Մշակույթի հուշարձանների պահպանման թնջուկի հետևում թաքնված խնդիրը . Դավիթ Ստեփանյան

“Challenge” նախագիծն ուղղված է հանրային քննարկում խթանելու ներուժ ունեցող անհատների համար գրելու, ստեղծագործելու, փոփոխությունների միտք գեներացնելու ինչպես ֆինանսական, այնպես էլ հոգեբանական մոտիվացիա ստեղծելուն։ Յուրաքանչյուր հեղինակ հոդվածի վերջում «մարտահրավեր» է նետում այլ հրապարակախոսի, ոլորտային մասնագետի, փորձագետի կամ ցանկացած մարդու, որին համարում է թեմայի արժանի շարունակող։

Ներդրված է նվիրատվությունների համակարգ (հոդվածի վերջում), որի միջոցով ընթերցողը հնարավորություն ունի նվիրատվություն կատարել հոդվածագրին։ infocom.am-ը հանդես է գալիս որպես միջնորդ ընթերցողի և հոդվածագրի միջև։

Օրերս Ֆիրդուսի թաղամասի տուֆակերտ շենքի քանդումը և քանդման վտանգի առաջ կանգնած աղյուսաշեն մի քանի կառույցի ճակատագիրը հերթական անգամ վերհանեց Երևանի մշակութային ժառանգության պահպանման հարցը։ Ժառանգության պահպանման անհրաժեշտությունն անվիճելի է թվում, ընդսմին այս հարցը լույս է սփռում մեկ այլ՝ ավելի խոշոր խնդրի վրա, որի շուրջ կփորձեմ մտորել այս գրության մեջ։

Ինչո՞ւ են հուշարձանները քանդվում կամ աղավաղվում։ Պատասխանն առաջին հայացքից պարզ է․ խոշոր շինարարական ներդրումներ են արվում քաղաքի հատկապես կենտրոնական հատվածներում, և բիզնես շահն ամեն անգամ հաղթանակ է տանում մշակութային հուշարձան շենքերի նկատմամբ։ Սա դժվար է հերքել, սակայն ավելացնենք, որ երբեմն այս հակադրությանը միջամտում են կողմնակի հանգամանքներ (օրինակ՝ Լեզվի կենտրոնի փոխարեն կաթողիկոսական նստավայր և եկեղեցի կառուցելը), որոնք մեծամասամբ նույնպես հանգում են վերը նշված հակադրությանը, բայց միջնորդավորված, ավելի բարդ ճանապարհով։ Կա նաև մոտեցում, որ մշակութային արժեք շենքերն էլ է հնարավոր շահավետ օգտագործել, ու դրանց քանդումն իրականում այլ տեսակի ձեռնարկատիրական հեռանկարի խափանում է։ Այս փաստարկն էլ, անշուշտ, հիմնազուրկ չէ, և դրա ապացույցը այն ձեռնարկություններն են, որոնք արդյունավետ կերպով օգտագործում են այդ շենքերի առանձնահատկությունները և գործնականում ցույց տալիս դրանց շահավետությունը։ Այս հանգամանքն էլ հենց հուշում է խնդիրն արծարծելու հետագա ուղղությունը։ Ե՛վ հիմնական միտումը, և՛ դրան հակադարձող պնդումն ունեն մի ընդհանրություն՝ երկու դեպքում էլ մտքին ընթացք թելադրողը փողն է։ Առաջին դեպքում հուշարձանները փողի սիրույն քանդվում են կամ աղավաղվում, երկրորդում հարմարեցվում փողին՝ պահպանելով հիմնական նկարագիրը։ Առաջինը Շահումյանի հրապարակն է, Թամանյանի տպարանն ու Արտակարգ իրավիճակների նախարարությունը, երկրորդը՝ հին բակերում տեղավորված սրճարաններն ու ռեստորանները։ Իսկ ի՞նչ պատկեր է երևում, եթե հարցին նայենք ոչ միայն ֆինանսական, այլ նաև սոցիալական գործառնության, տարածական մարմնավորման, քաղաքական, իրավական և այլ դիտանկյուններից։

 

Քաղաքապլանավորո՞ւմ (քաղաքաշինություն), թե՞ ձեռնարկատիրություն

Սույն թվականի հունիսի 13-ին Երևանի ավագանին Ֆիրդուսու խնդրի շուրջ նիստ գումարեց, որի ընթացքում տեղ գտած ելույթներից մի քանիսն ուշագրավ և շահեկան են մեր քննարկումը տեղից շարժելու համար․ որպես քաղհասարակության ներկայացուցիչ ճարտարապետ Սևադա Պետրոսյանն իր ելույթում ասաց․ «Կառավարության ներկայացրած ծրագրում անընդհատ խոսվում է, որ սա քաղաքաշինական ծրագիր է․ պիտի հիասթափեցնեմ՝ ո՛չ, սա քաղաքաշինական ծրագիր չէ ․․․ սա ընդամենը կոմերցիոն կառուցապատման ծրագիր է ․․․ Եթե խոսում ենք քաղաքաշինության մասին, քաղաքաշինական ծրագրերի հիմքում պետք է լինի երեք սկզբունք, որոնք Հայաստանը՝ որպես պետություն, պարտավություն ունի պահպանել՝ կոնվենցիաներ ստորագրելու պատճառով։ Առաջինը՝ մարդու՝ առողջ միջավայրում ապրելու իրավունքն է, երկրորդը՝ մարդու գույքի սեփականության և այդ գույքը տնօրինելու իրավունքը և երրորդը՝ քաղաքային միջավայրի և պատմական միջավայրի պաշտպանությունը․ մեկը մյուսի հաշվին չի կարող լինել։ Ըստ նախագծի իրականացման՝ բոլոր երեքն առանձին-առանձին խախտված են և ինչ-որ տեղերում մեկը մյուսի հաշվին է արված։ Առնվազն՝ սա կարելի է համարել ոչ քաղաքաշինական նախագիծ, և վատագույնս՝ ուրիշ կասկածներ կան։ Էստեղ կան նաև ուրիշ խնդիրներ՝ ներդրումներ բերելու և տնտեսական աճ ապահովելու միֆը, որովհետև այս կառուցապատումը ․․․ ընդամենը կարճաժամկետ, արագ շահույթ ստանալու նախագիծ է ․․․ Իսկ երկարաժամկետ առումով՝ քաղաքի և ընդհանրապես տնտեսության, մանր կառուցապատումը նման մեծ տարածքում շատ ավելի երկարաժամկետ արդյունքներ կունենա և նաև կխրախուսի փոքր ու միջին ձեռնարկատիրությունը։ Այս ձևով խրախուսվում ա ընդամենը շատ մեծ կորպորատիվ ձեռնարկատիրությունը, որը հակասում ա կառավարության կողմից ընդունված ռազմավարությանը»։

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն իր ելույթում պատասխանեց․ «Ասում եք՝ սա քաղաքաշինություն չի, սա բիզնես ա։ Կներեք, բիզնենսն ու քաղաքաշինությունը նույն բա՛նն են․ չկա՛ բիզնես առանց քաղաքաշինության և չկա՛ քաղաքաշինություն առանց բիզնես՝ բացի Սովետի ժամանակվանից ․․․ Ի վերջո, մենք Ֆիրդուսին կառուցելո՞ւ ենք, թե՞ ոչ։ Եթե կառուցելու ենք, ապա ինչպե՞ս։ Կառուցում ենք էն կոնցեպտի հիման վրա, որ մշակվել ա և բաժանվել ա լոտերի և արվում են նախագծեր, թե՞ մենք կասեցնում ենք աշխատանքը գրեթե երկու տարով, մտնում ենք դատական մեծ խնդիրների մեջ, կազմում ենք մրցույթային նախագծի փաթեթ, նորից մտնում ենք մրցույթի մեջ (նախկինում էլ մրցույթ չի եղել — հեղ․) և տենց երեք-չորս տարի հետո նոր մենք սկսում ենք շինարարությունը ․․․ Տա՛ս հազար հոգի շինարար Ֆիրդուսիում երկու հարյուր հիսուն միլիոնանոց ծրագիր ա իրականացնելու, տա՛ս հազար հոգի տուն ա պահելու, երեք տարին դա քի՞չ ժամկետ ա, որ ասում եք՝ դա երկարատև ծրագիր չի ․․․ Պետությունը կարողանա ինչ-որ չափով,  որպես շինարարությունը մեծագույն տնտեսական լոկոմոտիվ, մի քիչ խելքի գա, դրա համար չարժի՞ ինչ-որ մեկ կառույց տեղափոխել մի քիչ ․․․ Մենք էսքա՜ն հուշարձան քանդեցինք, էսքա՜ն հուշարձան տեղափոխեցինք, տղե՛ք, եկեք մի հատ հուշարձանը տեղափոխենք, էս հարցը փակենք, էլի, ինչի՞ մասին ենք խոսում»։

Նախ ընդգծենք, որ Սևադա Պետրոսյանը շոշափում է խնդրի իրավական կողմը՝ հղելով միջազգային կոնվենցիաներին, որի գիտակցումը բացակայում է ոչ միայն գլխավոր ճարտարապետի, այլև մնացյալ պետպաշտոնյաների՝ ինձ ծանոթ բոլոր փաստարկներում։ Նույնիսկ Ֆիրդուսու բնակիչներից շատերը նշել են, որ տարածքը բացառիկ՝ գերակա հանրային շահ հասկացության սահմանման տակ չի ընկնում և այս նախագծում այդ օրենքի կիրառումը հակաիրավական է։ Բայց այս բանավեճում երևան է գալիս ավելի խորքային մի հարց՝ քաղաքապլանավորման և ձեռնարկատիրության միջև լարումը։ Ակներև է, որ երկու կողմն էլ ճանաչում են դրանց կապը, բայց պաշտոնյան երեք տարուց ավել տևողություն չունի իր մտահորիզոնում, իսկ Սևադան փորձում է ավելի հեռուն տեսնել, լուծում է փնտրում ավելի դանդաղ և մանր կառուցապատման մեջ և ակնարկում մեկ այլ՝ է՛լ ավելի կարևոր խնդրի մասին։ Լայն հասարակական քննարկումներում, թեկուզ և շահույթի տեսանկյունից, չի հարցադրվում, թե ինչպես պիտի գործառնի տարածությունը՝ կառուցել-ավարտելուց հետո։ Եթե գերնպատակը շահութաբերությունն է, պատվիրատուն կամ հավանական գնորդը (նախագծում կան կոմերցիոն և աշխատանքային տարածքներ, բնակարաններն էլ հաճախ վարձով են տրվում վաճառքից հետո) այս հարցը դնո՞ւմ է նախագծողի առաջ, թե՞ շփումը լոկ սահմանափակվում է ճարտարապետի գործի մեջ անհարկի միջամտություններով։ Խոսքը ոչ թե տարածքի չափերը փոփոխելու մասին է, այլ՝ մի որոշակի չափի տարածքի գործառնության հնարավոր տարբերակների՝ ֆինանսական շահի տեսանկյունից դիտված։ Այսինքն, հարցը նույնիսկ ձեռնարկատիրական տեսանկյունից պատշաճ չի դիտարկվում, այլ գալիս հանգում է քոչարյանական ժամանակներից դեռ ծանոթ մոտեցմանը, ըստ որի շինարարությունը կարելի է հռչակել տնտեսության գերակա ճյուղ և հետո էլ մի կարգին չմտածել, թե շինվածն ինչ կարելի է անել։ Մինչդեռ նո՛ւյն տարածքում, նո՛ւյն ծախքերով և շինարարությունից ստացվող նո՛ւյն մաքուր շահույթի պայմաններում կարելի է իրագործել նախագծեր, որոնք կարող են զգալաչափ տարբերվել իրարից հետագա տնտեսական շահավետության առումով։ Այստեղ առաջ է գալիս հարցը, թե ուրիշ ի՞նչ ոլորտների տնտեսական գործունեությունները կարող են շահավետ լինել Հայաստանում, որ ըստ այդ պահանջների էլ նախագծում և շինարարություն իրականացվի․ առայժմ սահամափակվենք այս հարցադրմամբ։

Վերջին տասնամյակներին սոցիալական պրակտիկաների (եթե ձեռնարկատիրությունն էլ այս ստորոգության սահմանի մեջ առնենք) և տարածքների ձևավորման կապը քննող տեսության պակաս չկա՝ գոնե քանակական առումով, բայց ես կանդրադառնամ միայն նրան, ինչն ադեքվատ է թվում հուշարձանների քանդման հետևում թաքնված կնճռոտ հարցը երևան հանելու համար։ Աշխարհագրագետ Դեյվիդ Հարվին իր «Սոցիալական արդարությունը և քաղաքը» (Social Justice and the City, 1973, 2009) գրքում, անդրադառնալով այս երկու ոլորտի փոխառնչություններում դրանցից մեկին առաջնային դեր տալու պատճառով առաջ եկող դժվարություններին, գրում է․ «Առաջին ֆիզիկական պլանավորողներից շատերն անկասկած կրողն էին շատ միամիտ տարածամիջավայրային դետերմինիզմի, ըստ որի սակավաթիվ բնակելի թաղամասերի վերանայման ծրագրերը, սակավաթիվ զբոսայգիները կամ այլ նման բաները համարվում էին բարդ սոցիալական արատների պատշաճ դարման։ Ակնհայտ է, որ սա հավաստի չէ։ Իսկ ահա ժամանակակից միջավայրային նախագծողները շատ ավելի իրազեկ են նրբություններին, որ կան միջավայրի և մարդու վարքի փոխառնչություններում (Sommer, 1969) ․․․ Տարածական միջավայր նախագծողը գիտի՝ եթե ինքը փոխի տրանսպորտային ցանցի տարածական կառուցվածքը, սոցիալական գործընթացները հավանաբար առաջ կբերեն շատ էական  հողօգտագործման փոփոխություններ։ Սոցիալական դետերմինիստը նույնպես կընդունի՝ եթե սոցիալական զարգացումը շարժվում է դեպի որոշ գերիշխող նորմ (ասենք՝ հաղորդակցություն ավտոմեքենայի միջոցով), ուրեմն դրան համապատասխանեցված տարածական ձևը կամրապնդի այդ նորմը․ ժամանակակից շատ ամերիկյան քաղաքներ նախատեսված չեն հետիոտն տեղաշարժման համար և հետևաբար՝ սրում են մեքենա ունենալու և այն օգտագործելու կարիքը։ Ներկա պահին երկու մոտեցման միջև տարբերություններն ավելի աննկատ են, բայց տակավին կարևոր։ Քննենք հետևյալ երկու մեջբերումը․
     Բավարար ապացույց կա, որ ֆիզիկական միջավայրը մարդկանց կյանքում այնչափ նշանակալի դեր չունի, որչափ պլանավորողներն են դրան հատկացնում։ Չնայած մարդիկ բնակվում, աշխատում և զվարճանում են շենքերում, նրանց վարքը շենքերը չեն որոշում, այլ՝ տնտեսական, մշակութային և սոցիալական հարաբերությունները դրանց ներսում։ Իհարկե, վատ նախագծումը կարող է խաթարել շենքի ներսում տեղի ունեցողը, իսկ լավ նախագծումը կարող է նպաստել դրան, բայց նախագծումն ինքնին նշանակալի ազդեցություն չի գործում մարդու վարքի ձևավորման վրա (Gans, 1969, 37-8)։
   Լավ նախագծումը վերածվում է փուչ կրկնաբանության, եթե կարծենք, թե մարդը կվերափոխվի՝ այդ նախագծի ձևավորած ինչ-որ միջավայրի հարմարվելու համար։ Հեռահար հարցադրումն այդքան էլ այն չէ, թե ինչ տեսակի միջավայր ենք մենք փափագում, որքան այն, թե ինչ տեսակի մարդ ենք փափագում (Sommer, 1969, 172)։
     Այս մոտեցումներին կողմ կամ դեմ լինելուց օգուտ չկա․ ապացույցները չափազանց թույլ են և հիպոթեզերն էլ չափազանց անորոշ։ Հավանաբար ավելի խելամիտ է քաղաքը դիտել իբրև բարդ դինամիկական համակարգ, որի ներսում տարածական ձևն (spatial form) ու սոցիալական գործընթացը (social process) շարունակական փոխգործակցության մեջ են ․․․ Անհարկի միամտություն է տարածական ձևի և սոցիալական գործընթացի միջև պատճառական հարաբարությունների շրջանակում մտածելը (անկախ նրանից, թե որը կհամարենք մյուսի պատճառ)»։[1]

Մի քանի հեղինակի մոտեցում ներառող այս մեջբերումն ի ցույց է դնում, որ խնդրի համար վերջնական լուծում հայթայթելը, մեղմ ասած, հեշտ առաջադրանք չէ։ Եվ իմաստ էլ չկա այս գրության մեջ Հարվիի ճանապարհին հատևելու կամ մեկ այլ ուղղությամբ շարունակելու․ պարզապես հիշենք, որ «Անհարկի միամտություն է տարածական ձևի և սոցիալական գործընթացի միջև պատճառական հարաբարությունների շրջանակում մտածելը»։ Քաղաքապլանավորման և ձեռնարկատիրության փոխառնչություններին նորից կանդրադառնանք ամենավերջում։

 

Հրապարա՞կ, թե՞ կոլիզեում

Ֆիրդուսու կառուցապատման հարցը պարուրված է մշուշով ոչ միայն ընդհանուր քաղաքապլանավորման առումով, այլև՝ նեղ ճարտարապետական։ Շրջանառվում է «կոնցեպտ» բառը և այդ կոնցեպտի հեղինակը նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է, որը Երևանի ճարտարապետական աղավաղման մեջ մեծ բաժին ունի։ Ֆիրդուսու տարածքը բաժանվել է լոտերի, դրանք վաճառվել են կամ վաճառվելու են տարբեր ձեռնարկությունների, որոնք էլ կհրավիրեն ճարտարապետներ, կպատվիրեն իրենց բաժին հասած լոտի նախագիծը։ Չխոսենք այն մասին, որ նման կարևորության տարածքի ճակատագիրը ողջ Երևանի բնակիչների և մասնագիտական համայնքի գործն ու որոշելիքն է, և ներդրողը չէ, որ պետք է ինքնագլուխ որոշում կայացնի։ Շինարարության համար պատասխանատու հանձնախմբի մեջ մասնագիտական համայնքից ընդգրկված են Հավհաննես Մութաֆյանը և Նարեկ Սարգսյանը, և ըստ պաշտոնյաների հայտարարությունների՝ վերջինիս գործառույթն ամբողջ կառուցապատման վերահսկումն է, որպեսզի ոճական անհամապատասխանություններ չլինեն։

Ըստ որոշ հաշվարկների, այս կոնցեպտ-կառուցապատման-նախագիծ-իրացման-տարածքը ներառում է 145’000 քմ, որը հարում է Հանրապետության, Խանջյան, Բյուզանդ փողոցներին և Տիգրան Մեծ պողոտային։ Այն եզերված է հուշարձան և ոչ հուշարձան շենքերով, որոնք քանդման ենթակա չեն։ Թաղամասի կենտրոնում մոտ 80 մետր տրամագծով կլոր, հետիոտնի համար նախատեսված հրապարակ է, որը, ըստ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ջատագովական տեսանյութի, շրջապատված է տասներեք հարկանի երեք շենքով։ Դրանք էլ, իրենց հերթին, շրջապատված են ճանապարհային ցանցով, որը համալիրը կապում է նախագծի մյուս շենքերին, այնուհետև՝ թաղամասը եզերող հին շենքերին և միանում ընդհանուր քաղաքի ճանապարհային ցանցին։ Հիմա այս բաժնի գլխավոր հարցը՝ ո՞վ և ի՞նչ նպատակով պետք է կտրի հին, ցածրահարկ շենքերի «պարիսպը», անցնի նորակառույց բարձրահարկ շենքերի մի շերտի միջով և մտնի երեք տասներեք հարկանի շենքով շրջապատված ութսուն մետր շառավղով հրապարակը։ Եթե հաշվի առնենք, որ հիմա իսկ հարակից փողոցում խցանումներ են առաջանում, ի՞նչ է ակնկալվում թաղամասի շինարարությունն ավարտին հասնելուց հետո։

Ի տարբերություն Ֆիրդուսու, տխրահռչակ Հյուսիսային պողոտան կապում է Ազատության և Հանրապետության կարևոր հրապարակները և հենց դա էլ փրկում է այն, գործառնական առումով աշխուժություն հաղորդում։ Դա հասկանում է ինքը՝ Նարեկ Սարգսյանը և մի հարցազրույցում բաց խոսում է դրա մասին․ «Արդյունքը՝ ինչ-որ եղավ, մենք չպետք է դիտարկենք ճարտարապետական տեսակետից, սա պետք է գնահատենք ուղղակի զուտ քաղաքի արյան շրջանառության տեսակետից։ Քաղաքում մի մեծ տարածություն ձևավորվեց, առանցք, որը կապում է երկու կենտրոնները քաղաքի, էստեղ տրանսպորտ չկա, մարդիկ էստեղ հաճույքով են քայլում և դա չէր կարող չաշխատել ․․․ Այն ժամանակ ես ասում էի, որ էստեղ պիտի լինեն թատերական ներկայացումներ, կյանքի, մշակութային կյանքի, տնտեսական կյանքի ցուցադրության, ամեն ինչի ցուցադրության գլխավոր հարթակը պետք է լինի Հյուսիսային պողոտան ․․․ [Լրագրող — Միջոցառումներ կազմակերպում են, բայց, կարծես թե, բնակարանները դատարկ են]։ Ոչ մի նշանակություն դա չունի, բացարձակ չունի։ Աշխարհի բոլոր քաղաքներում դուք էդ պրոբլեմը կարող եք տեսնել ․․․ Շատ ավելի կարևոր նշանակություն ունի, որ մենք հասնենք այն բանին վերջնական, որ այս բոլոր շենքերի արտաքին ճակատները ունենան գեղարվեստական լուսավորություն գիշերը․ որ դու տեսնես՝ ամբողջ էդ շենքը դառնա դեկորացիա գիշերը, այսինքն՝ լույսով նա դառնա ուղղակի դեկորացիա։ Դու հրաշալի քեզ կզգաս գիշերը ․․․ Ի վերջո, դա ի՞նչ կարևոր է՝ հինգ տոկոսն է ապրում, քսանհինգ, թե երեսուն․ դա մարդու ընտրությունն է։ Բազմաթիվ սփյուռքահայեր առել են, որովհետև իրենք հպարտ են, որ էստեղ է իրենց տունը, և կարող է տարեկան երկու անգամ գալ կամ չգալ, դա տվյալ մարդու խնդիրն է, դա նշանակություն չունի»։ Այստեղ, մեղմ ասած, խնդրահարույց պնդումներ շատ կան, որոնց չեմ անդրադառնա, բայց Ֆիրդուսին Հյուսիսայինի նման միջանցիկ կարևոր դեր չունի և չի կարող ունենալ, նույնիսկ տեղաշարժման նպատակով այնտեղ մտնող մարդը ամենևին էլ պարտադրված չէ այդ կլոր հրապարակով անցնել։ Ստացվում է, որ կա հրապարակ, որը կիպ շարջափակված է երեք շերտ շենքերով և հրապարակների տրամաբանությանը (բաց տարածություն, որի եզրերին կարող են նաև շենքեր տեղավորվել) չի ենթարկվում, տասներեք հարկանի շենքերն էլ իշխելու են ութսուն մետր տրամագծով այդ հրապարակի վրա։ Իսկապես, դժվար է Նարեկ Սարգսյանի տրամաբանությունը որսալ, և մեզ ավել բան չի մնում, քան ենթադրել, որ «կյանքի, մշակութային կյանքի, տնտեսական կյանքի ցուցադրության, ամեն ինչի ցուցադրության» հեռանկարը շրջվել է նրա մտքում․ Հյուսիսային պողոտայով քայլող անցորդի համար շենքերը պիտի դեկորացիա դառնային, իսկ ահա Ֆիրդուսու հրապարակն իրականում կոլիզեում է, ոչ թե հրապարակ, և շրջապատող երեք շենքերի բնակիչները պետք է թամաշա անեն արենայի անցուդարձը։

 

Մշակո՞ւյթ, թե՞ քաղաքականություն

Վերջերս մի մտահոգիչ միտում է նկատվում․ երբ խոսքը գնում է տարբեր ոլորտների, օրինակ՝ մշակույթ կամ գիտություն, խնդիրները քաղաքական առումով վերանայելու, իրերի՝ սովորական դարձած ընթացքը կտրուկ փոխելու մասին, պաշտոնյաներն արագ վրա են բերում՝ մի՛ քաղաքականացրեք, կամ՝ դրանք քաղաքական հարցեր են, եկեք դրանից չխոսենք։ Բոլոր այս ոլորտները քաղաքական են, և հնարավոր չէ քաղաքականացնել մի բան, որն ինքնին քաղաքական է, բայց կարելի է կոծկել դրա՝ քաղաքական լինելու հանգամանքը։ Ըստ իս, վերը բերված խոսքերը պարզապես փոփոխությունների նկատմամբ վախի արտահայտություն են։ Այսքանը՝ սույն գրության վերջին բաժնի շրջանակը նախանշելու համար։

Հետաքրքիր է, թե ինչ տեսակի կառույցներն են սովորաբար հարձակման զոհ դառնում Երևանում, ինչ տեսակինները՝ պահպանվում, և ինչու է հատկապես քաղաքի կենտրոնը դարձել թիրախ։ Մեկը՝ ոճական բաժանումն է կամ ճարտարապետական դպրոցների շուրջ բանավեճը․ կոնստրուկտիվիզմ, կլասիցիզմ, նեոկլասիցիզմ, մոդեռն և այլն․ սրա մասին շատ է խոսվել և այս գրության մեջ կփորձեմ չանդրադառնալ դրան (առավել ևս, որ իմ ուղիղ գործը չեմ համարում այդ տեսանկյունից հարցին նայելը): Մյուսը՝ գործառութային բաժանումն է․ օրինակ՝ Սևան հյուրանոցը քանդվեց, բայց քաղաքում կառուցվել են այլ հյուրանոցներ, խորհրդային տարիներից մնացածների մի մասը շարունակում են աշխատել՝ պահպանելով նախնական նկարագիրը (Արմենիա/Մարիոթ), մյուս մասը խիստ աղավաղվել է (Դվին)։ Բայց հյուրանոցներ Երևանին պետք են։ Իսկ ահա տպարանի շենքը պայթեցվեց, Գրապալատի համալիրը տարերայնորեն բաժան-բաժան է արվել և հիմա աղավաղման ընթացքի մեջ է, բայց դրանց փոխարեն խոշոր տպարաններ կամ գրադարաններ չեն կառուցվել։ Երևի պիտի գոհ լինենք, որ Ազգային գրադարանին հարող տարածքն է միայն յուրացվել, շենքին բանը չի հասել։ Լեզվի կենտրոնի քանդման մասին ավելորդ անգամ չխոսենք։ Ուրեմն, Երևանին գրադրաններ ու տպարաններ, գրի և գրականության, լեզվի հետ առնչվող հաստատություններ պետք չեն, գոնե կենտրոնում։ Նոր գրախանութներ չեն կառուցվել, բայց այլ նշանակության կառույցների նեսում նոր գրախանութներ հաջողվել է խցկել։ Բացի «Մոսկվա» կինոթատրոնից, մնացած բոլորը նշանակություն են փոխել (ավտոխանութները կարծես հարմար են գալիս նախկին կինոթատրոնների շենքերում) կամ չեն գործում, և փոխարենը ստանդարտացված փոքրիկ կինոդահլիճներ են ձևավորվել մոլերի ներսում, ինչով շեշտվում է նախկինում կարևոր մշակութային պրակտիկայի լծորդումը սպառողականությանը։ Իսկ վերջերս Մալաթիա-Սեբաստիա համայնքում վերականգնված «Հայաստան» կինոթատրոնը ձեռքի հետ վերածվեց նաև ժամանցի կենտրոնի։

Այժմ անդրադառնանք կրթական հաստատություններին։ Սպայի տանը գործում էին զանազան խմբակներ։ Այն քանդվեց, տեղը կառուցվեց բազմաֆունկցիոնալ բիզնես համալիր, փոխվել են նաև շատ շենքերի գործառույթներ, որտեղ նախկինում գործում էին ուսումնարաններ, արվեստի խմբակներ, բայց փոխարենը, կարծես, չի կառուցվել կայացած նախաբուհական և արհեստագործական ուսումնական մի հաստատություն։ Թումոն բացառություն է, բայց այն, որքան տեղյակ եմ, տեղական միջոցներով չի կառուցվել ու նաև քաղաքի կենտրոնից քիչ հեռու է։ Նոր դպրոցներ նույնպես չկան կենտրոնում, իսկ հներից մի քանիսը վերացել են (Մռավյանի դպրոցը Զաքյան փողոցի վրա դարձավ փաստաբանների պալատ, հետո՝ հյուրանոց, Հրաչյա Աճառյանի դպրոցը ճոպանուղու հարևանությամբ վերացավ, շենքն էլ աղավաղվեց)։ Այստեղ եզրակացություններ անելն ավելի բարդ է, որովհետև դժվար է գտնել մի մարդ, որը բաց կհայտարարի, թե կրթություն պետք չէ Երևանին կամ Հայաստանին։ Իրականում գործ ունենք խճճված ընթացքի հետ, որից գլուխ հանելը հեշտ գործ չէ։ Երևանի կենտրոնում բուհական կրթության համար նախատեսված նոր շենքերն են ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը, Մաշտոցի համալսարանի շենքը, որը կառույցի կամ կրթական նշանակության առումով համեմատելի չէ խորհրդային շրջանում հիմնադրված բուհերի հետ, և նույն Աճառյանի դպրոցի տեղում հայտնված ՀԱՊԿ ակադեմիան, որի կրթական նպատակները թույլ տվեք կասկածի տակ առնել։ Կա Ամերիկյան համալսարանի նոր մասնաշենքը և կենտրոնից է՛լ ավելի հեռու շենքեր, և որքան ես գիտեմ՝ դրանք նույնպես ներքին ներդրման արդյունք չեն և չեն կառուցվել տեղական քաղաքականության որոշումների հիման վրա։ Ամենևին չեմ պնդում, թե նոր բուհական շենքեր է պետք տեղակայել քաղաքի կենտրոնում, այլ փորձում եմ զարգացման տրամաբանությունը որսալ։ Եթե սրա հետ առադրենք կենտրոնում հայտնված նոր բանկերի, հյուրանոցների, էլիտար բնակելի և բիզնես կենտրոնների շենքերի քանակն ու չափերը, խնդիրն ավելի կհստակվի։ Բայց թողնենք այդ մանրակրկիտ հետազոտությունն ավելի նպաստավոր օրերի համար։

Ընդհանուր, դեռևս անմշակ և խորքային հետազոտությունների կարոտ եզրահանգումն այն է, որ ամեն բան, որը չի նպաստում այսրոպեական շահույթին, կա՛մ կենտրոնից դուրս է մղվում ավելի մատչելի տարածքներ, կա՛մ առհասարակ ջնջվում է։ Եվ այս վերջինին է առնչվում Ֆիրդուսիում գտնվող աղյուսաշեն շենքերի հարցը․ դրանք հուշարձանի արժեք ունեն, բայց արագ շահույթ չեն բերի, ավելի երկարատև և բծախնդիր մոտեցում են պահանջում և քաղաքի կենտրոնում գուցե առհասարակ խանգարող գործոն են դիտվում կարճաժամկետ ձեռնարկատիրության համար։ Ո՛չ ֆիրդուսու կառուցապատման նախագծում, ո՛չ էլ Հյուսիսային պողոտայում չկա մանկապարտեզի, դպրոցի, կինոթատրոնի կամ գրադարանի առանձին շենք։ Այս հաստատություններից օգտվելու համար բնակիչներն ավել ժամանակ կամ վառելիք են ծախսում՝ առաջացնելով խցանումներ։ Հավանաբար այս հարցի և հասունացող բողոքի բնույթի վերաբերյալ աղոտ կռահումներ կան, այլապես դժվար է բացատրել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետևյալ գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով Ֆիրդուսի թաղամասի շուրջ տեղի ունեցած հասարակական քննարկումները` ցանկանում եմ տեղեկացնել, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ ենք մտցրել կառուցապատման նախագծում: Մասնավորապես որոշվել է.

Հուշարձանային տարածքում գտնվող Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանել իրենց տեղերում, վերարժևորել շենքերի ետնամասի ֆասադները և տվյալ տարածքների համար ստեղծել նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր՝ 2-4 հարկանի պատմական շենքերով, փայտե պատշգամբներով և հուշարձան շենքերի միջև 200մ հետիոտնային ճանապարհով:

Այս տարածքում 1-ին և 2-րդ հարկերում նախատեսվող սրճարաններից և հուշանվերների խանութներից բացի ներկայումս կառուցապատողների հետ քննարկում ենք պատմական միջավայրի տարածքում՝ 2-րդ և 3-րդ հարկերում, ստեղծել մշակութային հայտնի գործիչների թանգարաններ։

Այս փոփոխությունները կփարատեն մտահոգությունները և Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ծրագիրը էլ ավելի լավը ու ամբողջական կդարձնեն:

Բայց սա լոկ «կյանքի, մշակութային կյանքի, տնտեսական կյանքի ցուցադրության, ամեն ինչի ցուցադրության» օրինակ է, որը շրջանցում է խնդիրները՝ դրանք լուծելու փոխարեն, որովհետև նշված տարածքներն առհասարակ կառուցապատման «կոնցեպտ»-ի մաս չեն և շենքերն ունեն հուշարձանի կարգավիճակ, իսկ խնդրո առարկա աղյուսաշեն կառույցների և օրերս քանդված տուֆակերտ կառույցի մասին խոսք չկա գրառման մեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Տարածել`
Share

You may also like...