Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է. տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը

Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է, և այդ օրը, ավանդույթի համաձայն, տեղի է ունենալու «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրվելու է Հրաչյա Ղափլանյանի անվան ծննդյան 90-ամյակին:
Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց, թե «Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27-ին կամ դրա նախօրեին` մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1-ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:
««Արտավազդ» մրցանակ կտրվի հետևյալ անվանակարգերում`«Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», «Լավագույն երիտասարդ դերասանուհի», «Լավագույն երիտասարդ դերասան», «Լավագույն երիտասարդ բեմադրիչ», «Լավագույն երիտասարդական ներկայացում», «Լավագույն սցենոգրաֆիա», «Լավագույն երաժշտության հեղինակ», «Լավագույն պիես», «Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար», «Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն կին դերակատար», «Լավագույն տղամարդ դերակատար», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ներկայացում»»,-տեղեկացրեց Հակոբ Ղազանչյանը:
Նա նշեց նաև, որ իրենց գլխավոր խնդիրն է ոգևորել երիտասարդությանը և գնահատել նրանց, ու հնարավորություն տալ, որ նրանք ավելի ոգևորված աշխատեն։ «Մեր թատրոնների որոշ լիդերներ որոշեցին, որ այս տարի իրենք իրենց աշխատանքները չներկայացնեն մրցանակաբաշխությունը, փոխարենը հնարավորություն տալ երիտասարդներին, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց աշխատանքները։ Բայց դա ավանդույթ չպետք է դառնա»,-ասաց ՀԹԳՄ նախագահը և ավելացրեց. «Չեմ հիշում որևէ մրցանակաբաշխություն, որից բոլորը գոհ լինեն, բայց կա այն կուլտուրան, որ կոլեգաները ծափահարում են հաղթողին, իսկ հետո իրենց դժգոհությունները հայտնում են։ Ես սկզբունքորեն ոչ մի կարծիքի չեմ պատասխանում»:
Մրցանակաբաշխության համար կազմվել է 7 հոգանոց փորձագետների խումբ, որի կազմում են Լևոն Մութաֆյանը, Կարինե Խոդիկյանը, Դավիթ Մուրադյանը, Վիգեն Ստեփանյանը, Մերի Սարգսյանը, Նվարդ Ասատրյանը, Զարուհի Անտոնյանը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է. տեղի կունենա «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը”

Leave a Reply

Your email address will not be published.