Մեկնարկում է Հայ-վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը

Հուլիսի 9-ից 11-ը Հայաստանում կմեկնարկի Հայ-Վրացական ժամանակակից երաժշտության փառատոնը: Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախաձեռնությամբ ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ ու Վրաստանի Կոմպոզիտորների Միության հետ համատեղ տեղի ունեցող այս նախագիծը կկայանա հանրապետության երեք քաղաքներում՝ Դիլիջանում (Արվեստի պետական քոլեջի դահլիճ, ժամը 14:00), Գյումրիում (Արվեստի դպրոցի դահլիճ, ժամը 16:00) և Երևանում (Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահ, ժամը 18:00): Երեք համերգային օրերի ընթացքում կհնչեն Օտարի Տատաշվիլիի, Կախա Ցաբաձեի, Գեորգի Շավերզաշվիլիի, Զուրաբ Նադարեյշվիլիի, Օմար Մինդորաշվիլիի, Իրակլի Ցինցաձեի, Վաժա Ազարաշվիլիի և Մակա Վիրսալաձեի կամերային ստեղծագործություններից՝ հայ երաժիշտների կատարմամբ: Թվարկված վերջին երեք հեղինակները Վրաստանից ժամանող պատվիրակության հետ ներկա կգտնվեն համերգներին: Ի դեպ, վրացական պատվիրակությունը Հայաստան կժամանի հուլիսի 8-ին: Նրանք կհանգրվանեն Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը:
– Այս նախագիծը կնպաստի երկու բարեկամ երկրների երաժշտության տարածման գործընթացի զարգացմանը: Կոմպոզիտորների Միությունը շարունակում է իր որդեգրած սկզբունքներով առաջնորդվել և ստեղծել երաժշտական կամուրջներ աշխարհի տարբեր երկրների միջև, նշել է ՀԿՄ Նախագահ Արամ Սաթյանը
Հավելենք միայն, որ համերգների մուտքն ազատ է:
Հայաստանի Կոմպոզիտորների Միության Հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՀ ք. Երևան, Դեմիրճյան 25
www.composers.am
Հեռ. (+374 10) 525 774
(+ 37499) 525 774
- Previous Նյու Յորքից ժամանած «Շուշի» պարախմբի անդամները հյուրընկալվեցին սփյուռքի նախարարությունում
- Next Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 2015 թ. հուլիս ամսվա ներկայացումները