Մշակույթի նախարարությունն ու Օմբուդսմենը համատեղ լուծել են բնակիչների խնդիրը

Երեւանի Աբովյան 29 շենքի բնակիչները դիմել են Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով միջնորդել, որ Մշակույթի նախարարությունն իրենց տրամադրի շինարարության ավարտական ակտերը:

Դիմումատուները հայտնել են, որ Երեւանի քաղաքապետարանից ստացել են մանսարդային հարկի վերակառուցման շինարարության թույլտվություն: Շինաշխատանքներն ավարտվելուց հետո բնակիչները դիմել են Մշակույթի նախարարություն՝ շինարարության ավարտական ակտը վավերացնելու նպատակով, սակայն մերժում են ստացել:

Բնակիչներն ապրիլի 17-ին կրկին դիմել են Մշակույթի նախարարություն՝ մերժման հիմնավորվածությունը ստանալու նպատակով, սակայն որեւէ պատասխան չեն ստացել:

Պաշտպան Կարեն Անդրեասյանը բնակիչների խնդրով գրություն է ուղարկել Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Ի պատասխան՝ Մշակույթի նախարարը տեղեկացրել է, որ ձեղնահարկում շինաշխատանքները կատարվել են շեղումներով եւ անավարտ են, ինչի պատճառով Նախարարությունը դեռ չի կարող հատկացնել ավարտական ակտերը: Նախարարության մասնագետները բնակիչներին առաջարկել են կառույցը համապատասխանեցնել համաձայնեցված նախագծին եւ տեղեկացրել, որ շինաշխատանքներն ավարտելուց հետո բնակիչները կստանան ավարտական ակտը: Բնակիչները շտկել են Մշակույթի նախարարության արձանագրած շեղումները:

Պաշտպանի եւ Մշակույթի նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում հարցն արագորեն լուծվել է, եւ բնակիչները հունիսի 25-ին ստացել են շինարարության ավարտական ակտերը:

Բնակիչները շնորհակալություն են հայտնել Օմբուդսմենին՝ նշելով, որ վերջինի միջամտության արդյունքում Մշակույթի նախարարությունն արագորեն լուծեց հարցը, որը ձգձգում էր ամիսներ շարունակ:

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատում համատեղ աշխատելու եւ խնդիրներին արագորեն լուծում տալու Մշակույթի նախարարության պատրաստակամությունը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մշակույթի նախարարությունն ու Օմբուդսմենը համատեղ լուծել են բնակիչների խնդիրը”

Leave a Reply

Your email address will not be published.