Մենք սահմանամերձ տարածք չենք պահում, մենք ժողովուրդ ենք պահում. Ռուբեն Բաբայան

«Աջակցենք սահմանամերձ գյուղերին» նախաձեռնությունն իր ստեղծման օրից հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով` սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքն աշխուժացնելու, տեղի երեխաներին, բնակիչներին մշակութային անցուդարձին տեղյակ պահելու համար:   Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը նշեց, որ իրենք քանիցս այցելել են Այգեպար, Մովսես, Ներքին Կարմրաղբյուր և տեղի խնդիրների մասին տեղեկացրել ՀՀ վարչապետին, այժմ աշխատանքներ են տարվում դրանք լուծելու ուղղությամբ: Ըստ նրա` սահմանամերձ գյուղերում մշակութային կյանքն այնքան էլ լավ վիճակում չէ, և իրենք փորձել են հենց այս բացը լրացնել:   «Տավուշի մարզում մի քանի մշակութային միջոցառումներ իրականացնելուց հետո որոշեցինք նամակով դիմել մշակույթի նախարարությանը, որպեսզի նախարարության հովանու ներքո Հայաստանի տարբեր թատրոնների պետբյուջեից տրամադրվեն միջոցներ` ճանապարհածախս, գիշերելու տեղ, սնունդի հետ կապված հարցերը լուծելու և սահմանամերձ գյուղերում ներկայացումներ իրականացնելու համար»,- ասաց Հովսեփյանը` հավելելով, որ իրենց նպատակը միջոցառումներին համակարգված բնույթ տալն է: «Այսինքն` մենք շարունակելու ենք մեր անելիքը, ուղղակի կուզեինք, որ նախարարությունը պետական մակարդակով այս հարցը լուծեր, այսինքն` հատուկ ծրագիր ունենար, որտեղ հստակ կնշվեր` որ թատրոնը երբ է մեկնելու սահմանամերձ գյուղ և ներկայացում ցուցադրելու»:   Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն էլ նշեց, որ նոյեմբերի 16-ին Մովսես և Այգեպար գյուղերի երեխաների համար ցուցադրել են «Անխելք մարդը» ներկայացումը: Նա տեղեկացրեց նաև, որ նախաձեռնության անդամները պատրաստվում են դեկտեմբերի 20-21-ը Ամանորի ներկայացում ցուցադրել Բաղանիս և Դովեղ գյուղերում:   «Այս ծրագիրն իրականում ուղղված է հայրենիքի պաշտպանությանը, քանի որ, հայրենիքի պաշտպանություն ասելով, առաջին հերթին մարդկանց ենք պատկերացնում, որոնք ապրում են այդ տարածքում, և մեր պարտականությունն է նրանց կյանքը լիարժեք դարձնել: Հասկանո՞ւմ եք` խումբը ծրագիրն իրականացնելու համար ոչ թե հոնորար կամ վարձատրություն է ուզում, այլ մինիմալ ծախսերը հոգալու համար սիմվոլիկ գումար, ինչպես նաև պետական համակարգված մոտեցում` հարցի հետ կապված»,- ասաց Բաբայանը:   Նա նշեց, որ սա ընդամենը սկիզբ կհանդիսանա, որպեսզի սահմանամերձ գյուղերում հետագայում լինեն նաև շրջիկ ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություն… Բաբայանի համոզմամբ` մենք մեր մշակութային կյանքը կենտրոնացրել ենք միայն Երևանում, այնինչ` ամբողջ աշխարհում մշակույթը մայրաքաղաքից ապակենտրոնացնելու քաղաքականություն է տարվում:   «Մշակույթը մեր երկրինն է, և մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է հնարավորություն ունենա առնչվելու մշակույթի հետ: Տեղական ինքնակառավարման մարմիններն ուղղակի անտեսում են մշակութային կյանքը: Գիտե՞ք` Ճամբարակում վերջերս մի փոքրիկ տիկնիկային թատրոն-ստուդիա է բացվել, և նրանք սեփական միջոցներով մի հրաշալի ներկայացում են բեմադրել, բայց տեղական մարմինների կողմից բացարձակ անտարբերության են արժանացել, և հիմա այդ ստուդիան ուզում են փակել: Ուղղակի պետք է հասկանալ, որ մենք սահմանամերձ տարածք չենք պահում, մենք ժողովուրդ ենք պահում»,- ասաց Բաբայանը` հավելելով, որ, անկախ նախարարության արձագանքից, իրենք շարունակելու են համագործակցել կազմակերպության հետ և ներկայացումներով այցելել սահմանամերձ գյուղեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մենք սահմանամերձ տարածք չենք պահում, մենք ժողովուրդ ենք պահում. Ռուբեն Բաբայան”

Leave a Reply

Your email address will not be published.