Մերի Քոչարյանը «Մանկական Նոր ալիք»-ում զբաղեցրեց 3–րդ հորիզոնականը

«Մանկական Նոր ալիք»-ում Հայաստանը ներկայացնող երգչուհի Մերի Քոչարյանը հեղինակավոր մրցույթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Ինչպես «Արմենպրես»-ին Ղրիմից տեղեկացրել է Մերիի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը, փոքրիկ երգչուհին շատ է գոհ է երրորդ տեղը զբաղեցնելու փաստից:

«Այս տարի դաժան մրցակցություն էր: Ընդհանուր առմամբ գոհ եմ Մերիի ելույթներից: Առաջին օրը նա մի փոքր հուզված էր: Կյանքում առաջին անգամ մարզադաշտում 20 հազար հոգանոց հանդիսատեսի առջև երգելը հեշտ չէ: Իսկ երկրորդ օրը նա արդեն հաղթահարեց հուզմունքը: Կարծում եմ, շատ լավ արդյունք ունենք: Շատ թեժ էր պայքարը մրցանակային տեղերի համար»,-նշել է Գրիգոր Կյոկչյանը:

Նա հավելել է նաև, որ որպես մրցանակ իրենք ռուսական պատվիրակության հետ կմասնակցեն Մանկական «Եվրատեսիլ 2015»-ին: «Նաև մի շարք այլ հետաքրքիր առաջարկներ ստացանք: Մերիի նոր երգը մրցույթի հիթն էր դարձել, բոլոր մասնակիցներն անընդհատ երգում էին այն: Նաև Իգոր Կրուտոյի ակադեմիայի հետ 5 տարվա պայմանագիր ստորագրեցինք: Կարծում եմ, որ շատ հաջող է ու ոգևորող»,- ասել է Գրիգոր Կյոկչյանը:

crimea.ria.ru կայքը տեղեկացնում է, որ մրցույթում հաղթել է Մալթան ներկայացնող Գայա Կաուչին, իսկ երկրորդ հորիզոնականն են կիսել բուլղարացի Կրիսիա Տոդորովան և ռուսական «Վայրի կիթառներ» զույգերգը: Հանդիսատեսի համակրանքին է արժանացել Ղազախստանը ներկայացնող Դանելիա Տուլեշովան: Մրցույթն այս տարի անցկացվում էր օգոստոսի 11-13-ը:

Միջազգային «Նոր ալիք» մրցույթը կազմակերպվում է ամեն տարի: Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2002 թվականին Յուրմալայում: Մրցույթի ստեղծման գաղափարը պատկանում է Իգոր Կրուտոյին և Ռայմոնդ Պաուլսին: 2008 թվականից սկսած` ամեն տարի անցկացվում է նաև «Մանկական Նոր ալիք»-ը, որի առաջին մրցույթը տեղի է ունեցել նոյեմբերի 28-29-ին Մոսկվայում:

Տարածել`
Share

You may also like...