Մենք առաջնահերթ պիտի նպաստենք մեր տաղանդավոր արվեստագետներին. Աբգար Ափինյան

Նորաստեղծ «Մշակույթ» համահայկական հիմնադրամը նպատակ ունի՝ աջակցել մշակույթի գործիչներին: Դեկտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հիմնադրամի գործադիր տնօրեն, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը նշեց, որ նման հիմնադրամ ստեղծելու գաղափարը ծնվել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ հանդիպման ժամանակ: Պատճառը Խաչիկ Մանուկյանի սոցիալական խնդիրներն էին:

«Մշակույթի մարդն այսօր աննպաստ վիճակում է: Նույնիսկ եթե Խաչիկ Մանուկյանի խնդիրները առաջիկա ամիսներին կարողանանք լուծել, հերթի մեջ են ուրիշները: Նախարարի հետ հանդիպման ժամանակ տեղում ծնվեց հիմնադրամ ստեղծելու միտքը, նախարարն իր մեկ ամսվա աշխատավարձը՝ 300 հազար դրամ, փոխանցեց հիմնադրամին, աջակցության պատրաստակամություն հայտնեց Սփյուռքի նախարարությունը»,- ասաց նա:

Ափինյանը նշեց, որ այսօր իրենց կատարած աշխատանքի համար գրողները հոնորար չեն ստանում: Հիմնադրամը, սակայն, միայն գրողների համար չէ, այն պետք է աջակցի ոլորտի լավագույն ներկայացուցիչներին: Ափինյանի խոսքով՝ հիմնադրամը նպատակ ունի ասպարեզ տալ արվեստագետներին, որ մարդիկ կարողանան ցույց տալ իրենց ծրագրերը:

«Հիմնադրամը չի պատրաստվում թոշակ տալ արվեստագետին, մենք չունենք հնարավորություն, նպատակահարմար էլ չենք համարում նման բան անել: Հիմնադրամը նպաստելու է ստեղծագործականությանը»,- ասաց նա:

Ափինյանը տեղեկացրեց, որ արդեն գեղարվեստական խորհուրդ է ստեղծվել՝ խորհրդակցական մարմին, որն ըստ գեղարվեստական մակարդակի է քննելու յուրաքանչյուր գործ: Նրա խոսքով՝ գիտական չափանիշներով շատ հեշտ հնարավոր է որոշել լավագույնը:

«Մենք առաջնահերթ պիտի նպաստենք մեր տաղանդավոր արվեստագետներին: Ունենք համահայկական ընդգրկում, դաշտին չենք նայում խմբակի տեսանկյունից, խմբակայնությունը բացառում ենք, մեր կառույցը բաց է ողջ Հայաստանի և Սփյուռքի համար, որովհետև Սփյուռքը ջերմորեն հետաքրքրված է մեզնով»,- ասաց նա:

Հիմնադրամը հաջորդ տարի ակնկալում է մեծ թվով աջակիցներ ունենալ: Վարչապետն արդեն աջակցել է. Ափինյանը տեղեկացրեց, որ հենց վարչապետի հովանավորությամբ էլ նախատեսում են Պարույր Սևակի անվան մրցանակ շնորհել: Մրցանակները տրվելու են ոչ թե հեղինակին, այլ կոնկրետ ստեղծագործության համար:

 

Նյութը` panorama.am-ի

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed