«Մայրիկ»-ը թարգմանվեց նաև իտալերեն. գրքի շնորհանդեսը տեղի կունենա Հռոմում

aravot.am-ը գրում է՝
ՀՀ ԱԳՆ տեղեկացնում է, որ օրեր առաջ՝ սեպտեմբերի 15-ին Հռոմում` Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի սրահում, կայացավ Անրի Վերնոյի «Մայրիկ» իտալերեն թարգմանությամբ գրքի շնորհանդեսը, որը կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ Տեսաձայնային կենտրոնական ինստիտուտի հետ համագործակցությամբ: Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն Մասսիմո Պիստակին՝ իր գոհունակությունը հայտնելով ինստիտուտի և դեսպանության միջև հաստատված արդյունավետ համագործակցության և հայ ժողովրդի պատմության ու մշակույթի վերաբերյալ համատեղ միջոցառումներ անցկացնելու կապակցությամբ: Իր խոսքում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը նշեց, որ գիրքը ոչ միայն մի ողջ ժողովրդի ողբերգության, այլև նրա վերածնունդի, մեծ ներուժի ու ձեռքբերումների պատմությունն է: Ցեղասպանությունից փրկված հայերն ու նրանց սերունդները կարողացան հաղթահարել դժվարություններն ու ինտեգրվել հաստատման երկրների հասարակություններում` դառնալով դրանց լիարժեք անդամը և իրենց նպաստը բերելով այդ երկրների զարգացմանը: Ելույթներ ունեցան նաև գրքի թարգմանիչ, լրագրող Լետիցիա Լեոնարդին և ռեժիսոր Սաթենիկ Գուջիուգյանը: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին կադրեր «Մայրիկ» ֆիլմից, ընթերցվեցին հատվածներ գրքից: Գրքի շնորհանդեսին ներկա էին իտալացի հասարակական ու մշակութային գործիչներ, հայ համայնքի և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
- Previous 7 տարիների ընթացքում մենք պահպանել ենք փառատոնի բոլոր ծրագրերը. Վրեժ Քասունի
- Next Վահան Տերյան. սիրո բանաստեղծ