Մեկնարկել է ավագ դասարանների աշակերտների «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը

Հայաստանի Ամերիկյան Համալսարանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, կազմակերպել է Ամառային առցանց ճամբարի կրթական ծրագիրը՝ նախատեսված Երևանի, Դիլիջանի, Եղեգնաձորի, Վանաձորի, Գյումրու, Գորիսի և հարակից բնակավայրերի հանրակրթական դպրոցների 9-11-րդ դասարաններում սովորողների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«Ճամբարի մասնակիցներին կներկայացվեն ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն և քիմիա առարկաներից նյութեր՝ կազմված նորարարական մանկավարժության մեթոդներով, նրանց նաև խորհրդատվություն կտրամադրվի մասնագիտական կողմնորոշման թեմայով։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեսաուղերձով ողջունել է «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարի մեկնարկը: Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ նա նշել է, որ, չնայած համավարակով պայմանավորված դժվարություններին, ԿԳՄՍ նախարարությունը շարունակում է կրթության բարեփոխումների ռազմավարական գործընթացը, որտեղ հանրակրթության բովանդակային փոփոխությունները առանցքային նշանակություն ունեն. «Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանի տեխնոլոգիական առաջատարը դառնալու հավակնոտ ծրագիր ունի: Այս առումով շատ կարևոր է, որ մեր երեխաները միջին և ավագ դպրոցում բնագիտական առարկաներով խորացված ուսուցում ստանան, որն այնուհետև կհանգեցնի բուհական կրթության մեջ բնագիտության բլոկով ուսանողների քանակական և որակական աճի՝ այդպիսով էապես նպաստելով մեր երկրի տեխնոլոգիական առաջընթացին»,- նշել է նախարարի տեղակալ Ա.Մարտիրոսյանը և ավելացրել, որ բնագիտական ուղղվածության առարկաների դասավանդման արդյունավետության բարձրացումը կրթական բարեփոխումների առաջնահերթություններից է, ինչին միտված է նաև «ԳիտՍԵՐունդ» ամառային առցանց ճամբարը:

Ճամբարի մեկնարկը տեսաուղերձով ողջունել են նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին և ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը:

Դեսպան Լին Մ. Թրեյսին շեշտել է, որ տեխնոլոգիական ոլորտի մասնագիտությունները Հայաստանի աճի և բարեկեցության կենսական ուժն են։ «Բնագիտամաթեմատիկական առարկաների զուգորդումն իրական կյանքի հետ օգնում է ձևավորել կենսական նշանակության հմտություններ։ Խնդրահարույց իրավիճակներում լուծումներ գտնելը, քննախույզ ու ստեղծագործ միտքը և նորարարությունն այն հմտություններն են, որոնք անհրաժեշտ են մեր աշակերտներին 21-րդ դարում մրցունակ լինելու համար»,- նշել է դեսպանը։

Կ. Մարկիդեսի կարծիքով, խթանելով երեխաների հետաքրքրասիրությունը, խնդիրներն ու մարտահրավերները հասկանալու և լուծելու իրենց ունակությունը՝ մեր ուսուցիչները կդառնան հերոսներ, իսկ աշակերտներին կդարձնեն մեր ապագա առաջնորդներ։ «Բնական գիտությունները և մաթեմատիկան այս ամենի հիմքն են, որոնք, միանալով հումանիտար գիտությունների և արվեստի հետ, կարող են լուծումներ տալ ժամանակակից բարդ մարտահրավերներին»,-ասել է նա:

Նշենք, որ «ԳիտՍԵՐունդ» ծրագրի նպատակն է բարելավել բնագիտամաթեմատիկական կրթության որակը միջնակարգ և ավագ դպրոցներում, մեծացնել ուսանողների քանակը բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ծրագրի շրջանակում մշակվել են դասավանդման նոր ռեսուրսներ, որոնք հնարավորություն կտան ուսուցիչներին բարձրացնել ուսուցման արդյունավետությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տարածել`
Share

You may also like...