Յուրաքանչյուր երգիչ, ով քննադատվում է, պատրաստ է դրան. Արսեն Գրիգորյան

armlur.am-ը գրում է՝

Երգիչ, երգահան Արսեն Գրիգորյանը տեւական ստեղծագործական դադարից հետո վերջին շրջանում սկսել է ակտիվություն ցուցաբերել: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ պատրաստվում է սեպտեմբերին «Ժողովրդական երգիչ» հեռուստանախագծից հայտնի դարձած երգչուհի Մոնիկա Նազարյանի հետ դուետ ներկայացնել` տեսահոլովակի տեսքով (Երգը կոչվում է «Արի մոտս», երաժշտությունը գրել է Արսեն Գրիգորյանը, խոսքերը` Ավետ Բարսեղյանը): Նունե Եսայանի հետ հիթային դուետով («Միայն ես եւ դու») հանդես եկած երգիչը տեղեկացրեց, որ տարիներ առաջ փորձել են շարունակական դարձնել իրենց զուգերգը` կյանքի կոչելով «Թե ես, թե դու» երգը. «Բայց այդպես էլ չկարողացանք դա իրականացնել, որովհետեւ զգացինք, որ մարդկանց ճաշակը փոխվել է:

Ես էլի ունեմ երգեր, որոնք այդպես էլ չեմ թողարկել, քանի որ դրանցով գումար վաստակելն անհնար է»,-բացատրեց Արսենը: Պարզվում է` Արսենի հայրը եղել է նրա առաջին ուսուցիչը, ում հետ, ի դեպ, երգիչը նոր դուետ է պատրաստել. «Հայրս` Գագիկ Գրիգորյանը, երաժիշտ է, ակորդեոնահար: Մեր զուգերգը կարող եք լսել Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում` «Բենեֆիս» նախագծի շրջանակներում»,-մանրամանսեց Արսենը: Այժմ բուռն գործունեությամբ աչքի ընկնող երգիչը խոստովանեց, որ եղել է ժամանակ, երբ ինքը հիասթափվել է մեր երաժշտական իրականությունից. «Բայց հետո ասացի` մի րոպե, բա որ ես ոչինչ չանեմ, էլ ո՞վ անի. դեգրադացնող երաժշտությանը տրվե՞նք: Չէ՞ որ ունենք հանդիսատես, որն ակնկալում է որակյալ երաժշտություն»,-ասաց նա: Ամեն դեպքում, վերջինս այն համոզման է, որ եթե երգիչը միայն իր աշխատանքով է ընտանիքը պահում, պետք է աշխատի հանրության լայն շրջանակների համար, որպեսզի այդ աշխատանքը եկամտաբեր լինի:

Մենք հետաքրքրվեցինք` երգահանը հետևում է արդյոք շոուբիզնեսյան իրադարձություններին, ինչ կարծիք ունի նա Արման և Լիլիթ Հովաննիսյանների, Հռիփսիմե Հակոբյանի՝ բուռն քննադատված երգերի մասին. «Անպայման հետևում եմ, եւ ասեմ, որ յուրաքանչյուր երգիչ, ով քննադատվում է, պատրաստ է դրան, այսինքն` վստահ է, որ իրեն սպառնում է նման բան: Ինքս նրանց չեմ քննադատում, որովհետև քննադատողներից եւ ոչ ոք այդ մարդկանց ընտանիքները չի պահում: Ինչ անում են` լավ են անում, այս ժողովրդին տեղն է. թող լավ երաժշտություն լսեին, մարդիկ էլ լավը տային, ինչ ուտում են, այն էլ տալիս են, որ գումար վաստակեն և այն ներդնեն իրենց հետագա գործունեության մեջ»,-նշեց նա: Մենք նաև հարցրինք, թե արդյոք հնարավոր չէ այլ եղանակով գումար վաստակել, իսկ արվեստին ավելի լուրջ վերաբերվել. «Էս գելերը` մոնոպոլիստները, կթողնե՞ն, որ մի բան էլ մենք անենք. ամեն ինչ իրար մեջ կիսել են»,- եզրափակեց Արսենը` նկատի ունենալով իրենց` որեւէ բիզնես հիմնելու շանսերը:

 

 

 Հեղինակ՝ Աննա Բաբաջանյան

Տարածել`
Share

You may also like...