Մարկուս Ավրամիչ. Գայանե Պողոսյան

Տնեցիները Սեդուլ էին ասում, համադասարանցիները՝ Սեդիկ, աշխատավայրում Անիտայի շնորհիվ դարձավ Սեդուկ: Միայն մայրն ու շեֆն էին ասում՝ Սեդա: Բայց հո մոր ու շեֆի ասածը նույնը չէր՝ սար ու ձորի տարբերություն կար: Մոր բերանում էդ անունը հասարակ էր՝ իր չթե շրջազգեստի ու Մալաթիայի տոնավաճառից գնած շագանակագույն կոշիկների նման, իսկ շեֆը այնպես էր ասում Սեդա, որ այն դառնում էր նուրբ ու ազնվական, բարձրաշխարհիկ անուն: Շեֆը վերջին ա-ն մի տեսակ շեշտւմ էր, ս-ն շատ փափուկ էր ասում, իսկ դ-ն՝ լուսավոր: Սեդան իր անունը մենակ շեֆի շուրթերին էր սիրում: Շեֆի անունը Մարկուս էր: Մարկոս չէ, Մարկուս: Մարկուս Ավրամիչ: Լոլոզ Կարապետ Սողոյանը փնթփնթում էր, թե՝ Ավրամիչը ո՞րն է, հրեա է, թե՞ հայ: Ո՞վ գիտի՝ հոր անունը Աբրահամ է եղել, հետո դարձել է Ավրամ: Ապուշություն: Նախանձելուց է բամբասում: Շեֆին նայիր, նրան նայիր Հաեմատելու բան չեն: Ոնց որ Կարապետը համեմատես Մարկուսի հետ: Անունը Մարկուս, ինքը՝ Մարկուս: Աչքերը՝ կապույտ, մաշկը՝ թուխ, քիթը՝ նուրբ: Շիմշատ՝ կասեր Նազան տատը, այսինքն՝ բոյով, սլացիկ: Մատները՝ արվեստի գործ: Երբ Սեդան գործավարություն թղթերը դնում էր շեֆի սեղանին ու տեղավորվում ոսկեգույն, փափուկ աթոռի վրա, շեֆի իր մատների պես նուրբ ու սիրուն մի գրիչ բռնած՝ գլուխը կախում էր թղթերին ու սկսում կարդալ: Այդ ժամանակ Սեդան ուսումնասիրում էր շեֆին: Հանգիստ կարող էր ուսումնասիրել՝ ռունգերի մեջ Մարկուս Ավրամիչի անուշ բույրը: Դա բույր չէր: Ինչ-որ վերերկրային բան էր՝ երաժշտության պես: Ուղիղ լցվում էր հոգուդ մեջ: Թվում էր՝ ուր որ է ուսերիդ թևեր կբացվեն: Բա Մարկուս Ավրամիչի հագուստը: Թևքերի գեղեցիկ ճարմանդները, փողկապների համադրությունը բազմաթիվ կոստյումներին: Մի անգամ Մարկուս Ավրամիչը ջինս էր հագել: Հո սիրուն չէ՜ր:

Անիտայի ծնունդը բացօթյա էին նշում հոր ամառանոցում: Մեկ էլ Մարկուս Ավրամիչը եկավ: Մուգ կապույտ ջինսից շալավար էր հագել, բայց կապույտ բամբակե վերնազգեստ, օձիքի ու թևքի ծայրերը՝ կարմիր երիզ: Արևային ակնոց էր դրել, ապակիներին՝ հազիվ նշմարելի կապույտ երանգ: Ոնց որ միշտ, խոսում էր, կատակներ անում, զվարճալի պատմություններ պատմում ու զրնգուն քրքջում՝ սպիտակ, հավասար ատամները բացած: Հետո ֆոքստրոտ պարեց հաշվապահության դմփան Աննայի հետ, բոլորը ծիծաղից ուշաթավել էին: Մենակ մի բան լավ չէր: էն չորացած Անիտային էդ ինչքա՜ն գովեց: Էլ կիրթ, էլ գրագետ, էլ մարդասեր: Էլ գեղեցկուհի: Էս վերջինը որ հաստատ սուտ էր: Անիտայի ի՞նչն է գեղեցկուհի: Թող էդ սիրուն շորեը չհագնի, տեսնեմ՝ շնորհք կմնա՞ վրան: Դոշերը՝ առաջ տված. շրթունքերը՝ լցրած: Հաշվապահության Արևը Անիտայի համադասարանցին է, ասում էր՝ վիրաբույժները քթի մեկ երրորդն են թողել, էնքան մեծ էր: Ով էլ Անիտայի նման օրը գեղեցկության սրահներում անցկացնի, շողացող մաշկ ու փափոկ ձեռքեր կունենա:

Անիտան երևի կյանքում աման լվացած չկա: Իրենից էլ մեծ է հինգ տարով: Նույնիսկ շեֆից է մեծ: Ամուսնացած-բաժանված: Մի տղա ունի 10 տարեկան, հորական տատի հետ է ապրում: Գեղեցկուհի, չէ մի պոզեր: Որ հաշվապահության աղջիկները չեն ասում՝ գեղեցկուհին եկավ, սիրտը պայթում է: Ախր՝ որ գեղեցկուհի լինի՝ ուրիշ բան, բայց վրայի մակյաժը քերես, իր քաշից շատ կկշռի: Ոսկորների հավաքածու է էլի: Ասում են՝ նիհարությունը մոդա է: Ի՞նչ մոդա: Բայց ինքը ոչինչ չի խոսում. կասեն՝ նախանձում է: Ախր ինքն ու Անիտան նույն գործն են անում, ինքը առավոտվա հերթ է, Անիտան՝ երեկոյան: Երկուսն էլ գործավար-քարտուղարուհի են: Ինքը գալիս է առավոտյան ժամը 9-ին, աշխատում է մինչև ժամը 4-ը, հետո Անիտան է գալիս ու մնում մինչև ժանը 8-ը: Կես դրույք: Բայց որ պետք է լինում տանը մի բանով օգնել Մարկուս Ավրամիչի մայրիկին, իրեն են կանչում, ոչ թե Անիտային: Մարկուս Ավարմիչի մայրը մի ուրիշ պատմություն է: Արդեն պարզ է, թե ում է քաշել շեֆը այդքան մեղմ, կիրթ ու բարի: Եթե միջանցքի ծայրում կին տեսնի, դուռը էնքան բացած կպահի, մինչև կինը մոտենա, դուրս գա դռնից, նոր ինքը անցնի: Ինչով կարողնում է օգնում է իր աշխատակիցներին: Էնքան նրբորեն է օգնում, որ չխեղճանաս, չընկճվես: Էնքան թեթև, իբր՝ մեծ բան չեմ անում: Նույնն էլ մայրն է՝ սիրալիր, բարեսիրտ: Առաջին անգամ գնաց շեֆի տուն, որ նոր վերնաշապիկ ու փողկապ բերի օֆիս: Թե ո՞նց էր արել՝ սուրճը թափել էր վրան: Մարկուս Ավրամիչն ասաց.

-Սեդա ջան, վարորդը չի կարող վերնաշապիկ ու փողկապ ընտրել, մաման էլ ջերմում է, պառկած է, խնդրում եմ՝ միասին գնացեք մեր տուն…

Մեղք էր էդ պալատին տուն ասելը: Եռահարկ դղյակ էր, ուղղակի գեղեցկություն: Երբ վարորդը դռներից մեկը բացեց ու մտավ ներս, Սեդային թվաց՝ սենյակ է, դու էլ մի ասա՝ սենյակ – զգեստապահարան է: Մարկուս Ավրամիչի կոստյումների ծայրը չէր երևում: Բա փողկապնե՞րը… Արդեն պիտի դուրս գային տնից, մեկ էլ մի կին մտավ սրահ՝ ատլասե թանաքագույն խալաթի մեջ փաթաթված: Չիմանար էլ, նմանությունից կհասկանար, որ շեֆի մայրն է: Էնքան նուրբ ու սիրուն էր: Ժպտալով եկավ, մեկնեց ձեռքը; -Բարով ես եկել, աղջիկս: Այտերը կարմրած էին, պարզ երևում էր, որ ջերմություն ուներ: Հանկարծ իր ուղեղում միտք ծագեց: Զանգեց շեֆին.

-Մարկուս Ավրամիչ, կլինի, որ Ձեր վերնաշապիկն ու փողկապը Արոյի հետ ուղարկեմ, ես մնամ՝ խոտաբույսերով թեյ պատրաստեմ Ձեր մայրիկի համար:

-Շնորհակալ եմ շատ,- ասաց շեֆը: էնքան քաղցր ասաց: Էնքան քնքշանք ու երախտագիություն կար ձայնի մեջ: Դրանից հետո ինքն ու տիկին Լիլյան մտերմացան: Տիկին Լիլյան զանգում, իրեն կանչում էր միասին սրճելու: Միշտ գեղեցիկ նվերներ էր տալիս: Ուրիշների պես իր հները չէր տալիս, այլ՝ լրիվ նոր, պիտակը վրան: Ազնվական կին էր, սիրո, բարության մեջ էր ծնվել-մեծացել, մարդու հանդեպ սեր ու հարգանք էր տեսել միայն: Ինչ ստացել, էն էլ վերադարձնում էր աշխարհին: Իրենց զրույցի գլխավոր թեման Մարկուսն էր, Նրա մանկությունը, պատանեկությունը, նրա զվարճալի արարքները: Մի քանի շաբաթ անց ինքը ամեն բան գիտեր Մարկուսի մասին, ասես՝ իր աչքի առաջ էր մեծացել….

Մարկուսը մի եղբայր էլ ուներ հոր առաջին ամուսնությունից: անունը՝ Ալեն: Տիկին Լիլյան մեկ-մեկ նրա մասին էլ էր խոսում, ասում էր՝ Ավրամի մահից հետո Մարկուսն ու Ալենը ավելի մտերմացան:

…Այդ օրը շեֆը լարված էր: Ուշացած եկավ, վերարկուն նետեց կախիչին ու ասաց. – Տասը րոպեից բաժիների պետերը թող գան ինձ մոտ խորհրդակցության: Բաժինների պետերը ժպտալով մտան ներս, հոնքերը կիտած դուրս եկան: Քիչ անց լուրն սկսեց բզզալ բոլոր սենյակներում ու միջանցքներում: Կորոնավիուսի հետ կապված՝ ապրանքը լավ չի վաճառվում, անձնակազմը պիտի կրճատվի. չեն կարողանում աշխատավարձ տալ:

-Շեֆն ասել է՝ ոչ մեկը անաշխատանք չի մնա, կրճատվածներին կտեղավորեմ ընկերներիս հիմնարկներում… Տեսնես ո՞ւմ են կրճատելու՝ մտածեց Սեդան: Օրինակ՝ հանգիստ կարող են Անիտային կրճատել, ինքը մեծ հաճույքով կաշխատի մինչև ժամը ութը: Անիտան էլ թող հոր օֆիսներից մեկում աշխատի: Անճար չի: Հերը հարյուր հատ բիզնես ունի: Թող շորերը հոր օֆիսում ցուցադրի, ի՞նչ տարբերություն: Շեֆն ասել էր՝ ոչ ոք առանց աշխատանքի չի մնա, բայց բոլորը լարված ու վախեցած էին: -Բա որ քեզ կրճատի՞,- երեկոյան ասաց մայրը, երբ ընկույզի մուրաբայով թեյ էին խմում խոհանոցում: Սեդան ծիծաղեց: -Ես համարյա ընտանիքի անդամ եմ, մա: Հետո չգիտես ինչու՝ արագ մոտեցավ հայելուն: Ու տեսնելով նրբիրան, խաժաչ, սպիտակամաշկ գեղեցկուհուն, լայնաշուրթ ժպտաց:

-Տարիները կողքովդ են անցում,- երեկ ասաց 25 շենքի Անուշը,- ոնց որ դպրոցական լինես:

-Արդեն երեսունմեկ տարեկան եմ:

-Վաղուց ամուսնանալուդ ժամանակն է,- փիլիսփայեց Անուշը:

Նա Սեդայից ընդամենը երկու դասարան էր բարձր դպրոցում, բայց 15 տարեկան տղա ուներ: Սեդան մի քանի քայլ հետ գնաց, որ ավելի լավ տնտղի իրեն ու երբ գնաահատող հայացքով՝ սկսեց պտտվել հայելու առաջ, մայրն ասաց.

– Տատիդ ես քաշել, 60 տարեկանում 40 տարեկանի տեսք ուներ: Հորդ կողմը էդպես է, չի ծերանում….

Սեդան հանկարծ վազեց, փաթաթվեց մորն ու սկսեց անկանոն պաչպչել որտեղ պատահեր …

-Խեղդեցիր,-գոռում էր մայրը ծիծաղելով ու փորձում ազատվել Սեդայի գրկից: Առավոտյան Մարկուս Ավրամիչը աշխատանքի չեկավ, գնացել էր նախարարություն: Բայց կրճատվածների անուններն արդեն շուրթից շուրթ էին անցնում: Իրոք, ոչ մեկին առանց աշխատանքի չէր թողել շեֆը: Նույնիսկ ասել էր.

-Ով իր նոր աշխատանքի հետ կապված առարկություն ունի, թող դիմի ինձ: Երբ Անիտան մտավ ընդունարան, Մարկուս Ավրամիչը դեռ չէր վերադարձել նախարարություից; Զանգել – ասել էր. -իմ բոլոր հանդիպումները չեղարկիր: Անիտան ժամը 1-ին եկավ:

-Ինչո՞ւ ես էսքան շուտ եկել,-հարցրեց Սեդան զարմացած:

-Դեռ չգիտե՞ս, Սեդուկ, – Անիտան չարաճճի ժպտաց, -երևի շեֆն ուզեցել է՝ քեզ անձամբ ասի:

-Ի՞նչը չգիտեմ,- Սեդայի սիրտն սկսեց արագ բաբախել:

-Մաղարիչ խոստացիր..

-Դե, ասա,- օդը չէր հերիքում:

-Դու գնում ես Ալենի օֆիս: Օֆիսը քո տան մոտ է, փոստի կողքին: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, շեֆին ասացի՝ թող ես գնամ Ալենի մոտ, Ալենն իմ դասընկերն է, շատ մտերիմ ենք, ասաց՝ չէ, Ալենը բարձր է վճարում, իսկ էդ փողը Սեդային ավելի շատ է պետք.:

…Մի խոսքով, բախտդ բերեց. օֆիսը քո տնից կպած՝ ոտի ճամփա, աշխատավարձդ էլ կիսով չափ ավելանալու է…

-Աշխավարձն ի՞նչ կապ ունի,- Սեդան մի կերպ շարժեց չորացած շուրթերը:

-Բա ի՞նչը կապ ունի,- Անիտան կկոցեց աչքերը, քննախույզ նայեց ու հարցական ժպտաց:

 

Հեղինակ Գայանե Պողոսյան

Տարածել`
Share

You may also like...