«Մեր ներկայացումները դրսում են անցկացվում ու բոլորի համար են». Ժիրայր Դադասյան

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ն անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնը: Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի տեղեկացմամբ, բավական հագեցած ծրագիր է սպասվում:

«Բացի Ծաղկաձորից, ցուցադրություններ են լինելու նաև Դիլիջանում և Երևանում: Այս տարի ծրագրում ընդգրկված են աննախադեպ թվով մասնակիցներ Սերբիայից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից, Ռուսաստանի երկու քաղաքներից, Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունից, Ֆրանսիայից: Մասնակցելու է նաև էթնիկ պարախումբ Գանայից: Փառատոնի օրերին ցուցադրություններ կլինեն Ծաղկաձորի «Ծաղկունյաց» և «Օրբելիների» հրապարակներում, Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում: Նախատեսվում է ցուցադրություն նաև Երևանի Հյուսիսային պողոտայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ժիրայր Դադասյանը:

Փառատոնի օրերին տեղի կունենան վարպետության բաց դասեր, կոնֆերանս Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ: Կանցկացվեն տեսացուցադրություններ և քննարկումներ:

Հայաստանից փառատոնին կմասնակցեն «Երևանի մնջախաղի պետական թատրոնը», Մնջախաղի թատրոնին կից խուլերի «ՄԵՆՔ» մնջախաղի թատրոն-ստուդիան, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, որոնք կներկայացնեն իրենց ավարտական աշխատանքները:

Ավանդույթի համաձայն երևանյան հանդիսատեսը կարող է մեկնել ներկայացումները դիտելու` օգտվելով անվճար ավտոբուսներից, որոնք փառատոնի օրերին, սահմանված ժամանակացույցով, հանդիսատեսին կտեղափոխեն Երևան – Ծաղկաձոր- Երևան երթուղով:

«Մեր ներկայացումները բացօթյա են և նախատեսված` բոլորի համար: Ոչ նեղ մասնագետների համար են, ոչ այն մարդկանց, ովքեր հրավիրատոմս պետք է ունենան կամ ժամը 7-ին անպայման գան, տոմս գնեն: Ոչ, նման բան չկա, ներկայացումները դրսում են անցկացվում ու բոլորի համար են: Դրա համար էլ մեծ թվով հանդիսատես ենք ունենում»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Նրա խոսքով՝ այս տարի փորձում են փառատոնի ծրագրում ակտիվացնել պարային հատվածը: Փառատոնի ծրագրում ընդգրկվում են ոչ միայն մնջախաղի ներկայացումներ, այլև կրկեսային, ակրոբատիկ, աճպարարական համարներ: Այս տարի կլինեն պարային ներկայացումներ:

Ժիրայր Դադասյանը ներկայացրեց նաև փառատոնի այս տարվա տարբերանշանը: Նա նշեց, որ նախորդ 4 փառատոնների տարբերանշանները եղել են հենց Լեոնիդ Ենգիբարյանի դիմանկարով, որպեսզի փառատոնն իր տեղը գտնի նրա անունով: «Այսօր արդեն շատ շատերը տեղյակ են այս փառատոնի մասին, գիտեն, որ կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Այս ընթացքում մեզ հաջողվեց Ծաղկաձորում տեղադրել նրա հուշարձանը: Ահա այս տարի որոշվեց փոխել տարբերանշանը, կարծում եմ, որ դա նոր լիցք կհաղորդի փառատոնին»,-ասաց Ժիրայր Դադասյանը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed