էին «Ես»-ի` ինչպես սեփական ժամանակի և տարածության, այնպես էլ ժամանակի և՛ ներդաշնակ , և՛ աններդաշնակ տիեզերաբանական ընկալումների: Նախ անդրադառնանք «Ես»-ի մակարդակում հակամարտության ձևավորմանը` ճշտելով նրա դերը և՛ արտաքին, և՛ ներքին Մարդու
ձևավորման գործում: Իրականության մեկնության հենց այս մոտեցումներն էլ հիմք ընդունելով` գտնում ենք, որ պահպանելով համակեցության կանոնները` «Ես»-ը անցյալ-ներկա-ապագա եռաչափության մեջ ինքնադրսևորվում է` գոյապահպանման և հարատևման հզոր լիցք հաղորդելով սերունդներին: Այդ առումով կարևոր է հակամարտության փոխակերպման ուսումնասիրությունը, նրա շարժումը և կենսալիցքը: Նման պարագայում կարևորվում են Գր. Նարեկացու Մատյանում առկա մտածողության այնպիսի դրսևորումները, ինչպիսիք են` ծնունդը, այրությունը, մահը` նորի ստեղծման ակնկալիքով: Սակայն նշված հասկացությունները ևս, ինչպես ստորև կփորձենք ներկայացնել, կարող են «Ես»-ի համար կամ ապակողմնորոշիչ, կամ էլ առնվազն իշխանության իրականացմամբ պայմանավորված գործոններ լինել: Նարեկյան մշակույթը, որի հիմնաքարը քաղաքակրթության տիեզերաբանությունն է, ոչ միայն «Ես»-ի ներքին և արտաքին հակամարտության կենսաշրջանն է, այլև հակամարտության մեջ նրա փոխակերպման նախապայմանը: Անդրադառնալով փոփոխությունների մասնակիցների կամ այլ «Ես»-երի կողմից այս գործոնի կարևորության մակարդակին՝ կարծում ենք, որ այն արդյունքի վրա էական ազդեցություն ունի, քանի որ, համաձայն մեր պատկերացումների, տիեզերաբանությունն իր արմատներով ձգվում է ես-մենք նույնականացման ձգտող ենթագիտակցության: Այս առումով էլ կարևորվում է նարեկյան մշակույթի համակարգում առկա «Ես»-երի հակամարտության ուսումնասիրությունը (ես-Աստված, ես-բնություն, ես-Քրիստոս, ես-մարդ, ես-չար, ես-բարի, ես-լույս, ես-խավար, ես-ես և այլն): «Ես»-ի բազմաչափ դիտարկվող մակարդակները հայ քրիստոնեական մշակույթի հիմքն են, որի նարեկյան դրսևորումներն արդյունք են ժամանակի հակամարտության կենսաշրջանների՝ «Ես»-ի և՛ ինքնահաստատման, և՛ ինքնադրսևորման կառուցակարգային առանձնահատկություններին: Նարեկացին ներկայանում է որպես ջատագով հայ առաքելական քրիստոնեության` հիմք ընդունելով Քաղքեդոնի (451թ.), Դվինի (649թ.) եկեղեցական ժողովները, որոնցով հայերն իրենց հայտարարեցին միաբնակ:
Մատյանում մշակված և ներկայացված նարեկյան մշակույթի մասին ամբողջական պատկերացում կազմելու նպատակով հատկապես կարևորում ենք Աստծուն ուղղված հակամարտության փոխակերպման դրվագները: Բազմադեմ Աստծո նարեկյան պատկերացումներում միանգամայն հստակ ներկայացված են և՛ երկրային աններդաշնակությունը, և՛ մարդկային ավերող սկիզբը, որոնց նկատմամբ կարելի է հաղթանակ տանել միայն Տիրոջ զորությամբ.
Քանզի զիա ՞րդ ոչ արդեւք չքնաղ քան զբան
Եւ ի մթութենէ երկեւանութեան խաւարի զտեալ,
Եւ աստուծով աւժանդակեալ եւ աւգնեալ սիրտ մեղաւորի,
Որ ընդ մարմնապէս ծիծաղելն ` առ նմին հեծէ հոգեպէս,
Որ թէպէտ եւ յամբարձմանէ բարձրութեան գերագունիցն կայից
Ստորասուզեալ ծանրութեամբ յանդնդային վհին խորխորատ
զբոյն կործանման`
Նորագիւտ մեղաւքն անջրելեաւք,
Ունի եւ նշխար նշողից փրկութեան կենաց հպաւոր,
Իբր կայծակն լուսոյ` պահեցեալ ի միտս եւ յոգի… (ԺԱ — Բ)
[3, էջ 285]:
Նարեկացին համոզված է, որ երկրային աններդաշնակությունը և մարդկային ապակառուցողականությունն արդյունք են քրիստոնեական պատվիրանների շրջանցման: Մտածողը վստահ է, որ Աստված-բնություն-Մարդ ներդաշնակությունը ստեղծվում է միայն այն դեպքում, երբ ոչ միայն չեն անտեսվում Բարձրյալի պատվիրանները, այլև Մարդը հավատարիմ է մնում դրանց: Միայն այդ կարգացույցների պահպանումը և դրանց հանդեպ հավատարմությունն է օգնում մարդուն տեսնել, զգալ, ընդունել, հասկանալ ու հավատալ Աստծուն : Հենց այդ պատճառով է որ նա ոչ միայն ամենագետ ու ամենազոր է, այլև մարդ արարածի դատավորը. չէ՞ որ իր բոլոր արարքների համար մահկանացուն պատասխանատու է Երկնային Թագավորին: Մարդու բոլոր գործերի մարդասիրական հանրագումարը ենթադրում է ինքնահաշվետ պատճառահետևանքային փոխպայմանավորվածություն և համակեցություն, քանի որ նրա բոլոր խոսքերն ու արարքները` չար կամ բարի, իրեն են վերադառնում. «Մի՛ դատիր, որ չդատվես» , «Ոգիդ մի՛ հիվանդացրու չարով», «Մի՛ մոռացիր, որ չարը, գայթակղելով քեզ, մղում է թվացյալ հաղթանակների` քեզ զրկելով արարչության շնորհից»: Մարդն անվերապահ ընդունում է արարչությունը որպես հավատո հանգանակ, իսկ նրա մարդասիրությունն էլ համապատասխան պարտավորություններ է թելադրում.
Արա՛ փրկութիւն նիւթոյ խորանիս` որդւոյս դառնութեան,
Որ եկիր խնդրել եւ կեցուցանել զիս` զկորուսեալս:
Զի քո է մեծութիւն, յաղթութիւն եւ զաւրութիւն,
Եւ դու ես քաւութիւն եւ բժշկութիւն, նորոգութիւն եւ երանութիւն,
Եւ քեզ վայել է փառք եւ երկրպագութիւն յաւիտեանս:
Ամէն ( ԼԵ-Գ) [3, էջ 395]:
Այս իմաստով էլ նարեկյան մշակույթի մարդասիրական հենքը Սուրբ Երրորդության սկիզբ ունի. Հայր Աստծով սկսած և Հիսուս Քրիստոսով ու Սուրբ Հոգով ամբողջացած քրիստոնեությունը` որպես ազգային հավատի և պատվիրանների բացահայտման օրենք, ձևավորեց ամբողջական Մարդու կերպարը: Մի դեպքում Մարդն անցյալ-ներկա-ապագա եռաչափության կրողն է, այլ դեպքում, քրիստոնեական արժեքաբանությամբ պայմանավորված` արարիչ: Այս երկակիությունն էլ նրան հնարավորինս զերծ է պահում անօրենությունից, մարդատյացությունից, որոնք կարող են «Ես»-ին դարձնել աններդաշնակ և բախումներ հրահրել ընդունված կարգուկանոնի, սահմանված օրենքների դեմ: Այս նկատառումներից ելնելով էլ Նարեկացին գտնում է, որ Աստծո նկատմամբ ունեցած բացարձակ և անվերապահ հավատը Մարդուն ուղղում է գիտակցված գործողությունների ոլորտ, հույսով, որ իրեն` որպես հանուրի մասնիկի, այն անվտանգ կեցության հնարավորություն է ընձեռում և ապահովում:
Նարեկյան մշակույթը քրիստոնեությունը դիտում է երևույթների շղթայական ամբողջության մեջ, համաձայն որի` քրիստոնեական հավատը մեղքերի, Աստծուն հնազանդության, խոստովանության, զղջման, ապաշխարանքի, պարբերական գայթակղությունների և քավության, Տիրոջ կողմից հնարավոր թողություն ստանալու բարդ ու բազմաչափ շղթա է: Այդ շարքի ավարտն էլ հարաբերական է, քանի որ մեղսագործ ապաշխարող և գայթակղվող Մարդուն ներելու կամ չներելու իրավունքը միայն Աստծունն է, և Մարդն ի սկզբանե պետք է պատրաստ լինի դրանց: Նման մոտեցման հիմքում էլ ամենագո ուղղահայացության գիտակցումն ու պահպանումն է, որը Մարդու բնականոն զարգացման երաշխավորն է` իր արժեքային բազմազանությամբ: Աստված իրավունք է տալիս Մարդու վարքի քրիստոնեական կերպը քննել և՛ հորիզոնական (ցանցային), և՛ ուղղահայաց (ստորակարգ) ձևերով: Նարեկյան մշակույթում Մարդը` որպես ընդհանուրի անդամ, ներկայանում է ամենագո ուղղահայացության մեջ: Մեղք գործելը նշանակում է հակադրվել Աստծո Որդուն, Տիրոջ օրենքին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետև իմ այս փոքր եղբայրներից մեկին արիք, ինձ արիք» (Ավետարան ըստ Մաթևոսի, ԻԵ 40, Իե 45): Մարդու` Աստծո հանդեպ ունեցած հավատը, հույսն ու սերը պետք է լինեն անվերապահ ու բացարձակ: Այս սկզբունքով են թելադրված Մարդու բոլոր արարքները և մարդասիրական չափանիշները: Ըստ էության Մարդու բոլոր արարքների հիմքում Բարձրյալի հանդեպ ունեցած վերաբերմունքն է, քանի որ խախտել օրենքը` նշանակում է ոտնձգություն կատարել Տիրոջ կողմից արարված էակի` Մարդու հանդեպ: Այս տրամաբանությամբ էլ նարեկյան մշակույթը ներառում է նեոպլատոնական իմաստասիրությունը` «Պահպանի՛ր կարգը, որ կարգն էլ պահպանի քեզ» կարգախոսով: Համաձայն Նարեկացու` Մարդու հակամարտության գործընթացն սկսվում է մահկանացուի մեղսագործությունից և ավարտվում Աստծո ողորմածության դրսևորումներով: Նարեկյան մշակույթի ձևավորման ընթացքում ի սկզբանե հեղինակին զբաղեցնող խնդիրների կիզակետում օրինազանց մեղսագործն է, իսկ մնացածը սոսկ համատեքստ է:
Կյանքը թատերաբեմ է, ուր յուրաքանչյուր Մարդ իր դերն է կատարում. մեղք է գործում, հետո ապաշխարում ու ներվում, իսկ Տիրոջ ողորմությանն արժանանում են միայն ապաշխարողները.
Աղիողորմ հեծեծանաց` ի բարձունս աղաղակելոյ.
