Մենք շատ հարուստ ենք Վարդուհու թողած պատմություններով, որոնք այնքան ջերմ են, այնքան խելառ ու այնքան թանկ մեզ համար. Քրիստինե Պեպելյան. Life Panorama.am

Այսօր երգչուհի Վարդուհի Վարդնյանի ծննդյան օրն է, սակայն նրա վաղաժամ մահվան պատճառով երգչուհու 40-ամյակը նրա ընկերներն ու հարազատներն առանց սիրելի Թութուշի են նշում:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը սիրելի ընկերուհու հանդեպ իր կարոտը արտահայտում է՝ կատարելով Վարդուհու երգերից մեկը: Life.panorama.am-ի հետ Քրիստինեն խոսեց Վարդուհի Վարդանյանի տանից, ուր ընկերներով եւ հարազատներով նշում էին իրենց ընկերոջ ծննդյան օրը.

«Վարդուհու հարազատներով ու մի քանի ընկերներով դեռ առավոտից ենք հավաքվել, եղել ենք Վարդուհու մոտ, շնորհավորել նրան, իսկ այժմ նրա տանն ենք նշում իր ծննդյան 40-ամյակը, ուր իսկապես մեր ընկերուհու շունչը կա: Պետք է նշեմ, որ Վարդուհու ծնունդը նշում ենք շատ բարձր ու լավ տրամադրությամբ, եթե մի տեղ կա Վարդուհու թեման, նրա հետ կապված հիշողությունները, ուրեմն այդտեղ չպետք է լինի վատ տրամադրություն. Սա մեզ համար սկզբունքի պես մի բան է, մենք այդպես ենք որոշել ու այդպես կլինի միշտ՝ մենք մեր Վարդուհուն հիշում ենք ժպիտով ու նրա մասին խոսում ենք բարձր տրամադրությամբ»,- նշեց Քրիստինե Պեպելյանը:

Խոսելով Վարդուհի Վարդանյանի որդու՝ Ռուբենի մասին, երգչուհին նկատեց.

«Ռուբենն արդեն մեծ տղա է, բոլորիցս բոյով, շատ համակրելի երիտասարդ է, ով իրեն շատ արժանապատիվ ու գեղեցիկ է պահում: Նա շատ դաստիարակված ու օրինակելի տղա է»:

Անդրադառնալով Վարդուհի Վարդանյանի «Սիրել հանուն սիրո» երգին, որը կատարել է Քրիստինե Պեպելյանն ու այսօր ներկայացրել հանդիսատեսին, երգչուհին նշեց.

«Սա արդեն երկրորդ անգամն է, որ կատարում եմ Վարդուհու երգերից: Առաջինը «Անդարձ մի օր» երգն էր, իսկ այս անգամ որոշեցի երգել «Սիրել հանուն սիրո» կատարումը, որը կներկայացվի նաեւ իրեն նվիրված «Բենեֆիս» ծրագրի շրջանակում: Նրա երգերը կատարելը սրտի ցանկություն է, ուզում ենք այս կերպ եւս մեկ անգամ հիշել նրան ու հիշեցնել, թեպետ մարդիկ ցույց են տալիս, որ չեն մոռանում Վարդուհուն:  Նրա երգերը հնչեցնելով՝ արտահայտում ենք մեր սերը, այսպես ինչ-որ կերպ փարատվում է նաեւ մեր կարոտն իր հանդեպ: Չէ որ Վարդուհին իր երգերը նվիրեց մեզ, ուրեմն մենք էլ պետք է իր նվերները վերադարձնենք իր երգերով»:

Իսկ վերջում Քրիստինե Պեպելյանը շեշտեց.

«Ընտանիքի անդամների եւ ընկերների համար շատ կարեւոր է, որ այսօր հիշում են Վարդուհուն, իսկապես էմոցիոնալ պահ է, երբ տեսնում ես, որ ժամանակի հետ մարդիկ պարզապես չեն մոռանում նրան: Իսկ մենք շատ հարուստ ենք Վարդուհու թողած պատմություններով, որոնք այնքան ջերմ են, այնքան խելառ ու այնքան թանկ մեզ համար»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed