Մշակույթի նախարարը Ֆրանսիայի նոր դեսպանին ներկայացրել է «Գրական տապան» ծրագիրը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում  Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ պատմել Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին:

Ողջունելով հյուրին, նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը կունենա իր արժանի շարունակությունը, ստանալով նոր լիցքեր:

Անդրադառնալով նախորդ տարիների համագործակցությանը, նախարարը գոհունակությամբ նշել է, որ այն ընթացել է բարձր մակարդակի վրա՝ ընդգրկելով մշակույթի գրեթե բոլոր ոլորտները: Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում ֆրանսիական կինոյի ներկայացմանը, գրական-թարգմանական ծրագրերի, Հայաստանում Թանգարանային գիշեր ակցիայի, Երաժշտության տոնի, Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում բազմաթիվ միջոցառումների իրականացմանը:

Այնուհետեւ, նախարար Պողոսյանը դեսպանին հակիրճ ներկայացրել է Հայաստանում արդեն ավանդական դարձած «Գրական տապան» ծրագրի մասին, որին մասնակցել են ֆրանսիացի գրողներ Սերժ Վենտուրինին /2011 թ., 2014 թ./, Անտուան Սիմոնը /2013 թ./, Ժիլ Ղոզիեն /2014 թ./, ովքեր նախագծի ավարտից հետո իրենց ստեղծագործություններով անդրադարձել են Հայաստանին:

Հ. Պողոսյանն առաջարկել է այս համագործակցությունը եւս դարձնել շարունակական: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցության այլ հարցեր, ինչպես նաեւ, առաջիկայում երկու երկրներում նախանշվող տարբեր մշակութային ծրագրերի ձեւաչափեր:

Հանդիպման ավարտին դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին շնորհակալություն է հայտնել նախարար Հ. Պողոսյանին ջերմ ընդունելության եւ շնորհավորանքի համար, հավելելով, որ միաժամանակ ուրախացել եւ հպարտացել է իր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում ծավալելու համար, որը ամբողջովին ուղղված է հայ-ֆրանսիական առկա հարաբերությունների հարստացմանը:

Տարածել`
Share

You may also like...