Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի օրն է

Այսօր Հայաստանի Ազգային գրադարանի օրն է: Օրվա առիթով Ազգային գրադարանում կազմակերպում են միջոցառումներ, ցուցադրություններ: Այս մասին տեղեկացնում են Ազգային գրադարանից: Բացվելու են Նորայր Ադալյան – 80 (գրականության),  ՀՀ անկախության  25-ամյակին  նվիրված  գրքային  և  ոչ  գրքային հրատարակությունների   (լուսանկարների, պլակատների, օրացույցների, ազդագրերի, բացիկների, նամականիշների, դրամների), «Լումա»  ամսագրի տպագրության 120-ամյակին նվիրված ցուցադրություններ, ներկայացվելու է «Նապոլեոն Բոնապարտ» հավաքածուն:

Հայաստանի Ազգային գրադարանը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում: Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը» (1512թ., Վենետիկ), առաջին պարբերականը` «Ազդարարը» (1794թ., Մադրաս), առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը» (1695թ., Ամստերդամ):

ՀԱԳ-ի պատմության սկիզբը համարվում է 1832 թվականը, երբ հիմնադրվել է Երևանի Արական գիմնազիայի գրադարանը, որի 18.000 միավոր հավաքածուի հիման վրա կազմավորվել է Հայաստանի ազգային գրադարանը: 1919թ. հուլիսի 4-ին ընդունած «Պետական հանրային մատենադարանի մասին» օրենքով գրադարանը ստացել է գլխավոր պետական գրադարանի կարգավիճակ: 1925-ից մինչև 1990 թվականը գրադարանը կոչվել է հայ նշանավոր քաղաքական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանի անունով, ով զգալի ներդրում է ունեցել գրադարանի կայացման և զարգացման գործում: 1990 թվականից գրադարանը վերանվանվել է և կոչվում է «Հայաստանի Ազգային գրադարան»:  Հիմնադրման 150-ամյակի առթիվ գրադարանը 1982 թ. պարգևատրվել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանով:

Ազգային գրադարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ գրադարանի հավաքածուն 2015թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է ավելի քան 6,3 մլն հաշվառային միավոր: Դրանք գրքեր, ամսագրեր, լրագրեր, քարտեզներ, պլակատներ, ատենախոսություններ, նոտաներ, բացիկներ, նամականիշներ, օրացույցներ, մատենանիշներ, թղթադրամներ, տեսալսողական և էլեկտրոնային (CD, DVD) կրիչներ են:

Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:

Տարածել`
Share

You may also like...