Ընկա՛լ քաղցրութեամբ, տէր աստուած հզաւր, զդառնացողիս զաղաչանս,
Մատի՛ր գթութեամբ առ պատկառեալս դիմաւք,
Փարատեա՛, ամենապարգեւ, զամաւթական տխրութիւնս,
Բա՛րձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս,
Անջրպետեա՛, հնարաւոր, զմահացու կրթութիւնս,
Աւարեա՛, միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս,
Բացադրեա՛, վերնային, զմոլելոյն մառախուղ,
Կնքեա՛, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս,
Ցրուեա՛, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս,
Խորտակեա՛, անքնին, զմարտողին դիմեցմունս (ԺԲ-Գ) [3, էջ 291]:
Նարեկյան մշակույթի ներման, Տիրոջ թողտվության այս արարողակարգը, բնականաբար, որևէ առնչություն չունի կաթոլիկ եկեղեցու կողմից մեղքերի քավության գործընթացին, երբ հնարավոր է համարվում մեղքից ազատվել դրամ վճարելով, կամ էլ եկեղեցականի հետ բանավոր երկխոսություն վարելով:
Նարեկյան մշակույթին բնորոշ է նաև հետևյալ իրողությունը. Մարդն ուսումնասիրվում է պարուրաձև տեղեկատվական հաղորդակցության միջոցով, այսինքն, թե նա ինչպես կարողացավ մեղանչել աստվածային արարչության դեմ, և ինչպես է հնարավոր այն սրբագրել` անընդհատ կատարելագործելով, փորձության ենթարկելով և՛ իրեն, և՛ Աստծուն (վերստին հանցանք է գործել, կրկին պետք է ապաշխարի): Այս գործընթացն էլ քրիստոնեական բազմաչափություն (միաբնակ, երկաբնակ) է ենթադրում, որի հանդեպ վերաբերմունքն էլ մարդկանց կարող է և՛ միավորել, և՛ բաժանել:
Մատյանում Նարեկացին քննության է ենթարկում ոչ թե Մարդ-Մարդ միջանձնային հարաբերությունները, այլ առաջնորդվում Մարդ-Աստված, ներքին և արտաքին Մարդ, Մարդ-բնություն փոխհարաբերությունների նկարագրությամբ: Նարեկյան մշակույթի արժեքաբանության կենտրոնը Մարդն է՝ բոլոր ժամանակների հանճարեղ ստեղծագործողն ու փիլիսոփան, որը պարտավոր է ըստ արժանվույն գնահատել ոչ միայն Արարչին, այլև իր նախորդների վաստակը: Մեծն Նարեկացին այն համոզմանն էր, որ տիեզերական տարածության և ժամանակի բազմաչափության մեջ Մարդու հիմնախնդիրը միանշանակ չի կարելի մեկնաբանել. չէ՞ որ Հիսուսի մատնության գիշերը Պետրոս Առաքյալը երեք անգամ ուրացավ Քրիստոսին (Մատթ. ԻԶ, 69-75), չէ՞ որ հրեաները Բարաբային գերադասեցին Քրիստոսից, չէ՞ որ Տիրոջ աշակերտները չէին հավատում, որ իրենց Ուսուցիչը «հարյավ ի մեռելոց»:
Իր մեջ ներառելով դարերի հոլովույթում ձևավորված ազգային հոգևոր-մշակութային արժեքները` նարեկյան մշակույթը, այնուհանդերձ, այդ իրականության կերպարային վերլուծությանը չի անդրադառնում, քանի որ առաքելական-քրիստոնեական հայ տեքստը ի սկզբանե` Մ. Խորենացուց սկսած` «…ամեն կողմից խռովություն… ամբարիշտներին խաղաղություն չկա» [4, 316 էջ] մտայնության հարազատությամբ հնարավորություն էր տվել գրողին տրոհված հայ սոցիալ-քաղաքական իրականության