Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի վերականգնման աշխատանքները. տնօրեն

Մատենադարանում ընթանում են մեծադիր ձեռագրերի, հատուկ նշանակության վավերագրերի վերականգնման աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:

«Մեծադիր ձեռագրերը մինչ այժմ չեն վերականգնվել: Դրանք կազմում են մեր ժառանգության խոշոր մասը: Վերականգնված չեն, քանի որ ոչ միայն ծախսատար են, այլ նաև հսկայական ջանքեր են պահանջում»,– ասաց նա:

«Մեծադիր ձեռագրերը նաև թվայնացման ենթակա չեն մեծ չափսերի պատճառով: Մենք ձեռք ենք բերել ժամանակակից ամենաբարձր մակարդակի սարքավորումներ, ամենաբարձր որակի ճապոնական վերականգնման նյութեր, Գիտության կոմիտեից ստացել ենք դրամաշնորհ»,-ասաց Հրաչյա Թամրազյանը:

Մատենադարանի տնօրենը նաև նշեց, որ հատուկ ուշադրություն են դարձնում նաև քայքայված ձեռագրերին՝ ասելով, որ փշրանքներից վերականգնում են ձեռագրեր՝ այդպիսով Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերին շնորհելով երկրորդ կյանք:

Հրաչյա Թամրազյանի հաղորդմամբ՝ երեք հազար ձեռագիր հրատապ վերանորոգման կարիք ունի:  «Մատենադարանն անընդհատ հարստանում է և նոր ձեռք բերած ձեռագրերը, նաև ֆոնդերում առկա աշխատանքներն անպայման անցնում են վերանորոգման բաժնով՝ ախտահանվում, մշակվում հատուկ նյութերով: Այսօր Մատենադարանում են պահվում ավելի քան 23.000 ձեռագրեր, հմայիլներ, պատառիկներ»,-ասաց Հրաչյա Թամրազյանը:

Տարածել`
Share

You may also like...