Մինչև տաղավար մտնելը հասցնում եմ ջնջել վատ տրամադրությունս, որ կարողանամ «բարի լույս»-ը շատ անկեղծ ժպիտով ասել. Մերի Ներսիսյան

Երրորդ բալիկի ծնունդից շատ չանցած հաղորդավարուհի Մերի Ներսիսյանը նոր «պաշտոնով» աշխատանքի է անցել: Արդեն տեւական ժամանակ է նա Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման շրջանակում ճիշտ 09:30-ին հաղորդավար Մամիկոն Սիմոնյանի հետ բարի լույս է մաղթում հանրությանը եւ շուրջ 2.5  ժամ ուղիղ եթերով փորձում է մարդկանց դրական լիցքեր հաղորդել: Նոր աշխատանքի, մանկահասակ երեխաների հետ աշխատանքի համատեղման եւ օրվա նոր ռիթմի մասին Մերի Ներսիսյանը զրուցել է Life.panorama.am-ի հետ, ինչպես նաեւ հատուկ մեր կայքի համար ֆոտոպատմություն է տրամադրել:

… Առավոտը օրվա լավագույն ժամանակահատվածն է՝ օդում մի տեսակ մաքրություն, թարմություն ու անկեղծություն կա: Վաղ արթնանալը հնարավորություն է տալիս վայելել դա: «Առավոտ լուսոն» սկսվում է ժամը 09.30-ին, ամենաուշը 07.30-ին ես արթնանում եմ, հանգիստ վայելում թեյ ամուսնուս հետ, հետո անշտապ բարձրանում Նորքի բարձունք՝ Հանրային հեռուստաընկերություն: Ես երեք երեխա ունեմ, ուստի երեկոյան ամեն բան նախապատրաստում եմ, որ առավոտս հանգիստ սկսվի: Վաղ առավոտյան նրանք դեռ քնած են լինում, իսկ ես երբեմն ամբողջ գիշեր չքնած, բայց մինչև տաղավար մտնելը հասցնում եմ ջնջել անքուն գիշերներս, երբեմն վատ տրամադրությունս, որպեսզի կարողանամ «բարի լույս»-ը շատ անկեղծ ժպիտով ու դրական տրամադրվածությամբ ասել:  Ուղիղ եթերն ինձ հաղորդում է աննկարագրելի զգացողություններ:

… Տարբեր առիթներով նշել եմ, որ Հանրային հեռուստաընկերությունն ինձ համար մի տեսակ երկրորդ տուն է դարձել: Բավական է ոտքս դնեմ շենքից ներս ու ինձ զգում եմ այնքան հարմարավետ ու հանգիստ: Մեզ համար ստեղծված են բոլոր պայմանները եթեր ժպիտով մտնելու համար, մեզ շրջապատում են անչափ լավ մարդիկ՝ սկսած անցակետի աշխատողից, վերջացրած դիմահարդար ու վարսահարդար: Եթերից մեկ ժամ առաջ դիմահարդարման ու վարսահարդարման սենյակում մենք պատրաստվում ենք եթերի: Այդ ընթացքում գործընկերոջս՝ Մամիկոն Սիմոնյանի հետ, անցնում ենք սցենարի վրայով, քննարկում հարցազրույցները, մի քիչ զրուցում:

… 09.30-ին սկսվում է «Առավոտ լուսոն» ու մենք ասում ենք բարի լույս Հայաստանում ու ամբողջ աշխարհում ապրող մեր հայրենակիցներին: Այսքան տարի աշխատել եմ ուղիղ եթերում, բայց «սկսում ենք» հրահանգը լսելիս, սրտիս զարկերն արագանում են: Ուղիղ եթերում աշխատելը մեծ պատասխանատվություն է, այն էլ 2.30 ժամ: Եթերի վերջում քեզ ոչնչացված ես զգում, մի տեսակ դատարկ ու քամված: Բայց դա այնքան հաճելի է: Մեկ թողարկման ընթացքում հասցնում ենք 5 հարցազրույց ունենալ ու դա հիասքանչ է՝ նոր մարդիկ, նոր ու հետաքրքիր թեմաներ, իրադարձություններ:

… Եթերն ավարտվելուց հետո Մամիկոնի հետ նախ սուրճ կամ թեյ ենք խմում, քննարկում եթերը, բացերն ու թերությունները, երբեմն չենք վախենում նաև մի քիչ հպարտանալ, գոհանալ մեր աշխատանքից. այդ ընթացքում էլ բազմաթիվ նոր մտքեր են ծնվում: Մամիկոնը շատ դրական մարդ է, միշտ նոր ու հետաքրքիր մտքերով, ուստի երբեք միօրինակության ու ձանձրույթի առիթ չի լինում:

… Եթերից հետո մի քիչ հանգստանում ենք ու նորից անցնում գործի: Նախ խմբագրակազմով քննարկում ենք եթերը, հետո հասկանում, թե ինչ ունենք մյուս եթերի համար: «Առավոտ լուսոն» հիանալի թիմ ունի, ամեն մեկն իր գործի վարպետն է, դա օգնում է ավելի արդյունավետ աշխատել: Հաջորդ եթերի մոտավոր կառուցվածքը հասկանալուց հետո շատապում եմ տուն՝ բալիկներիս մոտ: Ես ուղիղ եթերում աշխատում եմ օրումեջ, հաջորդ օրը եթերում աշխատում են մեր գործընկերները` պարոն Օրդյանն ու Հերմինեն: Նրանց եթերի օրն էլ մենք արդեն պատրաստում ենք եթերի սցենարը՝ հագեցած բազմազան տեղեկատվություններով: Յուրաքանչյուր եթերի սցենար կազմաված է լինում մոտավորապես 20 էջից. Ուրախ եմ, որ այդ օրերին կարողանում եմ նաև տանից աշխատել, իհարկե մի փոքր բարդ է, բայց ցանկության դեպքում ամեն բան հաջողում եմ:

 

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

Աղբյուրը` life.panorama.am

Նյութը ներկայացվեց առանց խմբագրման

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed