Մեր լեզվի մեջ մի անբացատրելի մաթեմատիկական կառույց կա. հետազոտող

Փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անհատ հետազոտող Արծվի Ալեքսանյանը, ով արդեն 40 տարի է, ինչ զբաղվում է հայկական այբուբենի ուսումնասիրությամբ, այն կարծիքը հայտնեց, որ հայոց այբուբենը մարդու կողմից ստեղծված չէ, այն ավելի բարձր քաղաքակրթության արդյունք է: Եվ Մեսրոպ Մաշտոցը ոչ թե ստեղծել, այլ փրկել է նախաստեղծ այբուբենը կործանումից:

«Մեր լեզվի մեջ մի անբացատրելի մաթեմատիկական կառույց կա: Այբուբենը գիտելիքների շտեմարան է, շատ ավելի հարուստ, քան մի մեծ ոսկու հանքը: Օրինակ՝ մեր այբուբենում արդեն կա նոտաների թվային ամբողջ պատկերը, այն հրաշագործ փայտիկի հզորություն ունի և միայն ազգային չէ, սա ողջ մարդկության համար է մի կառույց, որն ասելիք ունի»,-ներկայացրեց նա և հավելեց, որ հայոց այբուբենը մի կառույց է, որի անգամ մի տառի տեղափոխությունից մեխանիզմը չի աշխատի: «Օրինակ՝ Ր-ն կառուցվածքային առումով կարևոր դեր ունի մեր այբուբենում: Նրա փոփոխություններից մենք ստանում ենք այբուբենի բոլոր տառերը: Բացի այդ, Ր-ից առաջ մեր այբուբենի առաջին տառը դնելով, մենք ստանում ենք Ար աստծո անունը, որի հակառակը եգիպտական Ռա աստվածն է»,-պարզապանեց Արծվի Ալեքսանյանը:

Ըստ հետազոտողի՝ իր բացահայտումներին հավատալու համար այբուբենը նա փորձել է բացել ճշգրիտ գիտությունների միջոցով. «Այբուբենը տեղադրեցի երկրաչափական եռանկյունու մեջ: Տեղավորելով եռանկյունու երեք անկյուններում, այնուհետ հասկացա, որ անկյուններում հայտնված տառերով կազմվում է ասք բառը, որը նշանակում է ասելիք, ինչն էլ ռուսերենում «սկազկան» է, անգլերենում՝ «ասկ» ( հարցնել): Բացի այդ, այբուբենի երկձայնները, եռաձայններն ու միաձայնները իրար կապելով՝ ես ստացա եռանկյունաչափության հինգ կարևոր եռանկյունները, իսկ դա պատահական լինել չէր կարող: Հայոց այբուբենը լավ ուսումնասիրելու և գաղտնազերծելու դեպքում, շատ նորանոր գաղտնիքներ կբացահայտվեն, հասու կլինեն շատ գիտությունների, որոնք առ այսօր բացահայտված չեն»:

Տարածել`
Share

You may also like...