Միջին Արևելքը կկորցնի իր ինքնությունն առանց քրիստոնեության

news.am-ը գրում է՝

Առանց քրիստոնեեության Միջին Արեւելքը կկորցնի իր ինքնությունն ու յուրահատկությունը: Այս մասին սեպտեմբերի 7-ին, Ամանում ընթացող Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի (ՄԱԵԽ) 11-րդ համաժողովում իր ելույթում նշել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Ա.-ն մասնավորապես, նշել է, որ «Միջին Արեւելքը ո՛չ միայն քրիստոնեության ծննդավայր է եղել, այլեւ նրա մշակույթին, քաղաքակրթությանը եւ պատմության մեջ կարեւոր ներդրում է ունեցել: Միաժամանակ նա ազդեցությունն է կրել շրջանի ներսում տեղի ունեցած վեյրիվերումներից եւ զարգացումներուց»:

Արամ Ա.-ն, որպես այս համաժողովի գլխավոր դասախոս, իր խոսքն սկսել է երկու հաստատումներով. «Առաջին, քրիստոնեությունը Միջին Արեւելքի անբաժան ու անբաժանելի մաս է կազմում։ Եկեղեցին անցյալի արժեքների եւ ավանդությունների թանգարանը չէ, այլ կենդանի ներկայություն Միջին Արեւելքի հասարակության բոլոր բնագավառներում։ Երկրորդ, հակառակ իր դիմագրաված տագնապներին ու մարտահրավերներին, քրիստոնեությունը վճռել է մնալ տարածաշրջանում»։

Արամ Ա. Կաթողիկոսը նաեւ նշել է, որ սա Միջին Արեւելքի բոլոր եկեղեցիների հավաքական կեցվածքն է եւ այն կիսում են նաեւ իսլամ դրացիներն ու համաքաղաքացիները։

Անդրադառնալով քրիստոնյա համայնքի առջեւ ծառացած խնդիրներին, Վեհափառ Հայրապետը առաջ է քաշել 8 կետեր, որպես առաջնահերթություններ. ա) քրիստոնյա համայնքները պետք է մասնակից դառնան ժողովրդավարական սկզբունքներ հաստատելու ձգտող բոլոր շարժումներին ու ծրագրերին, բ) քրիստոնյա համայնքները պետք է տեր կանգնեն իրենց իրավունքներին՝ որպես լիիրավ քաղաքացիներ, գ) երեք միաստվածային կրոնները պետք է որդեգրեն հավաքական կեցվածք՝ հասարակությանը հուզող ընդհանրական հարցերի վերաբերյալ, դ) անհրաժեշտ է քրիստոնեական միությանը շոշափելի արտահայտություն տալ, ե) եկեղեցու բարեկարգությունը հրամայական է՝ հատկապէս ստեղծված նոր պայմաններում, զ) անհրաժեշտ է արեւմտյան եկեղեցիների հետ գործակցությունն ավելի ամրապնդել, է) եկեղեցիներն իրենց սփյուռքի համայնքների հետ պետք է ունենան ավելի հետեւողական ու արդյունաշատ գործակցություն, ը) Մ.Ա.Ե.Խ.-ի վերակազմակերպումը անհետաձգելի անհրաժեշտություն է։

«Ի՞նչ պիտի լինի քրիստոնեության ապագան Միջին Արեւելքում։ Միջին Արեւելքի պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ հաճախ տագնապներով եւ բեւեռացումներով լեցուն է եղել այն: Հակառակ այս իրողության, պատմական իրագործումներ են արձանագրվել տարածաշրջանում։ Այսօր եւս, Միջին Արեւելքը տագնապի մեջ է եւ լուսարձակի տակ է միջազգային համայնքի կողմից։ Այս բացասական երեւույթներից բացի կան նաեւ դրական զարգացումներ եւ արմատական փոփոխություններ։ Քրիստոնեությունը պետք է շարունակի մնալ տարածաշրջանում: Սա ո՛չ միայն արեւմուտքի եւ արեւելքի եկեղեցիների կեցվածքն է, այլ նաեւ իսլամ պետությունների, հետեւաբար ժամանակի նշանները պետք է ճիշտ կարդալ եւ կատարվող զարգացումները ճիշտ գնահատել։ Առանց քրիստոնեության Միջին Արեւելքը կկորցնի իր ինքնությունը եւ յուրահատկությունը»,-ընդգծել է Արամ Ա-ն:

Տարածել`
Share

You may also like...