Մարկոն իմաստուն էր. Զառա Մոկացյան

.aravot.am-ը գրում է՝

Միջին Արեւելքի արվեստի թանգարանի վարիչ Զառա Մոկացյանը՝ Մարկոս Գրիգորյանի եւ թանգարանի մասին

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում տեղակայված է Միջին Արեւելքի արվեստի թանգարանը: Վերջինիս «Միջին Արեւելքի արվեստ» ցուցադրությունը ներառում է ճանաչված նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի հավաքածուն, որն ընդգրկում է 2500 բնօրինակ ցուցանմուշներ: Իր մասնավոր հավաքածուն Մ. Գրիգորյանը 1993-ին նվիրել է Հայաստանին: Ցուցադրությունն ընդգրկում է Ք.Ա. IV հազարամյակից մինչեւ մեր ժամանակների իրանական, հայկական, եվրոպական, ամերիկյան հոգեւոր եւ նյութական մշակույթի արժեքներ, այդ թվում՝ էլամի խեցեղեն, վաղ բրոնզի դարի խեցեղեն, Վանի թագավորության բրոնզ, հայ գորգարվեստ, իսլամական միջնադարյան արվեստ, մանրանկարչություն, գեղագրություն, ղաջարական կերպարվեստ, զարդարվեստ, տարազ եւ Մարկոս Գրիգորյանի հեղինակային ստեղծագործությունները՝ հողանկարներ, գեղանկարներ, գորգեր:

Միջին Արեւելքի արվեստի թանգարանի վարիչ Զառա Մոկացյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ շատերը, որոնք ժամանակին մոտ էին Մարկոս Գրիգորյանի հետ, վաղուց չեն էլ այցելել թանգարան, որն այլեւս լուսահոգի Մարկոս Գրիգորյանի հովանավորությունը չունի: Ասում է՝ կան մարդիկ էլ, որոնք ցանկություն են հայտնել աջակցել թանգարանին, օրինակ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ցանկություն է հայտնել թանգարանի պատկերագրքի համար լուսանկարներ անել: Տիկին Մոկացյանը նշում է, որ ողջ աշխարհում ամենաթանկ բաները միշտ էլ անձնական հավաքածուներով են հավաքվել, ու անձնական հավաքածուները միանշանակ չեն ընկալվել մեզանում: «Քանի որ մենք ապրում էինք ամբողջատիրական ուժեղ պետության մեջ, մեզ մոտ թանգարանները ստեղծվում էին պետության կողմից՝ մտածված: Մենք սովոր էինք, որ թանգարանները շատ ճշգրիտ պետք է լինեն: Մասնավոր հավաքածու ունենալը հարցականով էր դիտվում, թեեւ կային վաստակ ունեցող մարդիկ, որոնք բարոյական իրավունք ունեին հավաքածու ունենալու, ինչպես, ասենք, պրոֆեսոր Աբրահամյանը, որը այն նվիրեց Հայաստանին: Հավաքածու հավաքողներն ի վերջո նաեւ հնարավորություններ ունեցող անձինք էին, կային մարդիկ, որոնք հավաքածուն հավաքում էին ոչնչից, գրոշներով, նրանք ունեին ֆինանսական հնարավորություններ ու նաեւ բարոյական գիտակցություն՝ այդ հավաքածուն ոչ թե ընտանիքին, այլ ժողովրդին թողնելու: Մարկոյի առաջարկն, իհարկե, ընդունվեց շնորհակալությամբ, բայց թանգարան ստեղծելու գաղափարը մնաց առկախ, որովհետեւ նման հավաքածուն չի մտնում որոշակի դասակարգման մեջ, չի տեղավորվում մեր թանգարանային պատկերացումներում: Մյուս կողմից էլ՝ Մարկոյի հավաքածուն էլ խառը չէր:

Երբ ինքը ողջ էր, որոշակի պահանջներ էր դնում, օրինակ, որ չպետք է միավորել, իսկ հիմա, երբ ինքը չկա, արժի, որ մասնագետները հավաքվեն եւ վճիռ կայացվի: Ընդ որում, խոսքը ոչ թե այս պահի, այլ ընդհանրապեսի մասին է: Հայրենիքն իր սուղ միջոցներից վերանորոգեց շենքը եւ նոր ցուցադրություն արեց, հիմա այդպիսի հարց դնելը բարոյական չէ, այս ցուցադրությունը կարող է շուրջ 10 տարի աշխատել»,-ասում է թանգարանի վարիչը: Հարցրինք՝ իր կարծիքով՝ Մարկոս Գրիգորյանին դուր կգա՞ր այս ցուցադրությունը: «Կարծում եմ՝ այո…Ես գիտեմ իրեն, տարիներ շարունակ միասին աշխատել ենք, ամեն նկարը միասին ենք կախել, վեճ էր, թե մեխն ով պետք է խփի: Ես հարգում էի իր տարիքը, ինքն ինձ ասում էր՝ դու շտուրմանություն արա, հեռվից ասա՝ լա՞վ է, թե՞ վատ: Իմիջիայլոց, նախկին ցուցադրությունը շատ պատահական ու հապշտապ եղավ. Թեեւ լավ դիզայներ էր աշխատել՝ Էդուարդ Կարսյանը, բայց նրա հնարավորությունները 93-ին այնքա՜ն սուղ էին, որ նա առավելագույնն էր արել գերսուղ պայմաններում, որոշ բաներ Մարկոն էր արել: Ես այժմ հին ցուցադրությունից ես մեկ հատված թողել եմ, ու բոլորին հիշեցնում եմ, որ սա Մարկոյի ձեռքով է արվել, օրինակ՝ ծորակները: Ես ցանկացա, որ անպայման մի հին ֆրագմենտ լինի հին ցուցադրությունից: Երբեմն մի փոքրիկ դետալ կարող է ինձ հիշեցնել, որ հնի նման եմ արել, հնի արձագանքը իմ մեջ կար, այնպես որ՝ հնի էսթետիկական որոշ պահեր ես կրկնել եմ»,- նշեց տիկին Մոկացյանը: Խնդրեցինք բնորոշել Մարկոս Գրիգորյան մարդուն: «Մարկոն շատ իմաստուն էր: Նրա ներսում մի կուլտուրա կար, որը գուցե իր ժառանգությունն էր, իր տեսակը: Կամ՝ գուցե Իրանում ապրելու կենսափորձից էր գալիս, չէ՞ որ ավանդական մշակույթը պարտադրում է հարգել միջավայրը, պլյուս մի 30 տարի նա Նյու Յորքում էր ապրել, այն էլ Նյու Յորքի բարձր շրջանում: Մարդը «Մետրոպոլիտեն» օպերայի բալերոնների ու երգիչների հետ էր սեղան նստել, Մարկոն դասական երաժշտություն շատ լավ գիտեր: Նա շատ էր սիրում օպերա: Հիշում եմ՝ մի օր, երբ ներս մտավ, ռադիոն միացրած էր, երաժշտություն էր հնչում, սկսեց դանդաղ գալ, ուզում էր լսել, հետո խոսել: Ասաց՝ Հորովիցն է, մեկ էլ մի դրվագ պատմեց Հորովիցի տանն անցկացրած օրվանից…Մարկոն 40 տարի ապրել է Պարսկաստանում, դաստիարակվել բազմադարյան մարդկային մշակույթի մեջ, հետո 5 տարի անցկացրել Իտալիայում, ապրել իտալական միջավայրում, որտեղ իրեն առաջարկել էին անգամ կինոյում նկարվել, քանի որ շատ լավ արտաքին ուներ, ապա վերադարձել է Պարսկաստան՝ ուսուցչի կարգավիճակով նոր արվեստ է սովորեցրել…»,- փաստեց Զառա Մոկացյանը: Արդյոք Մարկոս Գրիգորյանը Հայաստանում մինչեւ վերջ արժեւորվա՞ծ արվեստագետ է: Այս հարցին մեր զրուցակիցը սեղմ պատասխանեց. «Իրանում հաստատ արժեւորված էր…Այնտեղ սիրում ու գնահատում են Մարկոյին»: Նաեւ հարցրինք, թե ովքեր են իրենց թանգարանի այցելուները:

«Թանգարանը հետաքրքիր է ե՛ւ եվրոպացու համար, որը գալիս է այստեղ Արեւելք տեսնելու, եւ Իրանի բնակիչների, եւ հայաստանցիների համար: Չի եղել որեւէ այցելու, որ դժգոհ հեռանա: Ամենամեծ դժգոհը, երեւի, ես եմ: Վերջերս թանգարան այցելել էին Լոս Անջելեսից՝ ամերիկացիներ, այնքան տպավորված էին: Հարցրի՝ իսկ Լոս Անջելեսում թանգարաններ գնացե՞լ եք: Պարզվեց՝ հենց թանգարանի աշխատակիցներ են: Ուղղակի ցնցված էին, գեղեցիկ եւ կրեատիվ էին համարում այս թանգարանը»,- հայտնեց թանգարանի վարիչը: Խնդրեցինք որոշ դրվագներ պատմել Մարկոս Գրիգորյանի մասին: Զառա Մոկացյանն ասաց, որ կուզենար ավելի խորը բաների մասին խոսել, բայց դրանք այնքա՜ն տխուր են, որ հիշելիս ինքն էլ է հուզվում. «Ծանր էր տեսնել մեծ գործ արած 80-ն անց արվեստագետի արցունքները: Մոտենում, տեսնում էինք՝ վիրավորանքից լաց էր լինում, այդ պահերը չեմ ուզում հիշել»: Տիկին Մոկացյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Հայաստանում Մարկոս Գրիգորյանն իրեն երջանիկ է զգացել: Ասում է՝ նա երբեք չի եղել առեւտրական, նյութապաշտ, օրինակ՝ Գառնիի իր առանձնատունը նվիրել էր Հայաստանի պետական կամերային նվագախմբին, որը հետո նվագախմբի այդ տարիների արդեն լուսահոգի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը վերադարձրեց մեկ տարի անց, քանի որ նվագախումբը միջոցներ չուներ տունը պահելու համար: Մի դրվագ էլ հիշեց. 2000-ի սկզբներին, երբ ցուցահանդեսի փակման օրն էր, իսկ բացումը շատ հանդիսավոր էր եղել, որոշել էին այցելուներին անակնկալ անել. «Մարկոն 6 հատ շամպայն էր բերել իր հետ, քանի որ աթոռ չկար, նստել էր պատուհանի գոգին ու բոլոր այցելուներին շամպայն էր հյուրասիրում: Վերջում արդեն մի լավ գինովցել էր: Իմիջիայլոց, այն շամպայնները չէինք կարողանում բացել, այնքան ամուր էին փակված, մեկ էլ մի այցելու ներս մտավ, Մարկոն խնդրեց, որ այդ մարդը բացի: Պարզվեց՝ սիմֆոնիկ նվագախմբի համերգներից մեկին հրավիրված դիրիժոր էր: Նա մի նկար շատ էր հավանել ու խնդրում էր, որ Մարկոն վաճառի 800 դոլարով, իսկ Մարկոն կատակում էր՝ դու շամպայնը բաց արա, հետո կխոսենք: Մարկոն առեւտրական չէր…»:

Հեղինակ Գոհար Հակոբյան

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed