«Մերսեդես» պիեսը ցուցադրվեց Կահիրեի միջազգային թատերական փառատոնում

Պատանի հանդիսատեսի թատրոնը մասնակցել է Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին՝ ներկայացնելով Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար  Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Պատանի հանդիսատեսի թատրոնից:

Հանդիսատեսը ջերմությամբ է ընդունել հայ դերասանների խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը: Ներկայացմանը ներկա է եղել Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը: Վերջինիս ջանքերի շնորհիվ «Մերսեդես»-ը ցուցադրվել է նաև տեղի հայկական մշակութային կենտրոնում՝ հայ համայնքի ներկայացուցիչների համար:

Նշենք, որ Կահիրեի ժամանակակից և փորձարարական ներկայացումների 23-րդ միջազգային թատերական փառատոնին այս տարի ցուցադրվել է 29 ներկայացում՝ 13 երկրից:

 

Անուշ Ասլիբեկյանը ծնվել է 1981 թվականին Սևան քաղաքում։ 1998-2003 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետում, 2003-2006 թվականներին՝ ասպիրանտուրայում։ 2000-2005 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը։ 2006 թվականից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի արվեստի պատմության և տեսության ամբիոնում։ 2008 թվականից ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է։ 2005 թվականին մասնակցել է ՌԴ Թատերական գործիչների միության կազմակերպած թատերագիտական սեմինարներին՝ «Ռուսաստանի հնագույն թատրոններ» փառատոնի շրջանակներում։ 2007-2009 թվականներին Թբիլիսիում մասնակցել է Եվրոպական կինոգործիչների կազմակերպած Հարավային Կովկասում անկախ կինոարտադրության խթանմանն ու զարգացմանն ուղղված թրեյնինգների։ Ունի սցենարի վերլուծաբանի և կինոսցենարիստի որակավորում։ 2008-2009 թվականներին եղել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Արարատ» ալիքի «Մշակ» մշակութային լուրերի մեկնաբանը և լրագրող։ 2009 թվականին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան «Միջազգային այցելու» ծրագրով եղել է ԱՄՆ-ում՝ մասնակցելով «Մշակույթի լուսաբանումը լրատվամիջոցներով» վերապատրաստման սեմինարներին։ Թատերագետների միջազգային ասոցիացիայի և Ազգային թատերական ստեղծագործական միավորման, 2012 թվականից՝ Հայաստանի Գրողների միության անդամ է:
Տեղեկությունը տրամադրել են  Պատանի հանդիսատեսի թատրոն մամուլի ծառայությունից
Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed