Մտահոգ եմ. Կարո Պալյան

«Ես հիացած էի: Գերմանիայի խորհրդարանը հարգանքի տուրք էր մատուցում ոչ վաղ անցյալում նացիստական կառավարության կողմից իրականացված մեծ հանցանքի զոհերին: Իսկ ես եկել էի ամբողջովին այլ մթնոլորտից: Մի երկրից, որը չի կարողանում առերեսվել երեկվա զուլումի հետ և շարունակում է այսօրվանը… Տխրեցի երկրիս համար, թաց աչքերով գնացի հանդիպման… Ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ սահմանադրական փոփոխությունների առաջարկի վերաբերյալ ելույթ էի ունենում, հեռացվեցի մեջլիսից օսմանյան վերջին տարիներին իմ ժողովրդի գլխին եկածի մասին խոսելուս համար: Ես՝ որպես հայ պատգամավոր, չեմ կարողանում խոսել 102 տարի առաջվա մեղքերի մասին, մինչդեռ գերմանացիները` աջակողմյան և ձախակողմյան, իշխանական և ընդդիմադիր, ձեռք ձեռքի տված և մեծ ինքնավստահությամբ առերեսվում էին իրենց սխալների հետ: Եվ ոչ ոք չէր մտածում, որ ստորացվում է գերմանական ինքնությունը:

Այսօրվա մեջլիսում քննարկվող սահմանադրական փոփոխությունների առաջարկը «Ազգայնական շարժում» կուսակցությունը որակում է որպես «թուրքի սահմանադրություն»: Դա ինձ վախեցնում է, քանի որ այն ժամանակ Թալեաթ և Էնվեր փաշաները նույն տրամաբանությամբ թուրքի սահմանադրությունը դրեցին կիրառության մեջ, որտեղ որոշ քաղաքացիներ առ ոչինչ համարվեցին: 1913-1923 թվականներն անցան մեծ կոտորածներով, ցեղասպանություններով, ջարդերով. մեծ մասշտաբով կորցրեցինք հայ, ասորի, հույն և հրեա ժողովուրդներին: Սակայն, երբ ես ասացի դրա մասին մեջլիսում, մեծ զայրույթ առաջացավ: «Ցեղասպանություն» բառն օգտագործելու համար ինձ պատմության մեջ չտեսնված պատժի ենթարկեցին` արգելեցին սահմանադրական քննարկումների երեք նիստից, իսկ մեջլիսի ամբիոնից արված հայտարարությունը հանվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արձանագրություններից:

Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրությունը սարքելու համար ճանապարհ ընկած, գործը դեռ չսկսած մեծ ախորժակով քուրդ պատգամավորներին բանտ ուղարկած մեջլիսի կողմից լիազորությունները մեկ անձի փոխանցելը լավ արդյունքների չի հանգեցնի: Քրիստոնեական և հրեական համայնքներն օսմանյան վերջին շրջանում միատարրության գաղափարախոսության հետևանքով Անատոլիայում 40 տոկոսից դարձել են հազարից մեկը: Մենք մեծ գին ենք վճարել: Սակայն ոչ միայն մենք, այլ բոլորն են կորցրել, մի քանի մարդու մեղքի պատճառով բոլորն են կեղտոտվել: Ինձ համար խնդիրը միայն մեջլիսում խոսքի ազատության սահմանափակումը, ընտրված անձի նկատմամբ անարգանքը կամ «այդ բառը» կիրառել- չկիրառելը չէ: Դրանք, իհարկե, կարևոր են, սակայն հիմնական վախեցնողն այն է, որ Թուրքիան վճռական է գնալ այն ճանապարհով, որով պատմությունը նախազգուշացնում է չգնալ»,-  «Ակոս » պարբերականում հրապարկել է Կարո Պայլանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed