Մուսան, որ շնորհ է՝ Պոլ Կլոդել.Կիրակնօրյա ընթերցումներ

Կրկին, կրկին ծովը, որ ելել է ինձ գտնելու մակույկի պես,

Ծովը վերստին, որ սիզիգիյան մակընթացությամբ շրջվում դեպի ինձ և բարձրացնում է ինձ, սարսում առեղս բեռներից ազատ թիանավի պես.

Մակույկի նման, որին զսպում է իր ճոպանը լոկ, որը պարում է կատաղիորեն, որ զարնվում է, որ վտարվում է, որ հարձակվում է, խունկ է բուրվառում և թավալվում՝ քիթն իր ցցին գամած,

Զտարյուն նժույգ, որի ռունգները փոկն է պոկոտում, որը ճոճվում է ծանրության տակ ամազոնուհու, որ նրա թամբին ոստնել է կողքից և որոտաձայն քրքիջով սանձն է քաշքշում կտրուկ:

Կրկին գիշերը, որ դուրս է եկել ինձ որոնելու,

Ինչպես և ծովը, որ լռության մեջ իր լրումին է հասնում այս ժամին, որը սպասող նավերով լեցուն հանգրվաններն է մարդկային կապում օվկիանոսի հետ և անջատում է դուռը կամարից:

Կրկին մեկնումը, կրկին հաղորդակցությունը հաստատուն և կրկին դուռը, որ ընկրկում է:

Ա՛հ, հոգնել եմ այս կերպարից, որին ես ինքս եմ մարդկանց մեջ սարքել: Ահա գիշերը: Կրկին պատուհանը, որ բացվում է:

Ես ասես աղջիկ եմ ջահել, լուսնկայի տակ, սպիտակ, շքեղ դղյակի որմում,

Որ սրտատրոփ ականջ է դնում այս բարեբախտ սուլոցին՝ ծառերի ներքո և զույգ ձիերի դոփյունին ուժգնացող,

Եվ չի ափսոսում նա տանը բնավ, այլ կծկվում է փոքրիկ վագրի պես, և կյանքի սիրուց ու զավեշտական մի զորությունից սիրտն է ուռճանում:

Գիշերն՝ առանց ինձ և ինձ՝ սկիզբը գիշերվա ուժի, և Փառքի գինին, և ցավն այս սրտի չափազանց լեցուն:

Թե խաղողագործն առանց պատիժի չի մտնում հնձան,

Հավատում եք դուք, որ ի զորու եմ այնպես ճմլելու բառերը ու բերքը իմ հսկայական,

Որ բարկ ծխերը չխփեն գլխիս:

Ա՛հ, իմն է այս երեկոն, իմն է այս մեծ գիշերը և ամբողջ շրջապտույտը գիշերվա, որ ասես սրահ է լուսավառ՝ պատանի աղջկա առաջին պարահանդեսի:

Նա սկսում է պարել անդադար. քնելու միջոց այլ օր կունենա:

Ա՛հ, արբած եմ ես, ա՛հ, առաքված՝ աստծուց, ես լսում եմ մի ձայն ինձ ուղղված և չափն ուռճացող և խաղացքը խնդության,

Դոփյունը օլիմպիական վաշտի, երթը՝ աստվածայնորեն համաչափ:

Ինձ ի՛նչ մարդիկ ներկա: Նրանց համար չէ, որ ստեղծում եմ, այլ ծանուցելու չափն այն սրբազան:

Օ՜, ճիչը խցանված փողի, օ՜, խուլ հարվածը շվայտ թմբուկին:

Բայց ինձ ի՛նչ դրանք: Այս ռիթմը միայն: Ինձ ի՛նչ՝ կլսեն նրանք ինձ, թե՝ ոչ:

Ահա թևախումբը մեծ բանաստեղծական թևի:

Ի՞նչ եք ինձ ասելու երաժշտության մասին: Թողե՛ք ինձ հագնել լոկ սանդալներս ոսկյա:

Ես կարիք չունեմ պաճուճանքների՝ այնքա՜ն հարկավոր: Ես ձեզ չեմ խնդրի աչքերդ գոցել:

Բառերը, որոնք ես գործածում եմ,

Բառերն են բոլոր օրերի և նույն բառերը չեն բնավ:

Դուք հանգ չեք գտնի իմ բանաստեղծություններում և ոչ էլ պերճանք: Նրանք նախադասություններն են ձեր նույն:

Չկա ոչ մեկը ձեր խոսքերի մեջ, որ ես չիմանամ վերարտադրել:

Այս ծաղիկները ձեր ծաղիկներն են, և դուք ասում եք՝ ծանոթ չենք նրանց:

Եվ այս ոտքերը նույն ձեր ոտքերն են, բայց ահավասիկ ես ընթանում եմ ծովի վրայով և տրորում եմ հաղթականորեն ջրերը ծովի:

Տարածել`
Share

You may also like...