Մի խաչքարի հետքերով

Դեպի Վայոց ձոր և Սյունիք մեր վերջին ճամփորդության ժամանակ նպատակադրել էինք տեսնել նաև Գոմք-Զառիթափ գյուղերի միջակայքում, Խաչիձոր անվամբ հայտնի տեղամասում գտնվող այն խաչքարը, որը կանգնեցվել էր նույն վայրում աղբյուրի կառուցման կապակցությամբ` 1288 թ.: Տեղում պարզվեց, որ 1990-ական թթ. սկզբներին պատվանդանը տեղում թողնելով միայն խաչքարը փոխադրել էին գյուղ և կանգնեցրել գյուղի հյուսիսարևելյան եզրի գերեզմանոցում (ավանդականին հակառակ դիրքով): Մեզանից առաջ այս խաչքարը տեսել և վիմագիրն ընթերցել ու հրատարակել էին երկու հեղինակներ` Քաջբերունին և Ե. Լալայանը: Նրանցից օգտվելով էլ վիմագիրը վերահրատարակել էին` Ալիշանը, Գ. Հովսեփյանն ու «Դիվան հայ վիմագրության» Գ պրակի կազմողները (էջ 195), սակայն նրանց բոլորի մոտ բացակայում էր վիմագրի սկզբնամասը («ի ա|շխ|ար|հ(ա)կա|լու|թե(ան) Արղ[ուն] | խա|ն|ի|ն և» հատվածը): Ուրախությամբ նշեմ, որ մեզ հաջողվեց լրացնել այդ բացը, որով վիմագիրը գրեթե ամբողջացավ: Ահա այն.
«Ի թվ|ակ|ան|իս հ|այո|ց ՉԼ|Է (1288), | ի ա|շխ|ար|հ(ա)կա|լու|թե(ան) Արղ[ուն] | խա|ն|ի|ն և | իշխ|անութե(ա)ն Պապաք|ին և Ամիրհասանայ, ես` Ս|արգիս և որդի իմ Պետրո|[ս]ն շինեցաք զաղբուրս | [և] կանգնեցաք զխաչս …|…: | Իշ|եցէ|ք ի | Ք(րիստո)ս | Գրիչ»:

15094510_586196014898733_5631822931516792998_n

Նյութը՝ Սամվել կարապետյանի ֆեյսբուքյան գրառումից

Տարածել`
Share

You may also like...