Մայր աթոռի պատվավոր՝ «Եղիցի լույս» մրցանակը շնորհվել Քշիշտոֆ Զանուսսիին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հուլիսի 18-ին տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայոց Եկեղեցու հաստատած պատվավոր մրցանակն այս տարի շնորհվել է աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին:

Արարողության սկզբում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին համայն հայության հոգևոր կենտրոնում ողջունել է Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը` ուրախությամբ անդրադառնալով կինոփառատոնի արձանագրած հաջողություններին, տարեցտարի մասնակիցների թվի ավելացմանն ու աշխարհագրական տարածքի ընդլայնմանը:

 

Սրբազան Հայրն ընդգծել է այն կարևոր առաքելությունը, որ կինոն ունի մարդու հոգևոր կյանքի զարգացման գործում, որի առաջամարտիկներից և քարոզիչներից է նաև կինոարվեստի նվիրյալ տիար Քշիշտոֆ Զանուսսին:

Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես է եկել կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, ով շնորհակալություն է հայտնել Հայոց Եկեղեցուն և Վեհափառ Հայրապետին մրցանակաբաշխության համար` շեշտելով Սբ Էջմիածնի մեծ դերակատարությունը մշակույթի և արվեստի տարածման գործում:

Մեծարյալի կյանքին և գործունեությանն անդրադարձել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր տիար Դավիթ Մուրադյանը` շեշտելով, որ Քշիշտոֆ Զանուսսին ժամանակակից կինոյի փիլիսոփաներից է. մի մարդ, ով հավատում է հավիտենական արժեքներին և իր արվեստի միջոցով քարոզում դրանք:

Նա կարևորել է նաև այն ջերմ և բարեկամական կապերը, որոնք լեհ կինոռեժիսորն ունի Հայաստանի և հայ մշակույթի հետ` մասնավորապես խոսելով մեծարյալի և 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի մտերմիկ հարաբերությունների և վերջինիս արվեստի տարածման գործում նրա անգնահատելի ավանդի մասին:

Ապա Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցել է հայրապետական վկայագիրը, որից հետո ներկաների բուռն ծափողջյունների ներքո Ամենայն Հայոց Հայրապետը «Եղիցի լույս» մրցանակը շնորհել է կինոռեժիսոր տիար Քշիշտոֆ Զանուսսիին` մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում նշանակալի ավանդի համար:

Մրցանակաբաշխությունից հետո իր սրտի խոսքը ներկաներին փոխանցել է անվանի կինոռեժիսորը` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը գնահատանքի և մշակույթի, կինոյի և հավատի միջև կամուրջներ ստեղծելու համար:

Անդրադառնալով քրիստոնեության համամարդկային նշանակությանը` նա նշել է, որ քրիստոնեությունը ներշնչանքի և սիրո աղբյուր է, այն ապագան է և ոչ թե անցյալը` միաժամանակ հույս հայտնելով, որ Քրիստոսի սիրո վարդապետությամբ լուսավորված մարդն այսուհետև նույնպես պիտի շարունակի բարիք արարելու իր կարևոր առաքելությունը:

Արարողության ավարտին իր հայրապետական օրհնությունը բերել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Գոհունակությամբ անդրադառնալով շնորհալի կինոռեժիսորի ստեղծագործական գործունեությանը` Վեհափառ Հայրապետն ասել է, որ «մարդուն շնորհված արարելու աստվածապարգև հատկությունը առավել չափով դրսևորվում է արվեստի ստեղծագործություններով, որոնցից է նաև զարգացման մեծ ճանապարհ անցած կինոարվեստը»:

«Կինոն` որպես արվեստի ստեղծագործություն, բարձր և կարևորագույն առաքելություն ունի իր ներազդող հզոր միջոցով սերմանելու բարին ու գեղեցիկը մարդկային սրտերից ներս, կերտելու մարդու հոգևոր-բարոյական բարձր նկարագիրը, արտահայտելու նրա ներաշխարհի դրսևորումները` առաջադրելով արդի մարտահրավերների հաղթահարման ուղիներ և նպաստելով մարդկության ընթացքին դեպի խաղաղ, բարեգործ աշխարհ»,– ասել է նա:

Վեհափառ հայրապետը նաև նշել է, որ բարձրորեն են գնահատում նրա վաստակաշատ գործունեությունը կինոյի ասպարեզում: «Վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերով, ռեժիսորական հիանալի աշխատանքով Դուք պատվավոր տեղ ունեք կինոասպարեզում: Խոհափիլիսոփայական ուշագրավ ստեղծագործություններով Դուք խոսում եք աշխարհի ու մարդկանց հետ, հորդորում աստվածապարգև կյանքը գնահատելու, երկրավոր այս ժամանակը զուր չվատնելու և աստվածահաճո գործերով արժևորելու: …Հայրապետիս համար գոհունակություն է նաև անդրադառնալ Հայաստանի և հայ կինոգործիչների հետ ունեցած Ձեր բարեկամական հարաբերություններին, որոնց հիմքը դրվել է դեռևս խորհրդային տարիներից: Այդ ժամանակաշրջանում Դուք նաև գովելի ջանքեր ներդրեցիք 20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի պահպանման և միջազգային հանրությանը ներկայացնելու գործում: Կինորարվեստում պատկառելի Ձեր վաստակը այսօր Դուք հավելում եք կրթական բեղուն գործունեությամբ` մասնագիտական Ձեր բարձր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու հմտությունները փոխանցելով տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի կինոաշխարհի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներին»,– ասել է նա:

Արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռի միաբաններ, բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանը, կինոյի, մշակույթի գործիչներ և հյուրեր:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Մայր աթոռի պատվավոր՝ «Եղիցի լույս» մրցանակը շնորհվել Քշիշտոֆ Զանուսսիին”

Leave a Reply

Your email address will not be published.