ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգում է հայտնվել հայկական լավաշն ու հացի հյուրասիրելու մշակութը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեում օրերս կրկին օրակարգում էր հայտնվել «լավաշին առնչվող մշակույթի գրանցման խնդիրը»: «Տափակ հաց թխելու և հյուրասիրելու մշակույթ՝ լավաշ, քաթըրմա, ժուպկա, յուֆկա» ձևակերպմամբ հայտն այս անգամ ներկայացրել էին Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Բավարարելով հայտը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն նոյեմբերի 30-ին Եթովպիայում գումարած իր նստաշրջանում մեկ անգամ ևս լավաշ հացին առնչվող մշակույթը ներառեց Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ։ Հայկական լավաշին առնչվող ավանդույթները նույն ցանկում գրանցվել են երկու տարի առաջ: 2014-ին հայտը ներկայացրել էր Հայաստանը՝ «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» : Սա հաշվի առնելով, Հայաստանի պատվիրակությունը պնդել է, որպեսզի հիշյալ հայտը ենթարկվի լրամշակման: Արդյունքում՝ քննարկելով համատեղ հայտը, կոմիտեն իր որոշման մեջ հղում է կատարել Հայաստանի կողմից ներկայացված հայտի առնչությամբ 2014 թվականին ընդունված որոշմանը՝ հաստատելով, որ «տարածաշրջանի, ինչպես նաև այլ երկրներում ապրող համայնքները կիրառում են հայտում ներկայացված տափակ հացի տեսակները»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի՝ Ադիս Աբեբայում կայացած 11-րդ նստաշրջանի արդյունքներն այսօր ամփոփեցին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը ( Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հաձնաժողովի գլխավոր քարտուղար): Վերջինս այսօր, ի դեպ, համաձայնեց լրագրողի այն դիտարկմանը, թե ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկերը գնալով ավելի ու ավելի զավեշտալի են դառնում: Անհասկանալի է նաև նպատակը, թե ինչու պետությունների ներկայացուցչական պատվիրակությունները պետք է հավաքվեն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում վիճեն՝ փլավը ուզբեկակա՞ն է, ղրղզակա՞ն, թե ղազախական:

«Նշված տարօրինակություններին անդրադարձավ հենց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեն, որովհետև իսկապես ծիծաղելի է, երբ ներկայացվում են նման տարօրինակ հայտեր: Իրականում, պետք է հիմք ընդունել կառույցի կանոնադրությունը, ըստ որի, ՅՈՒՆԵՍԿՕ-ն կամ մասնավորապես Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեն չի գրանցում ճաշատեսակներ, հացատեսակներ: Այն գրանցում է դրանց հետ կապված մշակութային դրսևորումները»,- ասաց Վահրամ Կաժոյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ում թեժ մարտեր են մղվում այս կամ այն ճաշատեսակի կամ հացատեսակի շուրջ և լռության են մատնվում, օրինակ, Նախիջևանի հազարավոր խաչքարերի ոչնչացման վերաբերյալ ահազանգերը: Այս կառույցի հետ համագործակցությունից ու այստեղ ծավալվող թեժ մարտերից ի վերջո ի՞նչ է շահում Հայաստանը: Լրագրողի հարցին ի պատասխան Վահրամ Կաժոյանն ասաց.«Լինելով միջազգային կառույց, ՅՈՒՆԵՍԿՕ-ն խիստ քաղաքականացված է, և դա ցավալի է»:
«Այդուհանդերձ, դուրս մնալ այդ գործընթացներից՝ ասելով, թե կառույցը քաղաքականացված է, տեղին չէ և սխալ է մշակութային տեսանկյունից: Մենք ապրում ենք նույն երկրագնդում, և մեր տեղը պետք է ունենանք բոլոր հարթակներում»,-հավելեց մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

 

Հեղինակ՝ Ալիսա Գևորգյան

Տարածել`
Share

You may also like...