Նարեկացու մարդասիրական հայեցակարգը շարունակում է արդիական մնալ

«Մենք» առցանց մշակութային լրատվականը զրուցել է քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարի Զաքարյանի հետ:

 

Ինչպե՞ս է Նարեկացին դիտարկում իր մարդասիրական հայեցակարգը:

Համընդհանրացման դարաշրջանում անդրադառնալով մեծ աստվածա­բանի մարդասիրական հայացքներին` հնարավորություն ենք ստանում նորովի մեկնելու հազարամյակների խաչմերուկներում հայտնված Մարդու բանականի և զգայականի ներդաշնակ կեցության սահմանները: Նարեկացու աշխատությունում եռամիասնութ­յան մեջ գտնվող նշված հավատի, հույսի և սիրո զուգամիտումը կարևորում ենք` շեշտադրելով Գր. Նարեկացու Աղոթա-մատյանում յուրաքանչյուր մասի սկիզբն ավետող «Բան»-ով (Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ), որը ներառում է ժամանակի ու տարածության մեջ ճանաչողության բազմաշերտ մակարդակներ: Ամեն անգամ «Բանը» որպես իմացութ­յան եզր գործածվելով` ստեղծվում է ներդաշնակ կեցության ցանցային ճանաչողութ­յան համակարգ. հեղինակը ներկայացնում է հավատը, հույսը և սերը որպես մար­դասիրության ակունք: Աստված իր արարչությամբ Մարդուն կյանքը ապրելու, ժամա­նակն ու տարածությունը հարափոփոխ զարգացման մեջ ընկալելու, ինչպես նաև աստվածաշնորհ գործողություններ կատարելու միջոցով նրան սեփական տեսակի անվտանգության ապահովման հնարավորություն է ընձեռում: Աստված իր ստեղծած աշխարհով բազում և բազմազան է, և Մարդը ի զորու չէ նրան ճանաչելու, սակայն, ըն­դարձակելով իր գիտակցության սահմանները, իմացության փափագով օժտված, դառ­նում է պարուրային (մանկություն, պատանեկություն, հասունություն) ժամանակի և տարածության մեջ տեղեկատվության ամբարման շտեմարան:

Գր. Նարեկացին, անդրադառնալով Հին և Նոր կտակարանների կերպարներին, յու­րաքանչյուրին դիտարկում է իբրև գոյաբանության մաքառման քառուղիներում կայա­ցած, մարդասիրությամբ իմաստնացած դերակատարներ, որոնց ամբարած արժեքնե­րը, որպես տեղեկատվական համակարգ, փոխանցվում են սերունդներին: Նման մո­տեցումը ոսպնյակվում է Հիսուս Քրիստոսի կերպարով, որի միջոցով մարդը հաղոր­դակցվում է երկնքի ու երկրի հետ: Եթե Հայր Աստված Մարդուն մեղքերից ազատելու համար իր Որդուն չզոհաբերեր, ապա Նրա արարչությունը ժամանակի և տարածութ­յան մեջ չէր ամբողջանա մարդասիրությամբ: Որդու միջոցով Տերը իր ստեղծած մահ­կանացու գոյին հիշեցրեց` ինքը չի մոռացել, որ Մարդը անկատար, մեղսունակ արա­րած է, սակայն Որդու խաչելությամբ և հարությամբ հնարավորություն է տրվում նրան հավատի, հույսի և սիրո տիրույթներում համակեցություն ապահովել` հանուն մար­դասիրության և սեփական տեսակի անվտանգության ապահովման գիտակցության:

 

Ինչպե՞ս է Նարեկացին ներկայացնում սիրո զգացումը և մարդուն:

Մատյանում սիրո զգացումը հավասարաչափ է ի հայտ գալիս և՛ Արարչի, և՛ մարդ­կանց, և՛ իրականության ու բնության նկատմամբ: Այս ամենը հիմք ընդունելով` պետք է նշել, որ Նարեկացու կենսասիրությունը ամբարում է Մարդու գոյաբանության փոր­ձը, և մարդասիրական ակունքներով զուգամիտում երկնային և երկրային տեղե­կատվական ներուժը:

Ստեղծագործողի` կենսասիրությամբ հագեցած մարդասիրությունը բազ­մաչափ է. նա սիրում է Արարչին, նրան, ով ստեղծել է իրեն և բնությունը, ինչպես նաև մարդուն, հանուն մարդասիրության հակված է համակեցության: Նարեկացին Մարդուն դիտարկում է որպես բնությունը ամբողջացնող գոյ և Տիրոջը երկրպագում նաև նրա համար, որ բնության հանդեպ գիտակցական վերաբերմունքը միայն Մարդուն է շնորհվել: Տիրոջ սերը մարդ էակի հանդեպ անմնացորդ է, և այն Մարդուն մղում է համակեցության, կենսա­սիրության, որոնք էլ ներուժի անսպառ աղբյուր են: Բնության հանդեպ պաշտամունքի գերակայության անվերապահ ընդունումով` հեղինակը մարդուն ուղղորդում է դեպի հոգևորի աշխարհը` ցանկանալով շեղել նրան սոցիալական ծանր հոգսերից և օգնել գիտակցաբար վեր կանգնելու աններդաշնակ կեցությունից: Այս տիրույթներում էլ Նարեկացու բնապաշտությունը ի հայտ է գալիս երկու սկզբով` նյութական և ոգեղեն: Գրողը փորձում է երկվության հաշտեցման եզրերը տեսնել Աստծու կողմից արարված ամենակատարյալ էակի` մարդու հոգում` հավատը, հույսը և սերը համարելով մար­դասիրության ակունք` դրանով իսկ հայ Մարդու համար մշակելով համակեցության համակարգ, որը հնարավորություն է տվել դիմակայելու ժամանակի արհավիրքնե­րին:

 

Նարեկացին ի՞նչ ուղի է ցույց տալիս մարդուն համակեցության հասնելու համար:

Հանճարեղ մտածողի կարծիքով` աշխարհը պետք է ներդաշնակ լինի, քանի որ ա­րարիչ Աստված բոլորին ստեղծել է սիրով, նրանց տեսակը կարևորել, և նրանցից յու­րաքանչյուրն արարվել է որոշակի առաքելությամբ: Հենց այս հանգամանքն էլ ապա­հովում է տեսակների հոգնականությունը՝ շեշտելով նրանց պատասխանատվությու­նը աշխարհի ներդաշնակ գոյության հանդեպ:

Այս համատեքստում էլ մարդասիրության հայեցակարգի քննությունն առավել ընդգրկուն դարձնելու նպատակով գրողն իր բազմահարուստ լեզվական միջոցներով շրջանառության է դրել «ինքն/ա/» դերանվամբ կազմված բառեր՝ առավել ակնառու դարձնելով «ես»-ի զարգացման ժամանակային պարույրը՝ անցյալ-ներկա-ապագա շղթայում այն ներկայացնելով որպես մարդու տեսակի կեցության կամ գոյաբանութ­յան հիմնախնդիր:

Գր. Նարեկացին կարևորել է մարդու «ես»-ի ինքնամաքրման ունա­կությունները, քանի որ մարդը միայն այդ պարագայում կարող է արժևորել, գնահա­տել Արարչին: Այս ենթատեքստում էլ Գր. Նարեկացին կարևորել է մարդու (դիցուք՝ հայի) փոխակերպման հնարավորությունները, որոնցից չօգտվելու դեպքում տարա­ծության մեջ բացահայտվում է տեսակների աններդաշնակ ընկալման հակասությու­նը: Հետևաբար, առաջնորդվելով հանդուրժողականության կարգախոսով, Գր. Նարե­կացին մարդուն կոչ է անում ճանաչել իր նմաններին և հանդուրժող լինել նրանց՝ ինչ­պես չիմացության, այնպես էլ ապակառուցողական գործողությունների հանդեպ: Ե­լակետ ընդունելով նշված տիրույթներում գոյը և չգոյը՝ նա յուրովի է ընկալում արա­րումը. Նարեկացու՝ աշխարհաքաղաքացի մարդու արժեհամակարգի կերտման փիլի­սոփայական, մարդասիրական առանցքը ներառում է և՛ սոցիալական, և՛ ազգային տարածական բազմաչափությունը:

Տարածական այդ հարթություններում կատարած բազմաբնույթ գործողությունների օգնությամբ Գր. Նարեկացին մարդ-մարդ հարաբերություններում ուրույն կա­ռուցակարգ է մշակում՝ ինքնամաքրվել ինչպես երկխոսության, այնպես էլ բանա­վեճի միջոցով: Գր. Նարեկացու համոզմամբ` ախտից ազատվելու միայն մեկ ճանապարհ կա. մարդը երկխոսության միջոցով պետք է համոզվի, որ նյութը հոգուն բավարարել չի կարող, և գործողություններ կատարելիս տարածությունը և ժամանակը լցնի ինքնահամագործակցության, ինքնաիրացման գործոններով:

Գր. Նարեկացու ճանաչողության հայեցակարգն իր հարափո­փոխ հաղորդակցմամբ տարածական բազմաչափության մեջ համադրում է ես, նա, մենք դերակատարներին:

Նարեկացու կարծիքով հավատի, հույսի և սիրո սկզբունքները չպահպանող մարդու հոգին է միայն նավաբեկության ենթարկվում, քա­նի որ տուրք է տալիս զգայական ընկալումներին:

Մարդը Աստծուն հավատալով վեհանում է և, մարդասիրությամբ ա­ռաջնորդվելով, ինքնիրեն հնարավորություն է տալիս երկխոսություն ծա­վալել առաջին հերթին Աստծո, ապա իր նմանների հետ, որոնց ներ­դաշնակվելով` վերածվում է աստվածային մարդասիրության կրողի: Միայն այս դեպքում է հնարավոր ես-նա-մենք հենքով արժեքային համակարգի ընդունմամբ մարդասիրություն դավանել ոչ թե ձևականորեն, այլ բանականորեն: Աստված մարդասիրության ակունքն է, ուստի հավատի, հույսի և սիրո տարաբնույթ դրսևորումներով Մարդը պարտավոր է լինել արարչապաշտ, մարդասեր, բնապաշտ և մտահոգվել իր անվտանգ, արժանապատիվ, ներդաշնակ կեցության համար:

 

Համակեցության հասնելու համար նախ և առաջ պետք է համագործակցել նաև այլ «ես»-երի հետ, ինչպե՞ս:

Քրիստոնեական մարդասիրությունը, որպես նարեկյան քաղաքակրթական ժամա­նակի «ես»-երը բնութագրող հարաբերական անկախության մեջ գտնվող ամբողջութ­յուն, ուղեցույց է Մարդու ներքին և արտաքին կերպարի միասնական ընկալման հա­մար: ժամանակային հարացույցը իբրև ելակետ օգտագործելիս բացահայտվում է սկզբի, վերջի և հայտնության, ինչպես նաև մաքրագործման (կատարսիս) փուլայնութ­յունը` այն կենսագործունեության տիրույթը, որտեղ «ես»-ը ժամանակի ընթացքում պահպանում է իր տեղը` երկխոսություն վարելով հանուն մարդասիրության և համա­կեցության: Քրիստոնեական մարդասիրությունը համապատասխան վարքագիծ ու վերաբերմունք է ենթադրում, որտեղ ժամանակն անվերջ է մարդասիրության համար, իսկ ներքին և արտաքին «ես»-ի ինքնակատարելագործումը` հարափոփոխ:

Ժամանակի տիեզերաբանությունը` հասարակական, անհատական և ազգային դրսևորումներով, «ես»-ը դիտարկում է «հանգույց-ցանց» փոխհարաբերություններում. «ես»-ը և՛ հանգույց է, և՛ ցանց, որոնց օգնությամբ նա ոչ միայն արժեք է փոխան­ցում, այլև ստանում և կուտակում`որպես տեղեկատվական համակարգ: Նարեկյան մշակույթի տեսանկյունից «ես»-ի ներքին և արտաքին մարդու շաղկապվածութ­յունը իրականություն է` հարաբերականորեն միասնության և բաժանելիության մեջ, իսկ «ես»-ի անհատական էության հիմքը նրա հավատն է առ Աստված, Մարդ, բնութ­յուն` իր բազմաչափ դրսևորումներով:

Ե՛վ ցանցերը, և՛ հանգույցները հնարավորություն են տալիս «ես»-ին` ներքին և արտաքին մարդուն, արժևորելով իր հարատև փոփոխության գործընթացը, գիտակցո­րեն խուսափել «գորդյան հանգույց»-ի ճակատագրից: Այս ամենն ազդեցություն է թող­նում «ես»-ի հակամարտության ընկալման վրա, որը նարեկյան մշակույթում դիտվում է որպես «ես»-երից կազմված և «մենք»-ի ներսում ձևավորված ապակառուցողական երևույթ: Նման «մենք»-ը, կորցնելով ներդաշնակ և անվտանգ կեցության կարգավիճա­կի գերակայության անհրաժեշտությունը, արտաքին աշխարհի ազդեցությամբ տրոհ­վում է զգայականի և բանականի բևեռներում (նկատի ունենք հայ ինքնությունը ջլա­տող երևույթները` պայմանավորված թոնդրակյան շարժմամբ):

Նարեկացու համոզմամբ` հավատը, հույսը և սերը, որպես մարդասիրության ա­կունք, Մարդուն ձերբազատում են իրականությունը տրոհված ընկալելու հնարավո­րությունից` չսահմանափակելով նրան ո՛չ հասարակական, ո՛չ էլ անհատական ժա­մանակի միարժեք ընդունումից: Այս պարագայում էլ սերը իր բազմաչափությամբ (առ Աստված, բնություն, Մարդ, կենդանական, բուսական աշխարհ) բևեռացնում է մարդու պատասխանատվությունը կատարած արարքների, արտահայտած մտքերի, զգացմունքային ապակառուցողականության նկատմամբ:

Վերոբերյալը նարեկյան մարդասիրության հիմքն է, որտեղ գործողության բարոյա­կան արժեքաբանությունը իր վարքագծի բաղկացուցիչ է դարձնում միայն հավատի, հույսի և սիրո տիրույթներում ձևավորված անհատին:

Նարեկացին բացահայտել է մարդասիրության բազմաչափությունը Մարդու կամքի, պատասխանատվության, ինչպես և հարահոս փոփոխվող հակամարտությունների առումներով: Կյանքի պա­րույրը, իբրև կամք, պատասխանատվություն և հակամարտություն, շարունակական փոխկապված երևույթների ամբողջություն է, որը կերպափոխվում է ժամանակի մեջ:

Ինքնամաքրվելով Մարդը փնտրում է այն ոսկե միջինը, որի օգնությամբ ներդաշ­նակում է նյութականը և ոգեղենը. այս դեգերումների հիմնաքարը հավատքն է, հավա­տալ ոչ թե վախենալով, այլ ակնածելով, հուսալով և սիրելով: Քրիստոնեական արժեքները ամբարում են զգայական այն մեծ պաշարը, որը Մարդուն պետք է ուղեկցի կյանք կոչվող ժամանակի ընթացքում, և եթե նա դույզն-ինչ թե­րահավատ լինի, ապա վախից կամ չիմացությունից ծնված կուռքերը նրան կզրկեն Աստծո ողորմածությունից` նետելով չարի իշխանության տակ: Հավատալ Աստծուն նշանակում է սիրել Տիրոջ արարած աշխարհը ամբողջության մեջ` սիրել Աստծու Որդուն, իսկ սերը Տիրոջ և Որդու հանդեպ մահկանացու մարդուն զերծ է պահում չա­րից, ապակառուցողական ներուժից, տրոհվածությունից և չարդարացված նկրտում­ներից: Ժամանակի պարույրում կոփված հավատը մարդուն ապացուցում է, որ միայն սերն է մարդուն օժտում համբերության և համակեցության զգացումով: Հավատալ սի­րելով, քանի որ մարդը միայն այդպես կարող է մաքրվել մեղքերից: Հավատալ սիրե­լով, քանի որ այդ զգացմունքը նրան հնարավորություն կտա ներդաշնակել նյութը և ո­գին, փորձել ստեղծել երկրում Աստծո նման` ոչ միայն իր, այլև հանուրի համար: Սա հնարավոր է մեկ պարագայում. երբ մարդը հավատում է սիրելով, և հենց այդ զգաց­մունքն էլ հնարավորություն է տալիս մարդասիրական արարքների և, բարձրացնելով իր բարոյական նկարագիրը, վայելել Աստծո բարեհաճությունը:

հարցազրույցը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նարեկացու մարդասիրական հայեցակարգը շարունակում է արդիական մնալ”

Leave a Reply

Your email address will not be published.