«Մշակութային ժառանգությունը մարդկանց հիշողությունն է». Պաոլո Վիտտի

aravot.am-ը գրում է՝

Երերույք հնագիտական հուշարձանն ու Անիպեմզա գյուղն այս տարի Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են յոթ առավել վտանգված հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը: «Երերույք հնագիտական հուշարձանը յոթ առավել վտանգվածների ցանկում ընդգրկելը պայմանավորված էր դրա յուրահատկությամբ: Ծրագիրը միտված է ոչ միայն հուշարձանի վերականգնմանը, այլև զբոսաշրջության զարգացմանն ու համայնքային կյանքի աշխուժացմանը: Անիպեմզայում մինչ օրս լավ պահպանված շենքեր կան, սակայն բնակչությունն աղքատ է: Ծրագիրը կօգնի զարգացնել գյուղը»,-  ասում է Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի ղեկավար Գայանե Կազնատին։

Հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ, որոնք այսօր պաշտոնապես ազդարարեցին «Երերույք-Անիպեմզա» ծրագրի մեկնարկը: Այն կիրականացվի ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Եվրոպա Նոստրայի» «Յոթ առավել վտանգված հուշարձաններ» ծրագրի հիմնադիր Գայ Կլաուսի խոսքով՝ Երերույք հնագիտական հուշարձանն ու Անիպեմզա գյուղը ծրագրում ընդգրկելը վկայությունն է այն բանի, որ Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը իրապես դիտարկվում է որպես եվրոպական ժառանգության անբաժանելի մի մասնիկ: Իսկ այս մրցանակը տրվում է ոչ թե ձեռքբերումների համար կամ որպես կատարված աշխատանքի գնահատական, այլ միտված է հետագա աշխատանքների աշխուժացմանն ու վտանգված հուշարձանը փրկելուն: «Այն վտանգված է, որովհետև բարձիթողի վիճակում է, իսկ այդպիսի վիճակում սովորաբար հայտնվում են մոռացված, անտեսված լինելու պատճառով»,- ընդգծեց Գայ Կլաուսը։ «Մշակութային ժառանգությունը մարդկանց հիշողությունն է: Ուզում ենք պահպանել մարդկության և բոլոր ժողովուրդների հիշողությունը»,- հավելեց «Եվրոպա Նոստրա» կազմակերպության գիտական խորհրդի անդամ Պաոլո Վիտտին: Նրա փոխանցմամբ՝ կազմակերպության անդամներն իրենց քայլերի հաջորդականությունը որոշելու համար առաջին հերթին կգնան հուշարձանը տեղում տեսնելու. «Որպեսզի հասկանանք՝ ինչն ինչոց է, որտեղից պետք է սկսենք և ինչ հնարավոր արդյունքների ենք հետամուտ լինելու»,- նշեց Պաոլո Վիտտին: Նկատենք, որ «Եվրոպա Նոստրայի» յոթ առավել վտանգված հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) միջազգային փորձագետների կատարած ուսումնասիրությունների ու եզրակացությունների հիման վրա:

Հեղինակ՝ Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed