Մեկնարկել է «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթը

Ամանորյա տոների առիթով հայտարարվել է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ:
Մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում`
1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ
3. Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները (jpg ձևաչափով) ուղարկել iyerevan.am կայքին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար:
Մրցույթի շրջանակում առանձնակի կկարևորվեն յուրօրինակ և համաչափ ձևավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձևավորումներում օգտագործվեն կարմիր, ոսկեգույն և սպիտակ գույները:
«Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի հունվար ամսին:
- Previous Արմեն Ամիրյանը շնորհավորանքը հայկական հեռուստատեսության 60-ամյա հոբելյանի առթիվ
- Next Կալիֆորնիայում հայոց ցեղասպանության պատմությունը կուսուցանվի որպես պարտադիր թեմա