Մշակույթի նախարարության պարզաբանում է ներկայացրել Օձունի Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել Լոռու մարզի Օձուն համայնքում գտվող Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ, որում ասվում է.

ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի տարածքում գտնվող Սբ Հովհաննես (Սբ Աստվածածին) եկեղեցին միջնադարյան Հայաստանի ճարտարապետությունը բնութագրող բացառիկ հուշարձաններից է: Նկատի ունենալով հուշարձանի պահպանվածության վիճակը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2010 թ. «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան ձեռնարկել է հուշարձանի վերականգնման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը: Արդյունքում հաղթող ճանաչված «Սերվետ» ընկերության ճարտարապետ Մ. Հակոբյանի կողմից կազմվել է հուշարձանի վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերը /հարկ ենք համարում նշել, որ ճարտարապետ Մ. Հակոբյանը երկար տարիներ զբաղվել է Օձունի տաճարի ուսումնասիրման եւ չափագրման աշխատանքներով/, որոնք քննարկվել են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում եւ արժանացել մասնագետների հավանությանը:

Իր հերթին հուշարձանի հետագա պահպանության խնդրով մտահոգված  մոսկվաբնակ հայազգի բարերար, արմատներով Օձուն համայնքից Մ. Ձավարյանը ցանկություն է հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել հուշարձանի վերականգնման գործընթացին: Մ. Ձավարյանի կողմից ստեղծված «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջեւ կնքվել է եռակողմ հուշագիր, համաձայն որի՝ մշակույթի նախարարությունը տրամադրել է եկեղեցու վերականգնման նախագիծը, իսկ հիմնադրամը` վերականգնման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը:

Հուշարձանի վերականգնման աշխատանքների իրականացման համար շինվերականգնման կապալառու կազմակերպություն ընտրելու համար «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից ստեղծվել է մրցութային եւ գնահատող հանձնաժողովներ: Մրցույթին ներկայացվել է 8 հայտ: 2012 թ. մարտի 26-ին գնահատող հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել են մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված փաստաթղթերի լրակազմը, վերականգնման աշխատանքներին վերաբերող գնային առաջարկները, եւ արդյունքում «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի կողմից հաղթող է ճանաչվել «Լեւգուկ» ընկերությունը:

2012 թ. մայիսի 23-ին «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը շինվերականգնման աշխատանքների կապալի պայմանագիր է կնքել «Լեւգուկ» ընկերության հետ, հաջորդիվ նաեւ՝ հեղինակային եւ տեխնիկական հսկողության պայմանագրեր համապատասխան կազմակերպությունների հետ: Այնուհետեւ, «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարություն է ներկայացրել հուշարձանի վերականգնման աշխատանքների թույլտվություն ստանալու դիմում, եւ սահմանված ընթացակարգով` 2012 թ. հուլիսի 11-ին ստացել է վերականգնման աշխատանքները կատարելու թույլտվություն՝  1 տարի ժամկետով, իսկ 2013 թ. վերականգնման աշխատանքների թույլտվությունը  տրամադրվել է 2 տարի ժամկետով:

Մշակույթի նախարարության օժանդակությամբ ծրագիրը ՀՀ կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից ճանաչվել է որպես բարեգործական եւ 2013 թ. օգոստոսի 9-ի Մ-717-Ա որոշմամբ ազատվել ավելացված արժեքի հարկից:

Հուշարձանի վրա վերականգնման աշխատանքները  կատարվել են երեք տարիների ընթացում: 2012-2013 թթ. հուշարձանի վերականգնման ծրագիրը ֆինանսավորվել է «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի միջոցով.  գումարը կազմել է 162.7 մլն ՀՀ դրամ, իսկ 2014 թ. շինարարական կազմակերպությունն ուղղակիորեն 114.8 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորվել է Մովսես Ձավարյանի կողմից /այդ պահին Մովսես Ձավարյանն արդեն իսկ դուրս էր եկել իր նախաձեռնությամբ ստեղծած բարեգործական հիմնադրամի կազմից/: Այսպիսով, հուշարձանի վերականգնման համար՝ ըստ նախագծային արժեքի, տրամադրվել է 277,5 մլն ՀՀ դրամ:

Հուշարձանի վերականգնման ընթացքում ծագած առանձին խնդիրներ հստակեցնելու նպատակով՝ բնագավառի փորձառու մասնագետների, ինչպես նաեւ հիմնադրամի ներկայացուցիչների (Ա. Դավթյան, Վ. Շերմազանյան) մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել եւ՛ հուշարձանի տարածքում, եւ՛ մշակույթի նախարարությունում: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության աշխատակիցներն էլ աշխատանքային կարգով բազմիցս մասնագիտական օժանդակություն են ցուցաբերել խնդիրների լուծմանը, որոնց ծագման հիմնական պատճառ էր հանդիսացել հեղինակային հսկողության պայմանագրի բացակայությունը՝ վերջին ժամանակահատվածում /մոտավորապես 1,5 տարի/:

Ի դեպ,  համագործակցության շրջանակում, Մովսես Ձավարյանն երկու անգամ հանդիպել է մշակույթի նախարարի եւ բազմիցս՝ նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի հետ, եւ առաջացած բոլոր հարցերը քննարկվել ու ստացել են անհրաժեշտ լուծումներ:

Արդյունքում, 2012-2014 թթ. ամբողջովին կատարվել են մրցույթային փաթեթով  նախատեսված ծավալները, մասնավորապես՝ ուժեղացվել են տաճարի գմբեթարդն ու թաղերը, կանխվել են գմբեթարդում եւ թմբուկի վրա առկա ճաքերի հնարավոր ընդլայնումները, ամբողջությամբ փոխվել են եկեղեցու ծածկասալերը, նորոգվել եւ ամրակայվել են հյուսիս-արեւելյան ու հարավ-արեւելյան զանգաշտարակները, իրականացվել են արտաքին երեսապատերի խարխլված եւ կազմաքանդված հատվածների քանդման եւ վերաշարման, պատերի կարանախցման աշխատանքները եւ այլն: Այսպիսով, վերացվել են հուշարձանին վնաս պատճառող խնդիրները, մասնավորապես՝ մթնոլորտային ջրերի ներթափանցումը եւ պատի միջուկի խոնավացումը:

Կարեւորելով պետություն-մասնավոր հատվածի համագործակցության շրջանակում հուշարձանի հետագա պահպանությանը նպատակաուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն, ՀՀ մշակույթի նախարարությունը գտնում է,  որ հայոց մշակութային ժառանգության մաս կազմող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները չպետք է լինեն միայն պետության եւ անհատների հոգածության առարկա: «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին” ՀՀ օրենքով որոշակի պարտավորություններ ունեն կատարելու նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնցից շատերը (այդ թվում նաեւ Օձուն համայնքի ղեկավարը) հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով եւ անհարկի ու ոչ մասնագիտական մեկնաբանություններով ավելորդ լարվածություն ստեղծում հուշարձանի շուրջ:

Մեկ անգամ եւս հարկ ենք համարում նշել, որ նախարարությունը դրական է գնահատում Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքները եւ փաստում, որ հուշագիրը ստորագրած կողմերը՝ կատարել են հուշագրով ստանձնած պարտավորությունները: Վերջինիս վկայությունն է՝ ս. թ. հունիս ամսվա ընթացքում, Մ. Ձավարյանի հետ ունեցած աշխատանքային հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել է նաեւ իրականացված աշխատանքների ծավալներից դուրս՝ նոր ծավալի աշխատանքների ֆինանսավորման հարցը:

Ավելի վաղ Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով ֆինանսավորել է Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը, հայտարարել էր, որ ՀՀ մշակույթի նախարարությունը խոչընդոտներ էր ստեղծում Օձունի վերականգնման համար:

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Մշակույթի նախարարության պարզաբանում է ներկայացրել Օձունի Սբ Հովհաննես եկեղեցու վերաբերյալ”

Leave a Reply

Your email address will not be published.