Մեկնարկել է նորարական Together4Armenia հարթակը

Մեկնարկել է նորարական Together4Armenia հարթակը, որն ուղղված Սփյուռքի հմտությունների փոխանցմանը տեղական համայնքներին՝ ի բարօրություն Հայաստանի երեխաների

Երևան, 28-ը հուլիսի, 2016 թ. – ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ), «Առաքելություն արևելք»-ը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը և Եվրամիության հայաստանյան պատվիրակությունը այսօր հայտարարեցինTogether4Armenia (միասին՝ հանուն Հայաստանի) համատեղ նախաձեռնության մեկնարկը: Together4Armenia-ն առցանց հարթակ է, որը ստեղծված է խթանելու մասնագիտական փորձառության փոխանցումը սփյուռքից հայաստանյան համայնքներին՝ ի շահ երեխաների: Հարթակը ստեղծվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիային» ծրագրի շրջանակներում:

Together4Armenia-ն (www.together4armenia.am) անվճար վեբ հարթակ է, որի միջոցով սփյուռքի՝ տարբեր ոլորտների մասնագետները և հայաստանյան համայնքների ներկայացուցիչները կարող են կապ հաստատել և աշխատել համատեղ նախագծի վրա փորձի փոխանակման և մենթորության միջոցով: Հարթակը հիմնված է համախմբման և փոխադարձ արդյունավետ ներգրավման սկզբունքների վրա: Այն մշակվել է նմանատիպ միջազգային հաջողված ցանցերի փորձի հիման վրա, որոնցից են GlobalScot-ը, Micromentor-ը, Իռլանդական գործադիր մենթորության ծրագիրը և այլն: Այս տեսակի մասնագիտական համագործակցությունը ապացուցել է իր արդյունավետությունը նաև Հայաստանում մի շարք այցելությունների շնորհիվ, որոնք կազմակերպվել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Առաքելություն արևելք»-ի կողմից 2014 և 2015թթ. ԵՄ ֆինանսավորվող ծրագրի շրջանակում:

Յուրաքանչյուր անձ, ով հետաքրքրված է և ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի տեղական համայնքների զարգացմանը, հատկապես երեխաներին առնչվող ոլորտներում, կարող է դա իրականացնել դառնալով Together4Armenia-ի անդամ: Միտքը մեկն է՝ համայնքի անդամները ներկայացնում են ծրագրերի առաջարկներ՝ մատնանշելով, թե ինչ տեսակի փորձագիտական աջակցության կարիք ունեն, մինչդեռ սփյուռքի ներկայացուցիչներն առաջարկում են իրենց փորձը և մենթորություն են անում, որպեսզի ծրագրերը դարձնեն իրականություն:

Հարթակի առավելությունը կայանում է նրանում, որ համագործակցությունը չի ենթադրում պարտադիր ֆինանսական  միջոցների ներգրավումը, փոխարենը շեշտ է դրվում մասնագիտական փորձի փոխանակման վրա, որի միջոցով ձևավորվում են հարատև կապեր, վստահություն, և միջազգային մասնագիտական ցանց: Սփյուռքի անդամները պարտադիր չէ, որ ֆիզիկապես ներկա գտնվեն Հայաստանում, որպեսզի իրենց ներդրումն ունենան: Այնուամենայնիվ նրանց հնարավորություն է տրվում կապ հաստատել հայրենիքի հետ, աջակցել երեխաներին և համայնքներին առընչվող սոցիալական խնդիրների լուծմանը, մասնագիտական կապեր կառուցել, ինչպես նաև ավելի լավ ըմբռնել տեղական համատեքստը: Միևնույն ժամանակ,  համայնքներն իրենց վրա վերցնելով նախագծերի ստեղծումը, ստանում են անվճար փորձագիտական աջակցություն և կապ արտասահմանյան կոլեգաների հետ: Նրանք զարգացնում են իրենց կարողությունները ծրագրերի կառավարման ոլորտում, ինչպես նաև կառուցում են տևական հարաբերություններ սփյուռքի հետ:

Հարթակում արդեն գրանցվել են 15 փոքր ծրագրեր Հայաստանի տարբեր մարզերից, որոնք առնչվում են երեխաներին ուղղված սոցիալական ծառայությունների ստեղծմանը, երեխաների և երիտասարդների համար արտադասարանային խմբակների կազմակերպմանը, համալսարանի գրադարանի արդիականացմանն ու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:

Միջոցառմանը ներկայացվեցին սփյուռք-Հայաստան մասնագիտական համագործակցության հաջողված օրիանկների մասին սփյուռքի ներկայացուցիչներից, տեղական ինքնակառավարարական մարմիններից և անմիջական շահառուներից, այդ թվում՝ Լոռու մարզպետարանից, Տավուշի մարզի սփյուռքի ներգրավման կենտրոնից, ռուսաստանյան սփյուռքի փորձագետից և Գավառի բիզնես կենտրոնի ներկայացուցչից: Մասնակիցները տեղում փորձարկեցին հարթակը՝ մուտք գործելով իրենց էլ. փոստի կամ սոցիալական ցանցերի միջոցով, ինչպես նաև առաջարկեցին հարթակի հետագա բարելավմանն ու խթանմանն ուղղված իրենց խորհուրդները:

Այս մասին տեղեկացնում են  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մամուլի ծառայությունից

Տարածել`
Share

You may also like...