Մի քանի սերունդ անց արևմտահայերենը կարող է կանգնել վերացման վտանգի առաջ

Սփյուռքահայ սյունակագիր Կատյա Քուշերյանն Asbarez-ի իր սյունակում անդրադարձել է արևմտահայերենի արդի խնդիրներին: Քուշերյանի համոզմամբ արևմտահայերենը մի քանի սերունդ անց կարող է կանգնել վերացման վտանգի առաջ և այդ համատեքստում կարևոր է հենց Հայաստանում գրաբարի և արևմտահայերենի ավելի ակտիվ ուսուցանումը:

Քուշերյանի հոդվածը ներկայացվում է փոքրիկ խմբագրմամբ.

«Լեզուն անմիջականորեն կապված է հայրենիքի և պետականության գաղափարների հետ, հետևաբար՝ պետականության երկարամյա բացակայությունը մեզանում հանգեցրեց գրաբարի կորստին, իսկ նոր ձևավորվող և լեզվաբանության մեջ միջին հայերեն կոչվող լեզուն, որը պետք է դառնար ողջ հայության ընդհանուր լեզուն, չհասավ զարգացման իր գագաթնակետին, ինչն էլ հանգեցրեց աշխարհաբարի երկու տարբերակի առաջացման անցանկալի երևույթին:

Եթե լեզվի պահպանումն ու զարգացումը ենթադրում են նախ և առաջ հայրենիք և պետականություն, ապա 1915թ. Հայոց ցեղասպանությունն արևմտահայերենից խլեց այդ հիմքերից թերևս ամենաառաջնայինը՝ հողը:

Արևմտահայերենը կորցրեց իր ոտքի տակի հողը, բայց շարունակեց գոյատևել այն հրաշալի սերնդի հերոսական ջանքերի շնորհիվ, որոնք որտեղ էլ որ ապաստանեցին՝ զրկանքների գնով հիմնեցին դպրոցներ, պատրաստեցին ուսուցիչներ և հոգևոր գործիչներ, կորցրած հողի սերը կրկնակի կերպով փոխանցեցին լեզվին ու կառչեցին նրանից՝ որպես փրկության նավակ:

Նրանք պահպանեցին լեզուն և գոյատևեցին ի շնորհիվ լեզվի: Հաճախ ենք խոսում լեզվի պահպանման կարևորության մասին, և երբեմն դժվար է ասել ա՞զգն է պահում լեզուն, թե՞ հակառակը: Սերունդներ եկան, որոնց համար արևմտահայերենը մարմնավորում էր հայրենիք և դեռևս հանդիսանում էր հաղորդակցության ու ստեղծագործելու լեզու:Այդ սերունդը, որի համար արևմտահայերենը դեռևս շարունակում է մնալ այդպիսին, աստիճանաբար անցնում է պատմության գիրկը՝ իր տեղը զիջելով ժամանակակից հային, որի հոգևոր կապվածությունն արևմտահայերենին թույլ է:

Բացառությամբ մի քանի օրինակների՝ Սփյուռքի գրեթե բոլոր գաղթօջախներում հաղորդակցության հիմնական լեզուն տվյալ երկրի լեզուն է, որին նրանք հարկադրված են տիրապետել, ստիպված են կրթություն ստանալ այդ լեզվով և մուտք գործել տվյալ հասարակություն: Մինչդեռ արևմտահայերենը նրանց համար հաղորդակցության նեղ շրջանակ է ենթադրում:

Տևական պատերազմները, որոնք ցնցումների են ենթարկում Մերձավոր Արևելքում գտնվող մեր մայր համայնքները, որտեղ հայերենը հաղորդակցության առաջնային լեզու է հանդիսանում, պատճառ են դառնում այդ երկրներից մեծ արտագաղթերի, և եթե գաղթը դեպի Արևմուտք է՝ համայնքի ներկայացուցիչները ստիպված հանձնվում են օտար լեզուներին, իսկ եթե Հայաստան՝ սովորում և գործածում են արևելահայերենը:

Աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով առաջացած վտանգների կամ այլ պատճառներով Հայաստանում հաստատվող և արևմտահայերին տիրապետող հայերը, թերևս, որոշ ժամանակ կպահպանեն այն, բայց նրանց երեխաները՝ ոչ:

Ազնիվ կլինի նաև այսօր կանգնել արևմտահայերենի կողքին և պահպանել այն, հետամուտ լինել, որ գրաբարն ու արևմտահայերենը դասավանդվեն Հայաստանում՝ տալով հայրենաբնակ ժողովրդին այն բանալին, որով նրանք կկարողանան մուտք գործել գրաբարի և արևմտահայերենի գանձատնից ներս:

Արևմտահայերենը նահանջի շեփոր է հնչեցրել, ինչը խորը ցավի և ափսոսանքի զգացում է առաջացնում, սակայն միևնույն ժամանակ հիշեցնում, որ յուրաքանչյուր նահանջ իր մեջ ունի նաև կրկին առաջ շարժվելու նախադրյալ:

Պետք չէ շտապել, պետք է կանգնել արևմտահայերենի կողքին և օգնել նրան, հուսալ և սպասել, որովհետև լեզուն ինքն է հարթում իր ճանապարհը»:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed