Նազիկ Ավդալյանի կյանքի հետաքրքիր ու ճակատագրական դրվագները. «Արմենիա ԹիՎի»-ի «Վերնիսաժ» հաղորդման տաղավարում չեմպիոնն է

Աշխարհի և Եվրոպայի ծանրամարտի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանի կյանքի հետաքրքիր ու ճակատագրական դրվագներն առավել մանրամասն հեռուստադիտողին կներկայացնի Արմենիա ԹիՎի-ի «Վերնիսաժ» հաղորդաշարը:

Չեմպիոնուհու ծնողները հատկապես հետաքրքիր դրվագներ են հիշում ակտիվ ու աշխույժ փոքրիկ Նազիկի մասին, ով մշտապես աչքի էր ընկնում իր համարձակ ու անփոփոխ որոշումներով: Իսկ ակրոբատիկայի մարզիչ Էդիկ Ալագյոզյանն առավել պատկերավոր հիշում է դեռևս 5 տարեկան Նազիկի մուտքը ակրոբատիկայի դահլիճ:

«Դեռ շատ փոքր էր, առաջին անգամ մարմնամարզության պարանն առանց որևէ մեկի օգնության բարձրացավ և այդ պահին միանգամից հասկացա, թե ինչ հաջողությունների կարող է հասնել այս աղջնակը»,- ընդգծեց մարզիչը՝ հպարտանալով Նազիկի արդեն մերօրյա հաղթանակներով:

Իսկ թե ինչի՞ էր պատրաստ Նազիկ Ավդալյանը հանուն սպորտի և ինչպե՞ս էր կարողանում համոզել ուսուցիչներին դրական տրամադրվել և չպատժեի իրեն բացակայությունների համար կպատմեն նրա ուսուցիչները:

«Վերնիսաժ» հաղորդման տաղավարում Նազիկի համար անակնկալները շատ էին, անսպասելի հանդիպումները, ուսուցիչների հիշողությունները, Սոֆի Դևոյանի անակնկալ նվերը մարզուհուն անմոռանալի դրական լիցքեր հաղորդեցին:
Ճակատագրական ավտովթարից հետո մեծ սպորտ վերադառնալու համար բժիշկների ջանքերի ու մարզուհու ապրումների մասին կխոսեն հաղորդման ընթացքում՝ վերհիշելով անցյալն՝ արդեն հանգիստ ու հպարտ:

«Նորվեգիայում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ բոլորս քարացած սպասում էինք, և ինձ համար ամենակարևոր պահն այն էր, երբ հաղթանակից վայրկյաններ անց զանգահարեց Նազիկն ու գոռաց. բժիշկ ջան հաղթեցինք, չեք պատկերացնում ինչ էր կատարվում մեր տանը»,- հիշում է Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Էրեբունի» բժշկական կենտրոնի նեյրովիրաբուժական և նյարդաբանական կլինիկայի ղեկավար Մամիկոն Եղունյանը:

«Վերնիսաժ» հաղորդման ընթացքում Նազիկ Ավդալյանը նաև կպատմի ընտանեկան կյանքի, փոքրիկ Վաչեի արկածների և իհարկե առաջիկա ծրագրերի մասին:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Նազիկ Ավդալյանի կյանքի հետաքրքիր ու ճակատագրական դրվագները. «Արմենիա ԹիՎի»-ի «Վերնիսաժ» հաղորդման տաղավարում չեմպիոնն է”

Leave a Reply

Your email address will not be published.