մեջ ապրող Մարդու ուշադրությունը սևեռել ինչպես անվտանգության ապահովման, այնպես էլ համամարդկային խնդիրների վրա: Գրողն այն համոզմանն է, որ սա է այն ուղին, որին ձգտելով էլ հայը ինչպես ազգային, այնպես էլ վերազգային սոցիալ-քաղաքական իրականության մեջ երկրի, իր տեսակի ապահովման ակնկալիքով, արդիականացնում է իր ինքնությունը` դառնալով դերակատարը ոչ միայն ողբի, այլև` արարման: Նարեկյան մշակույթի հենքը կազմող ողբն իր բնույթով համամարդկային է` ներառելով Երեմիա Մարգարեի ողբասացությունը. Նարեկացին ողբում է նաև Մարդ արարածի` Աստծո ստեղծածի մեղքերը:
Ե՛վ Խորենացու, և՛ Նարեկացու ողբերն իրենց ակունքներով առնչվում են Երեմիա Մարգարեին, սակայն կարծում ենք, եթե Խորենացին ծրագրել և կառուցակարգել էր հայի տեսակի ինքնության հարատևության ուղին, որի նախանշման համար էլ նա, քննելով հայ հեթանոսական մտայնությունը, վերլուծել է ազգի հավաքական «Ես» -ը, ապա Նարեկացին քննում-արձանագրում է Մարդու «Ես» -ը ընդհանրապես և եզրակացնում, որ Մարդը պարտավոր է ժամանակի իրադարձությունների հենքի վրա արդիականանալ` հանուն իր տեսակի անվտանգության ապահովման: Եթե Խորենացու ժամանակներում հայ ազգի «Ես»-ը չկարողացավ, ի զորու չեղավ պահպանելու հայրենիքի ազատությունն ու պետականությունը` իբրև ամենակարևոր, գերակա քաղաքական արժեք, ապա Նարեկացին, Մարդու «Ես»-ը քննելով որպես համակարգված ամբողջություն, փորձում է հային սովորեցնել, նրան կրթել և տերը դարձնել այնպիսի գաղափարախոսության, որն իր ճանաչողության, համակեցության կանոնների պահպանման և երևույթների մեջ կապը տեսնելու ունակությամբ երկրի և ժողովրդի համար օրհասական ժամանակներում կարողանա չարին դիմակայել: Նարեկացին նոր աստիճանի բարձրացրեց Խորենացու ընկալումները և դրանց նոր հնչեղություն հաղորդեց: Խորենացին ճիշտ էր իր ժամանակի համար, Նարեկացին` իր, իսկ նրանց գերխնդիրը հայի անվտանգության տեսակի ապահովումն էր, քանի որ պավլիկյան և թոնդրակյան շարժումների մեջ դրսևորվող տարաբնույթ աղանդավորական շարժումները հայի դեմ էին ուղղված: Մատյանը` որպես բազմաժանր ստեղծագործություն, հետամուտ է նաև հետևյալ նպատակի. ողբի գերակայության միջոցով հեղինակը հայ «Ես»-ին հաղորդակից է դարձնում տիեզերական ժամանակին և տարածությանը` դրանք դարձնելով իրեն զբաղեցնող խնդրի լուծման բաղկացուցիչ:
Լինելով իր ժամանակի զարգացած անհատականություններից մեկը` Նարեկացին չէր կարող տեղյակ չլինել նաև հարևան երկրներում, մասնավորապես` Բյուզանդական կայսրության արքունիքում իրենց գործունեությունը ծավալած հայազգի քաղաքական, հոգևոր-մշակութային, զինվորական նշանավոր գործիչների մասին, և գրողի ողբի ենթատեքստն իր մեջ է ներառում նաև հետևյալ մտայնությունը. այդ գործիչներն անտարբեր են իրենց հայրենիքում տեղի ունեցող իրադարձությունների հանդեպ: Լինելով կոսմոպոլիտ մտայնության տեր` նշանակում է լինել և՛ Մարդ , և՛ հայ քրիստոնյա: Այդ առումով Նարեկացու ողբը, ներընկալելով Մարդու ունայն կյանքի վախճանի մասին մտորումները, ստանում է համամարդկային հնչեղություն, քանի որ այն լուսաբանում է Մարդու առաքելությունն՝ արարել ինչպես նյութական, այնպես էլ ոգեղենական արժեքներ:
Նարեկյան մշակույթին անհարիր է Մարդու անբարեհույս կործանման ու ողբի մտայնության հուդա-ջհուդական Քրիստոնեական աշխարհայեցողությունը : Ուստի «ողբ» բառը հարկ է հասկանալ հունարեն ոչ թե «տրագեդիա», «ողբերգություն, «նոխազերգություն» իմաստներով, այլ` սգերգ, ողբ` համոզված, որ այդ ողբին բնորոշ է «…եւ զյուսոյն նվագն խառնեալ» [5, 87 էջ], այսինքն` հավատալ Տիրոջը և ապավինել նրա փրկության լույսին՝աղոթելով սեփական ձեռքերով և հավատի ուժով կերտած ծաղկած խաչքարերին:
Ամենաբարձրյալ Երկնակալի լույսի կարիքն ունեն և նրան տեսնում են նրանք, ովքեր կարողանում են չտարվել նյութով, հավատալ, որ Աստված իրենց արարել է որոշակի առաքելությամբ: Այս հանձնարարականի շրջանցումը Մարդուն հնարավորություն չի տալիս ապրել Աստծո հանդեպ ունեցած հավատի, սպասման հույսի և սիրո ներդաշնակության մեջ, իր ներքին և արտաքին «Ես»-ով: Հենց այս հանգամանքով պայմանավորված էլ նարեկյան մշակույթում մարդու «Ես»-ի կայացման բարդ համակարգն ուղեկցվում է ճանաչողության բազմաչափությամբ` պայմանավորված մեծ ու փոքր ողբերով, արարումներով և մաքառումներով:
Դժվար է կանխատեսել, թե տեղեկատվա-հաղորդակցական արդի տեխնոլոգիաների հետագա զարգացման արդյունքում ապագա փիլիսոփայության և գրականության մեջ (հատկապես պոստմոդերնիզմի անկումից հետո) Մարդու հիմնահարցն ինչպիսի արժեքային չափումներով կարծարծվի : Սակայն տիեզերական ժամանակի և տարածության մեջ ապրող հային երբեք չպետք է անցյալ-ներկա-ապագայի մեջ լքի ռացիոնալի և իռացիոնալի փոխպայմանավորվածության խաղային տրամաբանության բացահայտման անհրաժեշտության գիտակցոոումը: Ակնհայտ է, որ միայն այդ արժեքային տիրույթներում է հնարավոր պատասխանել առկա բազմաբնույթ մարտահրավերներին և ինքնակառավարվելով, ինքնաադիականանալով և ինքնաիրացվելով ՏԵՂ ՈՒ ԴԵՐ ապահովել սեփական Տեսակի համար: Այս ենթատեքստով է հագեցված նարեկյան մշակույթը : Որպես Մարդու, հասարակության և ազգի համակեցական կայացման հենք այն հրամայական ունի զուգամիտել ողբերգությունն և կատակերգությունն, լինել իրատես, վատատես և նաև կասկածել՝«կասկածում եմ հեևաբար անվտանգ գոյություն ունեմ» : Այլապես անցյալ-ներկա-ապագա զարգացման և անվտանգության պարուրային տեղեկատվա-հաղորդակցական արժեքային համակարգ պարունակող ՈՂԲԸ դառնում է ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ:Այսինքն խզվում, փլուզվում է ներդաշնակության պարույրը՝ առաջանում է քաոս…..
Մշակութաբանության մեջ ողբը թափառող և համընդհանրցնող սյուժե է. Մարդը՝ անկախ ազգությունից, բնության մեջ ապրելով, սարսափում է մահից, ողբում իր անցողիկությունն ու անզորությունը, քանի որ չի կարողանում հետ բերել ու կանգնեցնել ժամանակը: Անդառնալի ժամանակը և անդարձ կորուստներն իրենց հետքն են թողնում Մարդու ոչ միայն արտաքինի վրա, այլև քայքայում նրա ներքին «Ես»-ը, և նա չի կարողանում հաշտվել իր ժամանակավոր գոյության հետ:
Նարեկացու Մատյանը‘ իր սյուժեի բազմաչափությամբ պայմանավորված, համընդհանրցնող ողբ է՝ աղոթք, որի օգնությամբ էլ հեղինակը ի մի է բերում մարդու անվտանգության ապահովման համար անհրաժեշտ եզրերը` ոգեղեն արարման պահանջը, նյութական կարիքները հոգալու հրամայականը, ինքնիրացվելու ցանկությունը և Մարդու հանդուրժողականություն/անհանդուրժողականություն արժեքային երկվությունը:
Այս դիտանկյունից մարդկությանը համընդհանրացնող ողբի փիլիսոփայության մեջ Նարեկացին ներմուծում է այն ամենը, ինչը կարևորագույնն է Մ. Խորենացու «Ողբ»-ում: Այս առումով տողերիս հեղինակը դեռևս մեկ տասնամյան առաջ գրել ենք «Ցեղի պատմական գոյաբանութիւնը, նման կառուցակարգի մեջ անհրաժեշտ է դիտարկել որպէս արարչագործ անհատի ե՛ւ ստեղծագործական ինքնաիրացում, ե՛ւ մշակութաստեղծ կարողութիւնների դրսեւորում: Այսօրինակ դիտարկումից ազգային մտահայեցողութեան հէնքում որոշիչ են դառնում պատմական անձի արժէքահամակարգող գաղափարները եւ պատկերացումները մի դէպքում որպէս «Ես»-ի կողմից Տեղի հոգեւոր ընկալման, իրացման աստիճան, այլ դէպքում` որպէս ինքնորոշման, ինքնաճանաչողութեան տեսութիւն, որը հանրոյթին զերծ է պահում քաոսից» [6, 195 էջ]: Եթե Խորենացու ողբի հենքը հայ պետականության և Գր. Լուսավորչի կաթողիկոսական տան կործանումն է, ապա նարեկյան մշակույթի ողբի հիմքը մարդակենտրոնությունն է, ասել կուզի՝ այն միտում է ժամանակի և տարածության մեջ Մարդու գոյաբանական հիմնախնդրի լուսաբանմանը, Մարդ, որն ի վերուստ իրեն տրված պարտականություններից հրաժարվել փորձելու դեպքում պատժվում է Արարչի կողմից: Այս առումով էլ Նարեկացու ողբը լրացնում և ամբողջացնում է Խորենացու ողբը, քանի որ առնչվում է պատմական հոլովույթում ձևավորված հայ Մարդու գոյաբանության, համակեցության և անվտանգության խնդիրներին:
Դեռևս V դարում Խորենացին և Եղիշեն հայ իմացական աշխարհում արմատավորեցին ուրույն մտայնություն. երկրի հասարակական-քաղաքական դժբախտությունը կարելի է ծառայեցնել հայրենասիրական զգացումների հաղթահարման բարոյախոսությանը, և դժբախտության ու նահատակման մեկնաբանությունը հիմք դարձրին միասնության, եղբայրության ու վարքի գիտակցված կանոնների առաջադրման համար: Մարդու և հանրության տարբեր տեսակի պարտությունները նրանց մեկնաբանությամբ ստացան հասարակայնորեն ուրույն զարգացումներ` հատկապես հասարակական գիտակցության և ինքնագիտակցության բարձրացման, նոր դիրքորոշումների որոնման և առաջադրման առումներով: Գր.Նարեկացին յուրովի շարունակեց հենց այդ ավանդույթները, և Մարդու ու մարդկայինի հավաքական ողբերգական վիճակը հիմք դարձրեց ինքնաճանաչման, ինքնամաքրման միջոցով հասնելու Մարդ էակի կատարելագործմանը.
Ճանապարհ կենաց,
Որ առաջնորդես քաղցրութեամբ դիմելոյս ի լոյսդ վերին:
Ձեռնկալու մեծ վստահութեան,
Որ ոչ թողացուցանես գայթակղելոյս ի վայր կործանել:
Յուսոյ կերպարան,
Ճշմարիտ առհաւատչէիւ աղաչողաց մատանց յայտնի երեւեալ,
Ապաւինութիւն հանգստեան,
Որ ոչ երբէք մատնես վտանգի դատապարտութեան:
Ազատութիւն շնորհաձիր,
Որ տաս լիապէս առանց փոխատրութեան փրկանաց:
Առատութիւն աննախանձելի,
Որ քոյին փառաւորութեամբ զանարգ նիւթ հողոյս ճոխացուցանես (Ղ-Բ 603):
Նարեկյան դպրոցի հանճարեղ սանը, հիմք ընդունելով Խորենացու ողբը, այն բարձրացրել է նոր աստիճանի: Նարեկյան մշակույթը հայ իրականության մեջ ողբի առաջին դրսևորումներից է, և այս եզրահանգումը ցանկանում ենք հիմնավորել` անդրադառնալով ռուս մեծ գրականագետ Մ.Բախտինին, համաձայն որի` «Գեղարվեստական դիտողականությունը, նոր ձևերը նախապատրաստվում են… դարերի ընթացքում, դարաշրջանը միմիայն բարենպաստ պայմաններ է ստեղծում նոր ձևերի վերջնական հասունացման և իրականացման համար» [7, էջ 43]: Համաձայնելով ռուս գրականագետի հետ` հավելենք, որ հայ կյանքում ողբն առանձնահատուկ ուշադրության է արժանացել ժողովրդի, հայրենիքի և Մարդու` եռաչափ մակարդակով պայմանավորված, և այն թելադրված է հայ հասարակական-քաղաքական իրավիճակով: Ողբի ժանրը նպաստում է, որ հայ անհատը, անվտանգության ապահովման դիրքերից ելնելով, ժամանակի հիմնախնդիրները քննի եռամակարդակ: Ազգային կյանքում սա նարեկյան ձեռքբերումն է, իսկ Մատյան ողբերգությունը` «բանավոր պատարագը»` «ԱՆԱՐՅՈՒՆ ԶՈՀԸ»` հայոց ողբերի թագն ու պսակը [8, էջ 252]:
Նարեկյան մշակույթը համակեցության օրենքների պահպանման միջոցով Մարդու զարգացման այնպիսի համակարգված արժեքների ամբողջություն է, որը նպաստում է նաև Մարդու մարմնի, մտքի և ոգու առողջացմանը: Պոեմը եզակի ստեղծագործություն է, որը հնարավորություն է տալիս Մարդուն լինել աշխարհաքաղաքացի` հանուր մարդկության մասնիկը` սեփական տեսակի անվտանգության հարատևությունն ապահովելով: Թերևս դա է պատճառը, որ ազգային գրականության մեջ չկա մի մեծ բանաստեղծ, որը չկրի նրա ստեղծագործական ազդեցությունը` միջնադարյան տաղերգուներից[1]մինչև Խ. Աբովյան, Պ. Սևակ: Այս ամենով էլ պայմանավորված է նարեկյան մշակույթի խորաթափանցությունը, խորհրդավորությունը, նրա աստվածաշնչյան իմաստությունը, որով և «Մատյան ողբերգության» աղոթագիրքը դառնում է հայի ինքնության արդիականացման և անվտանգության ապահովման ուղենիշ:
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, Եր., «Հայկական բանակ», 2007 թ., էջ 16:
Վ. Չալոյան, Հայկական ռենեսանս, Եր., 1964 թ., էջ 57:
Գր. Նարեկացի, Մատեան ողբերգութեան, աշխատասիրությամբ Պ. Մ. Խաչատրյանի, Ա. Ա. Ղազինյանի, Եր. , 1985 թ.:
Մ. Խորենացի, Հայոց պատմություն, Եր., 1981 թ,, էջ 316:
Առաքել Սիւնեցի, Յաղագս քերականութեան համառօտ լուծմունք, Լոս Անճելոս, 1982, էջ 87:
Մ. Մարգարյան, Հոգևոր Հայաստանի գաղափարախոսությունն արդիականացման գործընթացում: Բազմավէպ, 2004 թ., N 1-4, էջ 195:
М.М.Бахтин, Проблемы поэтики Достоевского, М., 1979 г., с. 43.
Պարույր Սևակ, Թրի դեմ գրիչ., Երկ. ժող. 6 հ., հ. V, Եր.,
1974 թ., էջ 252:
- Previous Ցեղասպանության տարելիցին նվիրված «Էրգրականչ» գիրքը հանձնվեց ընթերցողի դատին
- Next Ծանոթացիր աշխարհին Զևի աչքերով